Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկան դառնալու ՌԴ խաղաղապահ զորախմբի գործելակերպը. վարչապետ

«Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, և իրադրության զարգացումները հրատապ պատասխանի սպասող հարցեր են բարձրացնում ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված»,- այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության համոզված կողմնակիցն է և այդ ներկայության ջատագովը: Բայց մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկան դառնալու ՌԴ խաղաղապահ զորախմբի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը»,- ընդգծեց վարչապետը:

Բոլոր դեպքերում վարչապետը կարծում է, որ այս հարցերի պարզաբանման շուրջ պետք է սերտորեն աշխատել ՌԴ և մյուս միջազգային գործընկերների հետ՝ իրադրության հետագա սրում թույլ չտալու և համապարփակ կարգավորումների հասնելու համար:

ՀՀ վարչապետը վերահաստատեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու, սահմանների դելիմիտացիան ավարտին հասցնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու Հայաստանի պատրաստակամությունն ու հաստատակամությունը: