Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բարեփոխվում է հուշարձանների պահպանությունը կանոնակարգող օրենքը

Բարեփոխվում է հուշարձանների պահպանությունը կանոնակարգող օրենքը
Հայաստան
16:39, 21 февраль 2023
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 21-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Նախաձեռնության ընդունման արդյունքում ակնկալվում է ամբողջությամբ կանոնակարգել բնագավառի իրավական դաշտը, նպաստել պատմության եւ մշակույթի հուշարձանների բնագավառում իրականացվող մշակութային գործունեության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` էապես նպաստելով համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությանը, ինչպես նաեւ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության ոլորտում միասնական պետական քաղաքականության մշակմանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո առաջարկ էր ներկայացրել հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանը, որն ընդունվել է:

Փոխնախարարը նաեւ հայտնել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ԿԳՄՍ նախարարությունը հանդիպում է կազմակերպել ԱԺ պատգամավորների եւ ոլորտի մասնագետների հետ, քննարկվել են հետաքրքրություն ներկայացնող հարցերը:  Փոխնախարարը նաեւ հայտնել է, որ հուշարձանների պահպանության ոլորտի հետ կապված մշակվում է փոփոխությունների նոր փաթեթ` ուղղված օրենքի բարեփոխմանը: «Մշակվող նախագիծը խորհրդարանին կներկայացվի հավանաբար մինչեւ տարեվերջ»,- ասել է փոխնախարարը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն առաջարկել է հետաձգել փաթեթի քննարկումը եւ այն կրկին լրամշակել, ինչը հեղինակը չի ընդունել:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հեղինակի առաջարկով մինչեւ երկու ամսով հետաձգվել է:

parliament.am