Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը ևս իր քայլերով հիմնավորում է, որ ԼՂ-ում իրոք հումանիտար ճգնաժամ է. վարչապետը՝ միջազգային փաստահավաք խումբ ԼՂ ուղարկելու մասին

«Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կայացման մեխանիզմներ գոյություն ունեն ՄԱԿ-ի, ինչպես նաև ՄԱԿ ԱԽ-ի շրջանակներում, և մենք շարունակելու ենք մեր աշխատանքները այդ մեխանիզմներն աշխատեցնելու ուղղությամբ. դրանք արագ գործընթացներ չեն»,- այսօր՝ մարտի 14-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից Հաագայի դատարանի որոշման կատարմանն առնչվող Civic.am-ի հարցին:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի Հայաստան կատարած այցին, Փաշինյանն ասաց. «Նա Հայաստանում չէ որպես ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, այլ Հայաստանում է որպես «Ռասմուսեն Գլոբալ» հիմնադրամի հիմնադիր և նախագահ»: 
Հարցին՝ Հայաստանից ՀԱՊԿ-ի դուրս գալուց հետո մեր տեսադաշտում կա՞ն երկրներ, որոնց հետ պլանավորվում է ռազմաքաղաքական խորը համագործակցություն, վարչապետը պատասխանեց. «Մեր տեսադաշտում ոչ թե երկրներն են, այլ մեր անվտանգության կարիքներն են: Եվ մենք մեր անվտանգության կարիքները պետք է փորձենք ապահովել բոլոր հնարավոր, այդ թվում՝ դիվանագիտական միջոցներով և եղանակներով»:

Անդրադառնալով միջազգային փաստահավաք առաքելությանը՝ վարչապետը ընդգծեց, որ պետք է ավելի հիմնավորել ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի, էթնիկ զտումների վտանգի, ցեղասպանության վտանգի փաստերը, ինչը հնարավորություն կստեղծի միջազգային փաստահավաք խումբ ուղարկել ԼՂ՝ առանց Ադրբեջանի համաձայնության. «Ադրբեջանը նույնպես կարծես թե բոլոր քայլերը ձեռնարկում է, որպեսզի միջազգայնորեն տեսանելի դառնա և հիմնավորվի, որ իրոք ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ է»։