Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչպես օտարվեցին և ում բաժին հասան Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքները Քոչարյանի և Սարգսյանի կառավարման տարիներին

Ինչպես օտարվեցին և ում բաժին հասան Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքները Քոչարյանի և Սարգսյանի կառավարման տարիներին
Հայաստան
15:17, 18 май 2021
Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Դրանց մասնակցելու հայտ են ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՅԴ-ի և նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների հետ ձևավորած «Հայաստան» դաշինքով և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը՝ «Հայրենիք» կուսակցության հետ՝ «Պատիվ ունեմ» դաշինքով։

Ռոբերտ Քոչարյանը անընդհատ հպարտանում է իր կառավարման տարիների ընթացքում արձանագրված երկնիշ տնտեսական աճով։ 

Նախորդիվ Ձեզ ներկայացրել էինք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման 20 տարիների ընթացքում մասնավորեցված՝ Հայաստանի ռազմավարական կարևորագույն նշանակության մի շարք օբյեկտների մասին մեր հոդվածը։ 

Այժմ ներկայացնում ենք, թե ինչպես նախորդ երկու նախագահների օրոք մասնավորեցվեցին Հայաստանի Հանրապետության այլ կարևոր ռազմավարական նշանակության օբյեկտներ, ինչպիսիք են «Հայաստանի էլեկտրական ցանցերը», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն և Հայաստանի Ատոմային էլեկտրակայանը։

ՀԷՑ-ը բաղկացած էր չորս իրավաբանական անձանցից՝ «Երևանի էլեկտրացանց» ՓԲԸ, «Հյուսիսային էլեկտրացանց» ՓԲԸ, «Հարավային էլեկտրացանց» ՓԲԸ և «Կենտրոնական էլեկտրացանց» ՓԲԸ, որոնց սեփականաշնորհումը նախատեսվում էր «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքով: Չնայած հավաքագրումների բարձր մակարդակին՝ ՀԷՑ-ն աշխատում էր մեծ վնասով։

1998-2000թթ. Ռոբերտ Քոչարյանի նախագահության առաջին իսկ տարում, ՀՀ պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկվել էր նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը: ՀՀ կառավարության 10.06.1999թ. թիվ 407 որոշմամբ նախատեսվեց «ՀԷՑ» ՓԲԸ մասնավորեցնել միջազգային մրցույթով: Արդյունքում հաղթող ճանաչվեց "Midland Resources Holding LTD" ընկերությունը:

2002թ. օգոստոսի 26-ին "Midland Resources" ընկերության և ՀՀ Կառավարության միջև կնքվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության բաժնետոմսերի գնման պայմանագիրը:

Ազգայնական և ռուսամետ կուսակցությունները դեմ էին արտահայտվում սեփականաշնորհմանը և հայտարարում, որ տնտեսության ռազմավարական ոլորտն օտարերկրյա վերահսկողության տակ դնելը սպառնում է ազգային անվտանգությանը:

Ռուս գործընկերներն, իրենց հերթին, ճնշում էին գործադրում ՀՀ կառավարության վրա: 2000թ.-ի փետրվարին, հղում կատարելով «Ազգ» օրաթերթին «Ազատություն» ռադիոկայանը տեղեկատվություն հրապարակեց, որ ռուսական էներգետիկ հսկան՝ Գազպրոմը, իր կողմից ստեղծված «Իտերա» կորպորացիայի համար նախապատվություն ստանալու նպատակով, Մոսկվայի աջակցությամբ ներգործում է ՀՀ կառավարության վրա: ԱՄՆ-ում գրանցված «Իտերա»-ն երբեք ներգրավված չէր եղել էլեկտրաէներգիայի բաշխման գործառույթում և չուներ նման փորձ: Ռուսական լրատվամիջոցները Գազպրոմին մեղադրում էին իր հսկայական եկամուտները օֆշորային հաշիվներ ուղարկելու գործում «Իտերա»-ն օգտագործելու մեջ: Համաշխարհային բանկը ՀՀ իշխանություններին հորդորում էր ապահովել ՀԷՑ-ի մասնավորեցման գործընթացի թափանցիկությունը և զերծ մնալ ռուսական ընկերությունների հետ գաղտնի համաձայնություններ ձեռք բերելուց: Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ջուդի Օ’Քոնորը 2000թ.-ի փետրվարի 8-ին գրություն էր ուղարկել ՀՀ վարչապետ Արամ Սարգսյանին՝ կոչ անելով հավատարիմ մնալ մրցույթի ընթացքում արդար մրցակցության կանոններին: Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի խոսնակի համաձայն՝ գրությունը աջակցության նշան էր, այլ ոչ՝ մտահոգության վկայություն:

ՀՀ կառավարությունը 2002թ. օգոստոսի 26-ին, 37 մլն ԱՄՆ դոլարով ՀԷՑ-ը վաճառեց բրիտանական Միդլենդ ռեսորսիզ հոլդինգին: Միդլենդը մրցույթի միակ մասնակիցն էր, զբաղվում էր մետաղների առևտրով, ուներ տարեկան 132 մլն ԱՄՆ դոլարի շրջանառություն և չուներ էներգետիկայի կառավարման բնագավառում որևէ փորձ: Մասնավորեցման այս գործարքը որևէ էական դիմադրության չհանդիպեց: 

2003թ.-ի մարտին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց, որով արձանագրեց, որ ՀԷՑ-ի մասնավորեցման օրվա դրությամբ ՀՀ կառավարության կողմից երաշխավորված 27,985,000 ԱՄՆ դոլարը գերազանցվել է 8.6 մլրդ դրամի, կամ մոտավորապես 14,85 մլն ԱՄՆ դոլարի չափով: ՀՀ կառավարությունը Միդլենդին հետ վերադարձրեց գումարի մի մասը և արտոնություններ տրամադրեց հարկերի և սոցիալական վճարների գծով:

Հնչում էին տեսակետներ, որ Միդլենդի գործարքի հետևում կանգնած է Ազգային ժողովի պատգամավոր Հարություն Փամբուկյանը,և որ այդ գործարքը կատարվել է Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ և հովանավորությամբ: Ինչպես պարզվեց հետագայում՝ ՀԷՑ-ի մասնավորեցման գործարքի դեպքում օգտագործվել էր ձևական «արևմտյան» միջնորդ ընկերություն՝ ժամանակավորապես շեղելով Հայաստանի արևմտյան գործընկերների՝ Համաշխարհային բանկի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը (USAID, այսուհետ՝ ԱՄՆ ՄԶԳ) ուշադրությունը, հնարավորություն տալով ընդամենը մի քանի տարի անց ՀԷՑ-ը վաճառել այն իրականում ձեռք բերող ընկերությանը: Այսպես, Միդլենդի կողմից ՀԷՑ-ը ձեռք բերելուց երեք տարի դեռ չէր անցել, երբ 2005թ.-ի հուլիսին Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը հայտարարեց, որ «ՌԱՕ ԵԷՍ»-ի բաժնետերերի ընդհանուր ժողովում հրապարակված ֆինանսական հաշվետվության վերջին պարբերության համաձայն այն 73 մլն ԱՄՆ դոլարով ձեռք է բերել ՀԷՑ-ը: Միդլենդը կտրականապես հերքում էր ընկերության բաժնետոմսերի վաճառքի փաստը՝ պնդելով, թե ընդամենը «Ինտերէներգո» ընկերությանն է փոխանցել ՀԷՑ-ի կառավարման իրավունքը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան՝ «ՌԱՕ ԵԷՍ»-ի մամուլի ծառայության ներկայացուցիչ Տատյանա Միլյաևան ասաց, որ Միդլենդը «այնքան էլ իրավացի չէ»: Միլյաևան նաև հայտարարեց, որ բաժնետերերի ընդհանուր ժողովում հրապարակված ֆինանսական հաշվետվությունը արդեն հանել են «ՌԱՕ ԵԷՍ»-ի ինտերնետային էջից:

Միդլենդը ևս հերքեց վաճառքի մասին լուրը և հայտարարեց, որ ՀԷՑ-ի կառավարումը 99 տարով հանձնել է «ՌԱՕ ԵԷՍ»-ին:

Համաշխարհային բանկը բացատրություններ պահանջեց ՀՀ կառավարությունից: Հարկ է նշել, որ վաճառքի վերաբերյալ հայտարարությունը արտառոց էր, քանի որ ՀՀ օրենսդրության և ՀԷՑ-ի վաճառքի պայմանների համաձայն Միլդենդը չէր կարող այն վաճառել առանց ՀՀ իշխանությունների համաձայնության:

2015թ.-ի հունիսին էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու ՀԾԿՀ որոշումը լայնածավալ դժգոհությունների և բողոքի ցույցերի պատճառ դարձավ: Իրավիճակի հանգուցալուծում դարձավ ՀԷՑ-ի վաճառքը «Տաշիր»-ին։

2002 թվականի օգոստոսին ստորագրվեց «Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ» օֆշորային ընկերությանը Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի վաճառքի պայմանագիրը: Հայկական կողմից այն ստորագրեցին կառավարության չորս անդամներ՝ արդարադատության, Էներգետիկայի, պետական գույքի կառավարման եւ ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարները։ Գնորդի անունից էլեկտրացանցերի բաժնետոմսերի 80,1 տոկոսի գնման պայմանագիրը ստորագրեց «Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ» ընկերության մոսկովյան ներկայացուցչության տնօրեն Ա․ Զավրաժնովը։

Պայմանագրի ստորագրմանը նախորդել էր կառավարության արտահերթ նիստը, որտեղ գործադիրը «Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ» ընկերությանը ցանցերի մասնավորեցման մրցույթի հաղթող էր ճանաչել։

Ըստ Վարդան Խաչատրյանի «Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ» ընկերությունը ցանցերի բաժնետոմսերի վերավհսկիչ ծրարի դիմաց սեփականաշնորհման հատուկ հաշվին վճարելու էր 12 միլիոն 15 հազար դոլար, ևս 25 միլիոն դոլար վճարելու էր բաշխիչ ցանցերի ունեցած պարտքերի դիմաց: Գործարքի ընդհանուր գինը շուրջ 37 միլիոն դոլար էր։

Ինչ վերաբերվում է ներդրումներին, ապա 7-8 տարվա ընթացքում գնորդից ակնկալվում է շուրջ 100 միլիոն դոլարի ներդրում՝ ցանցերի արդիականացման նպատակով: Տարեկան 16 տոկոս շահույթի երաշխիքը, ըստ Վարդան Խաչատրյանի, գնորդին նման ներդրումների հնարավորություն ընձեռում էր։ Այս տեսանկյունից էլ վաճառքի ցածր գինը, ըստ նրա, գերադասելի էր:

Ցանցերի մասնավորեցմամբ են Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը պայմանավորել կառուցվածքային բարեփոխումների ՍԱՔ-4 վարկի հետաձգված 20 մլն դոլարանոց 3-րդ մասաբաժնի հատկացումը։ Միջազգային այդ դոնորները, սակայն, ամենեւին չեն կիսում կառավարությունում տիրող էյֆորիան՝ կապված ցանցերի վաճառքի հետ։

2005թ.-ին ԲԷՑ-ը ֆինանսավորել էր Իրան-Հայաստան գազատարի շինարարությունը և դրա համար կատարված ծախսերը՝ 6 մլրդ 100 միլիոն դրամ ներառել է ՀԾԿՀ-ի հաստատմանը ներկայացվող՝ իր կողմից մատուցվող ծառայությունների սակագնում: 2015թ.-ին պարզվեց, որ ԲԷՑ-ը գազատարի 40 կիլոմետրանոց հատվածը դեռևս 2007թ.-ին 40 մլն ԱՄՆ դոլարով վաճառել է «Հայռուսգազարդ»-ին և նույնիսկ ստացել է 30 մլն ԱՄՆ դոլար կանխավճար: Իրան-Հայաստան գազատարը «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը վաճառելուց հետո, ԲԷՑ-ը վերականգնել է գազատարի կառուցման համար կատարված ծախսերը և հետևաբար կարող էր դրանց համար նախատեսված չափաբաժինը հանել սակագնի հաշվարկից: 2017թ.-ին ՀՀ կառավարությունը, գործունեության արդյունավետության բարելավման և ծախսերի օպտիմալացման նպատակով, ԲԷՑ-ի կառավարումը հանձնել է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ին և 2018թ. ապրիլին հաստատել է ԲԷՑ-ի հավատարմագրային կառավարման ծրագիրը: Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո ՀՀ էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը դադարեցնում է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի հետ 25 տարվա հավատարմագրային կառավարման պայմանագիրը, քանի որ համաձայնագրի որոշ դրույթներ բարենպաստ չեն Հայաստանի համար: Սակայն «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն հերքեց և հայտարարեց, որ ոչ թե ՀՀ կառավարությունը, այլ «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն ինքն է հրաժարվել ԲԷՑ-ի կառավարումը ստանձնելուց, քանի որ ԲԷՑ-ը դիտարկում էր ոչ թե որպես շահույթի աղբյուր, այլ սակագնի վրա ազդելու միջոց: 2018թ.-ի հունիսին ՀՀ կառավարությունը ուժը կորցրած ճանաչեց ԲԷՑ-ը հավատարմագրային կառավարման հանձնելու և հավատարմագրային կառավարման ծրագիրը հաստատելու մասին իր որոշումները:

1993 թվականին ՀՀ Կառավարությունը որոշում կայացրեց վերագործարկել 1989-ին՝ անվտանգության նկատառումներով փակված Հայաստանի ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) և և 1995թ.-ի նոյեմբերին երկրորդ ռեակտորը վերսկսեց իր աշխատանքը։

ՀԱԷԿ-ը մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց զգալի պարտքեր էր կուտակել։

2003թ.-ին ռուսական Ինտեր «ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ն հինգ տարով ստանձնեց ՀԱԷԿ-ի հավատարմագրային կառավարումը, ինչը հետագայում երկարաձգեց մինչև 2013թ։

2014թ.-ին ՀՀ կառավարությունը որոշեց և Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ ՀԱԷԿ-ի երկրորդ ռեակտորի գործունեության ժամկետը երկարացնելու համար համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրեց: 2018թ.-ին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀԱԷԿ-ի գործունեության երկարաձգման համար անհրաժեշտ ներդրումների և գործողությունների ծրագրերը:

Այսպիսով Ռոբերտ Քոչարյանի նախագահության առաջին իսկ տարուց սկսվեցին Հայաստանի ռազմավարական նշանակության օբյեկտների հանձնումը մասնավոր ընկերություններին, որոնք հիմնականում ռուսական էին կամ գրանցված էին օֆշորային շուկաներում։

Հաշվի առնելով, որ պետության ինքնիշխանության կարևորագույն հենարանը տնտեսությունն է, էներգետիկ անկախությունը և ռազմավարական նշանակության օբյեկտների անկախությունը այլ երկրներից, պետք է արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանի ինքնիշխանությունը, ըստ էության, հանձնվեց։ Հայաստանը Ռուսաստանից կամ ռուսական ընկերություններից է կախված էներգետիկ, տրանսպորտային, կապի և անվտանգային ոլորտներում։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխելու միջնորդության բավարարման համար պահանջված 2 մլրդ դրամի մեծ մասը տվել է ՀԷՑ սեփականատեր դարձած Սամվել Կարապետյանը։

Վովա Հակոբյան