Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զբոսաշրջային ամենալավ տարվա համեմատ այս տարի ունենք 30 տոկոս աճ․ դա շատ լավ ցուցանիշ է․ առաջին 5 ամիսներին ՀՀ է ժամանել 806 000 զբոսաշրջիկ, մեծ մասը՝ ՌԴ-ից

Այս տարվա առաջին հինգ ամիսների տվյալներով՝ Հայաստան է ժամանել  806 հազար զբոսաշրջիկ։ Էկոնոմիկայի նախարարության
զբոսաշրջության կոմիտեի նախագահի խոսքով՝ 2019 թվականի հետ համեմատ ունենք զբոսաշրջիկների 30 տոկոս աճ։

«Դա շատ լավ  ցուցանիշ է, որովհետև 2019 թվականը եղել է մեր ամենալավ տարին, և մենք հույս ունենք, որ այդ հոսքերը նույն ձևով կշարունակվեն։ Ինչպես գիտեք մեր առաջին երեք երկրները միշտ եղել են և դեռ կան Ռուսաստանը, Վրաստանը և Իրանը։ 52 տոկոս զբոսաշրջիկներ եկել են ՌԴ-ից, դա բավականին մեծ աճ է, երբ համեմատում ենք նախորդ տարիների հետ։ Սովորաբար եղել է 30-35 տոկոս։ Ապա Վրաստանից՝ մոտավորապես 12 տոկոս, և Իրանից  6 տոկոս։ Միշտ արձանագրում ենք՝ ամռան ընթացքում ԱՄՆ-ից շատ են գալիս, Դուբայից բավականին մեծ շարժ ենք տեսնում, և այդ ուղղությամբ բավականին մարքեթինգային աշխատանք ենք տարել Դուբայում։ Սկսել ենք անցյալ տարի և արդեն արդյունքը տեսնում ենք։ Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա Գերմանիայից և ֆրանսիայից այս մի քանի տարիների ընթացքում մեծ աճ ենք տեսնում»,-ասաց  զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։  

Հարցին, թե Հայաստան ժամանած զբոսաշրջիկներն ինչ խնդիրների առաջ են կանգնում, Սիսիան Պօղոսեանն ասաց, որ խնդիրներ միշտ կան, բայց իրենք փորձում են մասնավոր ոլորտի հետ աշխատել, խնդիրները հասկանալ և լուծում գտնել։ 

«Այս պահին ինֆրաստրուկտուրան Հայաստանում խնդիր է, խնդիր եղել է և դեռ կա և դրա հետ կապված մենք բավականին աշխատանք ենք տանում հենց Համաշխարհային բանկի ծրագրերի շրջանակներում։ Մոտավորապես 40 և ավելի ծրագիր ենք իրականացնում այս պահին, մինչև 2024 թվականի վերջը։ Հուսով ենք, որ ավելի մեծ արդյունք կտեսնենք նաև դրա հետ կապված։ Մենք նաև սեզոնային խնդիր ունենք․ ձմռանն ավելի քիչ զբոսաշրջիկ է գալիս Հայաստան, ամռանը՝ ավելի շատ։ Եվ մենք աշխատում ենք, որպեսզի կոտրենք այդ սեզոնային խնդիրը։ Օրինակ՝ հենց Դուբայում շատ են սիրում ձյուն, և դրա համար մենք նաև Դուբայի շուկայում բավականին մեծ աշխատանք ենք տանում։ Այս տարի առաջին անգամ տասը նոր տուրուզմի պրոդուկտի ենք աջակցում, որպեսզի հետաքրքիր տուր-պրոդուկտներ ստեղծվեն Հայաստանում»,- ասաց Պօղոսեանը։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահը նաև տեղեկացրեց, որ իրենք այս տարվանից աշխատում են «Էյր Բալթիք», «Ֆլայ Առնա» և «Վիզ էյր» ավիաընկերությունների հետ, որպեսզի նրանք իրենց հաճախորդներին որպես զբոսաշրջային ուղղություն գովազդեն Հայաստանը։ 


Սիսիան Պօղոսեանի խոսքով՝ զբոսաշրջության կոմիտեն աջակցում է զբոսաշրջային փառատոներին և եթե նախկինում դրանց թիվն ընդամենը 5-6 էր, ապա այս տարի արդեն 16 է։

Ի հավելումն Սիսիան Պօղոսեանն ասաց, որ զբոսաշրջության զարգացող ճյուղերից է նաև գյուղական զբոսաշրջությունը ու ընդգծեց, որ հենց գյուղերում ոլորտի զարգացման տենդենց են տեսնում։

Մենք նաև զրուցել ենք մեր քաղաքացիների հետ և փորձել պարզել, թե որտեղ և ինչպես են պատրաստվում անցկացնել իրենց ամառային հանգիստը։ Նրանց մի մասը նախընտրում է հանգիստ անցկացնել Հայաստանում, շատ փոքր մասը Հայաստանից դուրս, իսկ մի մասն էլ նախընտրում է մնալ Երևանում՝ տարբեր պատճառներով։

Բացի այդ, այս պահին կառավարության հետ քննարկում են  Զբոսաշրջության մասին նոր օրենքի նախագիծը և հույս ունեն, որ մինչև տարեվերջ օրենքը կընդունվի։ Գործող օրենքն ընդունվել է 20 տարի առաջ։
 
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
Լիլիթ Թադևոսյան