Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԻՊ-ն ու ՍԴ-ն արգելակո՞ւմ են բուհերի նոր խորհուրդների ձևավորումը․ ԿԳՄՍ-ն կսպասի ՍԴ վերջնական որոշմանը

ՄԻՊ-ն ու ՍԴ-ն արգելակո՞ւմ են բուհերի նոր խորհուրդների ձևավորումը․ ԿԳՄՍ-ն կսպասի ՍԴ վերջնական որոշմանը
Հայաստան
11:40, 25 июнь 2021
Կառավարության մայիսի 3-ի նիստում ընդունվել է որոշում, որով փոփոխություններ են կատարվել 3 պետական բուհերի կանոնադրություններում եւ խոհուրդների քանակը նվազեցվել է՝ 32 կամ 24-ի փոխարեն 20 անդամ է նախատեսվում և փոխվել է ձևավորման սկզբունքը։

Այդ որոշմամբ՝ խորհուրդների կազմում Կառավարության կողմից կապահովվի 11 անդամ (55%), ԿԳՄՍ նախարարության կողմից՝ 2 անդամ (10%), հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից՝ 2 անդամ (10%), ուսանողական համակազմից՝ 5 անդամ (25%)։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը երեկ հայտարարություն էր տարածել, նշելով, որ իր դիմումով ՍԴ-ն կասեցրել է պետական բարձրագույն ուսումնական 3 հաստատությունների հոգաբարձուների խորհուրդների կազմի փոփոխություններին վերաբերող Կառավարության որոշման գործողությունը։ «Այս կարգավորումներով ստացվում է, որ նշված երեք բուհերում Հայաստանի Հանրապետության վարչապետի և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամները կազմելու են խորհրդի 65 տոկոսը: Ստացվում է, որ պրոֆեսորադասախոսական կազմից և ուսանողների կողմից ընտրված անդամների ձայները որոշումների կայացման գործընթացում որևէ դերակատարություն չեն ունենալու», - գրել էր Թաթոյանը

ՀՀ ԿԳՄՍ խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը Civic.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ՄԻՊ հայտարարությունը, ասաց, որ Սահմանադրական դատարանը այս պահին կասեցրել է Կառավարության որոշումը եւ միայն հուլիսի 27-ին կլինի վերջնական որոշում․ «Երբ Սահմանադրական դատարանը վերջնական որոշումը հրապարակի՝ այդ ժամանակ կմեկնաբանենք այն», - ասաց Մելիքբեկյանը։

Իսկ ԿԳՄՍ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը մեկնաբանելով ՄԻՊ այն հայտարարությունը, որ վիճարկվող դրույթներն ամրագրող նախագծերի հանրային քննարկման գործընթացը լիարժեք չի ապահովվել, ասաց․ «Հանրային քննարկման նախագիծը դրվել էր եւ հրատապությունից ելնելով հարցի՝ այս նախագծի շրջանառման իմաստը բուհերում ստեղծված կառավարման ճգնաժամը լուծելն էր բուհերում, որտեղ հոգաբարձուների խորհուրդները չէին աշխատում երկար ժամանակ եւ պետք էր նոր խորհուրդներ ձեւավորել»։

Գրիգորյանի խոսքով՝ նախագծի տրամաբանությունը նոր օրենքի դրույթներով նախատեսված բուհեր խորհուրդների 9-ը անդամներից 4-5 հարաբերակցությամբ հիմնադրի ներկայացուցիչների մեծամասնությամբ ձեւավորվող խորհուրդներ ունենալն էր, որպեսզի բուհերի բնականոն գործունեությունը ապահովվեր։ «Նամանավանդ ԵՊՀ-ում, որտեղ խորհուրդը չի գործում, ռեկտորն էլ ուներ արդեն դիմում գրած լիազորությունները դադարեցնելու, պետք էր ձեւավորել նոր խորհուրդ եւ մենք լուծումը տեսանք նոր համամասնությամբ խորհրդի մեջ, բայց ՍԴ-ն կասեցրել է եւ մենք, որպես պետական մարմին՝ պետք է սպասենք դատարանի վերջնական որոշմանը հոգաբարձուների խորհրդի ձեւավորման սկբունքի կիրառման համար»։