Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 72․290 մարդ․ «հնդկական շտամ»-ի հետ կապված ուսումնասիրություն չի կատարվել․ ԱՀ

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 72․290 մարդ․ «հնդկական շտամ»-ի հետ կապված ուսումնասիրություն չի կատարվել․ ԱՀ
Հայաստան
18:34, 25 июнь 2021
Հունիսի 24-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 72․290 մարդ: Այս մասին Civic.am-ին հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։
 
Հայաստանում նոր պատվաստանյութ դեռևս չի կիրառվում, շարունակում են օգտագործել 3՝ «ԱստրաԶենեկա», «Կորոնավակ» և «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութերը։
 
Հարցին, թե պատվաստումների արդյունքում վարակակիրների թվի նվազումը, այնուհետև, վերջին շրջանում կրկին դրանց աճն ինչի՞ հետ է կապված, ԱՆ-ից պատասխանեցին․ «Սպասվելիք ռեակցիա է, շփումները շատ են։ Ընտրություններ, հավաքներ, ամառ, քաղաքից դուրս հավաքույթներ և այլն։ Բնականաբար այսքանից հետո թվային առումով փոփոխություն կլիներ»։
 
Ան-ից պարզաբանեցին նաև, որ պատվաստանյութերը չեն բացառում հետագայում մարդկանց վարակումը։ Դրանք օգնում են 100 տոկոսով կանխել մահացությունները և ծանր դեպքերը։
 
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) արդեն հայտարարել է կորոնավիրուսի նոր «հնդկական շտամ»-ի մասին, նշելով, որ այն կրկնակի վարակիչ է՝ ի սկզբանե հայտնաբերված COVID-19-ի շտամից, և այժմ առկա է ավելի քան 85 երկրներում:
 
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն այս մասին նշեց, որ Հայաստանում «հնդկական շտամ» գուցե լինի, գուցե՝ ոչ, քանի որ շտամերի համար առանձին ուսումնասիրություն չի կատարվում։
 
«Հաշվի առնելով մարդկանց շարժն աշխարհում, տարբեր շտամեր են պտտվում։ Երբ միայն «բրիտանական շտամն» էր՝ բացի արդեն եղած տեսակից, ուսումնասիրեցինք, հասկացանք, որ առկա է։ Հիմա շտամերը շատ են, աշխարհում շարժն էլ է շատ, դրա համար բացառել չեմ կարող, հաստատել էլ չեմ կարող, քանի որ ուսումնասիրություն չունենք», - նշեց նա։
 
Հիշեցնենք, որ Հայաստանում «ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումներն իրականացվում են 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:
 
Հայաստանում երեկ կատարվել է 3724 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 102 նոր դեպք: Ունենք 111 առողջացած, մահվան դեպք չի գրանցվել:
 
Հունիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224635 դեպք, որոնցից 216423-ն` առողջացած, 4505-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2611 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1․167․466 թեստավորում:
 
Սյուզի Սիրականյան