Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվում և Երևանում բանակցություններից հետո Լուի Բոնոն կայցելի Բրյուսել և Փարիզ

Բաքվում և Երևանում բանակցություններից հետո Լուի Բոնոն կայցելի Բրյուսել և Փարիզ
Միջազգային
13:19, 11 октябрь 2023
Կովկասի բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուի Բոնոն ներկայումս գտնվում է տարածաշրջանում՝ քննարկելու ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղ գործընթացին, հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։ 

«Այս ուղևորությունների ընթացքում պարոն Բոնոն հանդիպումներ է ունենում առանցքային շահագրգիռ կողմերի հետ»,- ասել է նույն աղբյուրը։

Բոնոն Բաքվում էր երկուշաբթի, իսկ երեքշաբթի օրը՝ Երևանում, և «Միացյալ Նահանգներ վերադառնալու ճանապարհին նա կանգ կառնի Փարիզում և Բրյուսելում», - ընդգծել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ներկայացուցիչը՝ հավելելով, որ վերջին մեկ ամսվա ընթացքում սա Բոնոյի երկրորդ այցն է տարածաշրջան։

Այցը կայացել է այն ժամանակ, երբ երեքշաբթի օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Արևմուտքը «իր միջնորդական ծառայություններն է պարտադրում» Հայաստանին և Ադրբեջանին՝ աջակցելու իրենց աշխարհաքաղաքական հավակնություններին, այլ ոչ թե հանուն խաղաղության։ Մեկնաբանելով Լավրովի այս խոսքերը՝  Միլլերը հայտարարել է. «Դա բացարձակ սուտ է», և հավելել, որ իրենց միակ նպատակը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում կայուն խաղաղության և կայունության ապահովումն է: