Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը 30.000 եվրո կվճարի Արթուր Բադալյանին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում

Ադրբեջանը 30.000 եվրո կվճարի Արթուր Բադալյանին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում
Միջազգային
15:53, 31 август 2021
Արթուր Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ 2009-2011թթ Ադրբեջանը խոշտանգել և ապօրինաբար ազատությունից զրկել է Բադալյանին, որը մոլորվել էր և պատահաբար հայտնվել Ադրբեջանի տարածքում:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 22-ին ՄԻԵԴ-ը հրապարակել է գործով վճիռը՝ արձանագրելով Բադալյանի իրավունքների խախտումը: Միևնույն ժամանակ ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է վճարել Բադալյանին 30,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Հիշեցնենք, որ Արթուր Գրիշայի Բադալյանը ծնվել է 1978 թվականի դեկտեմբերի 21-ին Տավուշի մարզի Հաղարծին գյուղում: 2009 թվականի մայիսի 9-ին Արթուր Բադալյանն իր 4 ընկերների հետ մեկնել է Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղի մոտակա անտառ՝ ծառի սունկ հավաքելու և, մոլորվելով անտառում, գերի ընկել Ադրբեջանի Հանրապետությանը: Դիմումատուի գերի ընկնելու մասին Հայաստանի Հանրապետությունում անմիջապես չեն իմացել և Արթուր Բադալյանին համարել են անհայտ կորած: Մինչև 2010 թվականի նոյեմբեր ամիսը ադրբեջանական կողմը հերքել է Արթուր Բադալյանի՝ իրենց մոտ գտնվելու փաստը:

Միայն 2010 թվականի նոյեմբերի 8-ին Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողով տեղեկություն է ստացվել, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները 2010 թվականի նոյեմբերի 5-ին այցելել են Արթուր Բադալյանին Բաքվի ռազմական ոստիկանության մեկուսարաններից մեկում, ինչի մասին տեղեկացվել է Տավուշի քննչական բաժանմունքը: 2011 թվականի մարտի 17-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի օժանդակությամբ, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների փոխանակում: Փոխանակման արդյունքում հայկական կողմին է հանձնվել Արթուր Բադալյանը: Արթուր Բադալյանն Ադրբեջանի Հանրապետությունում 22 ամիս գերության ընթացքում Ադրբեջանի հատուկ ծառայությունների և զինվորականների կողմից ենթարկվել է դաժան ծեծի, որի ժամանակ նրան երեսով դեպի հատակը գետնին գցած վիճակում հիմնականում հարվածել են ոտքերին, որի արդյունքում նա երկար ժամանակ իր ոտքերը չի զգացել և չի կարողացել քայլել, նրա մատներին էլեկտրական հոսանք են միացրել և այդպես խոշտանգել, նրա խցի դուռը անընդհատ մետաղյա իրերով թակել են, ինչի արդյունքում նա մինչ այժմ ձայներ է լսում, նրան հիմնականում քաղցած են պահել, թույլ չեն տվել զուգարանից օգտվել, այդ պատճառով նա ստիպված խցում է զուգարան գնացել և այլն: