Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Euronews-ի անդրադարձը Արցախի շուրջ տիրող անվտանգային և գազամատակարարման հետ կապված հարցերին

Euronews-ի անդրադարձը Արցախի շուրջ տիրող անվտանգային և գազամատակարարման հետ կապված հարցերին
Միջազգային
16:58, 14 март 2022
«Արդեն երրորդ օրն է, ինչ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությունը մնում է առանց գազի, որը գալիս է Հայաստանից։ 44-օրյա պատերազմից հետո գազատարի վնասված հատվածը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ»,-այսպիսի նախադասություններով սկսվում է հեղինակավոր միջազգային Euronews լրատվականի անդրադարձը՝ ներկայացնող Արցախում տիրող վերջին լարված իրադարձությունները։ 

Շարունակելով վնասված գազատարի հավանական հետևանքների թեման` լրատվականը նշում է, որ «իրավիճակը գնում է դեպի հումանիտար աղետ (նույնիսկ բնական գազով աշխատող հացի փռերը կանգ են առել), սակայն ադրբեջանական կողմը թույլ չի տալիս վերանորոգման աշխատանքներ իրականացնել։ Վերջիններիս հետ բանակցում են ռուս խաղաղապահները»:

Euronews-ը, հղում անելով Արցախի իշխանություններին, նշում է, որ «այս ամենը տեղի է ունենում առավել հաճախակի՝ հատկապես ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր, խաղաղ բնակավայրերի գնդակոծման և սադրանքների ֆոնին», այնուհետև ավելացնում, որ ադրբեջանցի զինծառայողները բարձրախոսով ձայնագրություններ են հնչեցնում, որտեղ կոչ է արվում հայ բնակչությանը մահվան սպառնալիքի տակ անհապաղ հեռանալ գյուղերից։

Հիշեցնենք, որ գազատարի վթարը «Արցախգազ» ՓԲԸ-ն փոխանցմամբ տեղի էր ունեցել մարտի 8-ին ժամը 01.00-ի սահմաններում Շուշի-Զարիսլու հատվածում՝ ադրբեջանական մարտական ​​դիրքերի մոտ։ Նույն օրը Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը հայտնեց, որ Արցախի իշխանությունները ռուս խաղաղապահների աջակցությամբ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են վարում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու հնարավորության շուրջ: 

Չնայած Ռուսաստանի Պաշտպանութան նախարարության կայքի Լեռնային Ղարաբաղի խաղաղապահների գործունեությանը առնչվող ենթաբաժնում բանակցությունների ու գործունեության մասին որևէ նորություն չի տեղադրվել, այնուամենայնիվ իրավիճակի ավելորդ լարումը կանխելուն ուղղված ռուսական կողմի քայլերի մասին նաև նախօրեին խոսել էր Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան  Սերգեյ Կոպիրկինը՝ նշելով. «Կարծում եմ` կան բոլոր հնարավորությունները, որպեսզի այն գործընթացները, որոնք վարվում են կարգավորման համար, շարունակվեն: Ռուսաստանը ամեն կերպ դրան նպաստում է և շարունակելու է նպաստել: Իհարկե, մենք հետևում ենք այն բոլոր հաղորդագրություններին, որոնք գալիս են: Կան բոլոր նախադրյալները, որպեսի լուրջ էսկալացիա թույլ չտրվի, և իրագործվեն կարգավորման այն գործընթացները, որոնք սկսվել են»: 

Իսկ ահա Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մարտի 13-ին, բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի հետ միասին, Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում 2020 թվակաին պատերազմի պատճառով ժամանակավորապես տեղահանված քաղաքացիների հետ հադիպմանը անդրադարձ կատարելով անվտանգության ապահվմանը և գազամատակարարման վերականգնման խնդիրներին առնչվող մի շարք հարցերի` նշել էր, որ «Արցախի իշխանությունների կողմից կիրառվում են ազդեցության բոլոր հնարավոր լծակները, իսկ ՌԴ խաղաղապահ զորակազմի և ՀՀ գործընկերների աջակցությամբ բանակցություններ են վարվում՝ հույս հայտնելով, որ առաջիկա օրերին արդյունքները շոշափելի կլինեն, և իրավիճակը կկարգավորվի»:

Արցախի Հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը նաև ավելացնում է. «Խոսելով անվտանգային ընթացիկ իրավիճակի մասին՝ պետական նախարարն ընդգծել է, որ համապատասխան կառույցներն ու, հատկապես, Պաշտպանության բանակը տիրապետում են իրավիճակին, կատարում անհրաժեշտ նախազգուշական աշխատանքներ, որոնք երբեմն հրապարակայնացման ենթակա չեն»:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը իր թվիթերյան էջում անդրադառնալով այս հարցին ավելի վաղ գրել էր. «Գրեթե 24 ժամ է, ինչ դադարեցվել է գազամատակարարումը Հայաստանից Արցախ: Մինչ այժմ ադրբեջանական կողմը մասնագետներին թույլ չի տալիս մուտք գործել ենթադրյալ վթարի վայր։ Հաշվի առնելով եղանակային պայմանները, սա հանցավոր վարքագիծ է, որը սրում է տեղում հումանիտար իրավիճակը»։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով չորեքշաբթի Փարիզում հանդիպում էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ նշելու երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերություների հաստատման 30-ամյակը հայտարարել էր, որ. «Եվրոպա վերադարձած պատերազմը չպետք է մեզ ստիպի մոռանալ այլ պատերազմների և ապակայունացման այլ վայրերի մասին»։ 

«Արևելյան Եվրոպայում և Կովկասում խորը հավասարակշռությունը փոխելու վճռական ծրագրեր կան։ Մենք պետք է սա թույլ չտանք: Հետևաբար, մենք պատրաստվում ենք շարունակել աշխատել, ինչպես հենց նոր մանրամասնորեն քննարկել ենք, երկկողմանիորեն Եվրամիության հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում մեր համանախագահության շրջանակներում՝ հայ ռազմագերիների ազատ արձակման շուրջ, աջակցել սահմանների սահմանազատման, շրջանի ապաշրջափակման, նրա մշակութային ժառանգության պահպանման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման աշխատանքներին, քանի որ այդ հարցերը չեն լուծվել»,-իր խոսքում ընդգծել էր Ֆրանսիայի նախագահը: