Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռուսաստանը ավանդաբար, հնագույն ժամանակներից աջակցել է Հայաստանին իր ժողովրդի անվտանգության ապահովման գործում». Պուտինը՝ ՀԱՊԿ նիստում

«Ռուսաստանը ավանդաբար, հնագույն ժամանակներից աջակցել է Հայաստանին իր ժողովրդի անվտանգության ապահովման գործում». Պուտինը՝ ՀԱՊԿ նիստում
Միջազգային
15:44, 28 октябрь 2022
Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար և չի կարող մի կողմ կանգնել այս երկու պետությունների միջև հակասություններից, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

«Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական կարգավորմանը, ապա մենք այսօր անում ենք ամեն հնարավորը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների համալիր և համապարփակ կարգավորման հասնելու համար»,- ասել է Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ընթացքում։

«Մենք բոլորս բավականին բարդ վիճակում ենք: Բայց մենք, իհարկե, չենք կարող մի կողմ կանգնել Ռուսաստանի համար մերձավոր պետությունների խնդիրներից ու հակասություններից և մշտապես պատրաստ ենք նպաստել դրանց խաղաղ լուծմանը: Եվ ընդհանուր առմամբ անկասկած շահագրգռված ենք, որ Անդրկովկասը լինի հանգիստ և կայուն զարգացող տարածաշրջան»,- ընդգծել է նա։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանն ավանդաբար, հնագույն ժամանակներից աջակցել է Հայաստանին իր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում։ 

«Բոլորի համար ակնհայտ է՝ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը ոչ վաղ անցյալում, այնպես, ինչպես և Ռուսաստանը, մենք բոլորս մեկ պետության մեջ ենք եղել: Մենք հսկայական կապեր ունենք և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ, և դա ուղղակի անհնար է հաշվի չառնել»,- հավելել է ՌԴ նախագահը։ 

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորություն կտա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունների դրույթների հետևողական կատարումը, վստահ է Պուտինը։

«Անկասկած, խաղաղության միակ հնարավոր և իրատեսական ճանապարհը կարող է լինել այն ուղին, որն անցնում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտնի համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների՝ կողմերի անշեղ պահպանման միջով. այժմ չեմ թվարկի այդ ամենը»,- ասել է նա։ 

ՌԴ նախագահը նշել է, որ «այդ պայմանավորվածությունների հետևողական կատարման հաշվին՝ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հումանիտար խնդիրների լուծման ճանապարհով է հնարավոր հասնել Հայաստանի հարաբերությունների կայուն կարգավորմանը Ադրբեջանի հետ»: 

«Մենք Հայաստանի վարչապետի հետ այս մասին բազմիցս խոսել ենք, և ես այսպես եմ հասկանում, որ մեր գործընկերը լիովին համաձայն է սրա հետ: Հարցն այն է, թե ինչպես գտնել այդ լուծումները, այդ ամենը հեշտ չէ, բայց դրանք կարելի է գտնել միայն այս ճանապարհով։

Հետագայում դա թույլ կտա հասնել խաղաղության պայմանագրի կնքման»,- ասել է Պուտինը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 28-ին, տեսակապի ռեժիմով մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որին մասնակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: