Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն իր պաշտպանությունն է տարածում Հայաստանի վրա. 1in.am

ԱՄՆ-ն իր պաշտպանությունն է տարածում Հայաստանի վրա. 1in.am
Միջազգային
13:32, 28 апрель 2021
«Եթե հիշում եք, հրադադարի հասնելու մի քանի փորձեր եղել են, որոնք արդյունք չեն տվել, ընդ որում առաջին փորձը Ռուսաստանի կողմից էր։ Եվ այնուհետև անշուշտ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի փորձերն էին։ Կասկածից վեր է, որ Ռուսաստանը կարևոր դեր խաղաց պատերազմը կանգնեցնելու առումով, սակայն թեև պատերազմը կանգնեցվել է կոնկրետ գործողությամբ, մենք տեսնում ենք, որ առկա են շատ կարևոր հարցեր, որոնք պետք է լուծվեն․ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, տեղահանված մարդկանց խնդիրները»,-«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

Շարունակելով դեսպանը նշել է, որ կան հարցեր, որ դեռ մնում են օրակարգում ԱՄՆ-ի և Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների համար և իրենք մտադիր են այդ հարցերին հետամուտ լինել։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը  համաձայն է դեսպան Թրեյսիի դիտարկումների հետ՝ առ այն, որ հակամարտությունն ամբողջությամբ կարգավորված չէ.«Այն պարզապես ժամանակավորապես սառեցված է, իսկ վերջնական լուծումը դեռ շատ հեռու է, իսկ պատերազմը ամեն պահի կարող է պայթել։ Առաջիկայում Մինսկի խմբի համանախագահները հանդես կգան նոր հայտարարությամբ, ինչի մասին  նաև հաղորդագրություն եղավ՝ առ այն, որ պայմանավորվել են Մակրոնն ու Պուտինը։ Ակնհայտ է, որ  նոյեմբերի 9-ի համաձայնագիրն ընդամենը հրադադարի մասին համաձայնագիր է, բայց ոչ կոնֆլիկտի լուծման, իսկ կոնֆլիկտը դեռ շատ հեռու է լուծումից»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Զրուցակցի խոսքերով՝ ԱՄՆ-ն ջանքերը կուժեղացնի թե՛ այս տարածաշրջանի և թե՛ այս կոնֆլիկտի մասով. «ԱՄՆ նախկին նախագահ Թրամփը վարում էր իզոլացիոնիստական քաղաքականություն, այժմ Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է վերականգնի իր սասանված դիրքերն ամբողջ աշխարհում, իր կորցրած ազդեցությունը որոշ տարածաշրջաններում՝ այդ թվում նաև Հարավային Կովկասում։ Այս տեսանկյունից կարծում եմ, որ ԱՄՆ-ն այո՛, մոտ ժամանակներս ավելի կակտիվանա կովկասյան տարածաշրջանում։ Այդ թվում նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասով Միացյալ Նահանգների կողմից ավելի գործուն քայլեր կտեսնենք»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը նշանակում է, որ ԱՄՆ-ն ակտիվացնելու է իր քաղաքականությունը Հարավային Կովկասում. «Հայաստանում  կա սողունների մի հատված, որն անընդհատ նսեմացնում է դրա նշանակությունն ու ասում, որ դա ընդամենը հայտարարություն է, բայց ես շեշտում եմ՝ սա ԱՄՆ նախագահի հայտարարություն է։ Դեսպանի ասածն էլ քաղաքականության ճշգրտում էր։ Իսկապես  Մերձավոր արևելքում, Կովկասում վերադասավորումներ  կլինեն։
Պատերազմի ժամանակ ԱՄՆ-ին կողքի դրեցին, Բայդենն ասում է, որն ԱՄՆ-ն  վերադառնում է։ Հիմա տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները Հայաստան ու Թուրքիա վերադարձավ  Ցեղասպանության ճանաչումով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շիրինյանն ընդգծեց, որ հայ լրագրողների մի մասը մոռանում է նաև  ասել, որ Բայդենը Ստամբուլ քաղաքն էլ անվանել է  Կոստանդնուպոլիս. «Կարող ենք ասել, որ որոշակի առումով  Վուդրո Վիլսոնը  վերադառնում է։ Պետության դեսպանը գործադիր իշխանության խոսափողն է, տեսակետի փոխանցողը։ Չեք նշում նաև մյուս հայտարարությունը՝ այն, որ հայ  սպաները կարող են պատրաստվել ամերիկյան քոլեջներում։ Միացյալ Նահանգները որոշակի իմաստով իր պաշտպանությունն է  տարածում Հայաստանի վրա։ Ժամանակին ոռնում էին, որ մի փոքր Հայաստանում ԱՄՆ-ն ինչու է  այդպիսի մեծ դեսպանատուն կառուցում, հիմա աչքերն է մտնում։

Հայկական կողմը ինտելեկտի առումով բարձր  լուծումներ պետք է առաջարկի, խուժան լուծումները  մեր վրա թանկ կնստեն։ Երկրորդ՝ հենց ԱՄՆ-ի հայտարարությունն ուղակիորեն մուրճ է իջեցնում ռևանշիստների գանգին։ Թող հիմա էլ ցույցեր անեն , իշխանափոխություն գոռան, ասֆալտի վրա պառկեն»,-եզրափակեց նա։