Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջազգային կազմակերպությունները գնահատել են Ղազախստանում անցկացված ընտրությունները. առաջատար է «Ամանաթ» կուսակցությունը

Միջազգային կազմակերպությունները գնահատել են Ղազախստանում անցկացված ընտրությունները. առաջատար է «Ամանաթ» կուսակցությունը
Միջազգային
17:34, 20 март 2023
Ղազախստանի խորհրդարանական ընտրություններում առաջատար է նախագահամետ «Ամանաթ» կուսակցությունը։ Ըստ «էքզիթ փոլ»-երի արդյունքների՝ այն ստանում է ձայների մոտավորապես 53,5%-ը։ Այս մասին հաղորդում է Euronews-ին:

Մարտի 19-ի ընտրություններն անցկացվել են նոր համակարգով, որը ներմուծվել է անցյալ տարվա հունվարին տեղի ունեցած զանգվածային ցույցերից հետո։ Բացի այդ, քվեարկությունը նշանակված էր ժամանակից շուտ. խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային 2026 թ.-ին։

Այժմ պատգամավորներն ընտրվում են ոչ միայն կուսակցական ցուցակներով, այլ նաև միամանդատ ընտրատարածքներում, քվեաթերթիկում ավելացվել է «բոլորին դեմ» սյունակ, իսկ խորհրդարան անցնելու շեմը 7%-ից իջեցվել է 5%-ի։

Ըստ Euronews-ի՝ անկախ դիտորդները հայտնել են քվեարկության ընթացքում բազմաթիվ խախտումների մասին։

Սակայն միջազգային կազմակերպություններն ընտրությունները գնահատել են արդար և թափանցիկ:

Ըստ ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի դիտորդների՝ մարտի 19-ին Մաժիլիսի (Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի) և մասլիխաթների (տարածաշրջանային խորհրդարաններ) ընտրությունների նախապատրաստումն ու անցկացումը համապատասխանում է ինչպես Հանրապետության օրենսդրությանը, այնպես էլ միջազգային ընտրական չափանիշներին:

«Արձանագրելով ընտրություններին պատրաստվածության բարձր մասնագիտական ​​մակարդակը՝ խմբի անդամները դրանց կազմակերպման գործում չեն գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել քվեարկության ընթացքի և արդյունքների վրա», – մեջբերում է РБК պարբերականը ՀԱՊԿ-ի զեկույցից:

Շանհայի համագործակցության կազմակերպությունը նույնպես հայտարարել է, որ Ղազախստանում մարտի 19-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները ճանաչվել են թափանցիկ, հուսալի և ժողովրդավարական: Ըստ ՇՀԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Գրիգորի Լիտվինովի, որի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն, ՇՀԿ-ի առաքելությունը «ճանաչում է անցած ընտրությունները որպես թափանցիկ, հուսալի և ժողովրդավարական»։

Իսկ Թյուրքական պետությունների կազմակերպության միջազգային դիտորդների առաքելությունը Ղազախստանում անցկացված արտահերթ ընտրությունները բնութագրել է որպես բաց, մրցակցային և միջազգային չափանիշներին համապատասխանող: