Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ Կոնգրեսը բանաձև է պատրաստել՝ պահանջելով վերականգնել Ուկրաինայի 1991 թվականի սահմանները

ԱՄՆ Կոնգրեսը բանաձև է պատրաստել՝ պահանջելով վերականգնել Ուկրաինայի 1991 թվականի սահմանները
Միջազգային
11:16, 26 апрель 2023
ԱՄՆ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների կոնգրեսականները ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ բանաձև են ներկայացրել ՝ պահանջելով, որ Ուկրաինայում պատերազմն ավարտվի 1991 թվականի սահմաններին վերադարձով, հայտնում է Yahoo News-ը։

Փաստաթղթում ասվում է, որ «ԱՄՆ քաղաքականությունը կայանում է նրանում, որ Ուկրաինան պետք է հաղթի ներխուժումը և վերականգնի իր միջազգայնորեն ճանաչված սահմանները 1991 թվականի շրջանակներում», այսինքն՝ Ղրիմի և Ռուսաստանի Դաշնության կողմից բռնակցված այլ տարածքների հետ։ 

Բանաձևը նաև Ուկրաինային կոչ է անում անդամակցել ՆԱՏՕ-ին։ Բացի դրանից, փաստաթղթում ասվում է, որ Ռուսաստանը պետք է վճարի պատերազմական տուգանքներ (ռեպարացիաներ), իսկ Կրեմլի պաշտոնյաները պետք է կանգնեն դատարանի առաջ ռազմական հանցագործությունների համար։

Փաստաթուղթը պատրաստել են հանրապետական Ջո Ուիլսոնը և դեմոկրատ Սթիվ Քոենը, որոնք Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի անդամներ են։ Փաստաթուղթը Ներկայացուցիչների պալատում քվեարկության դնելուց առաջ այն կքննարկի պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն։ 

Հելսինկյան հանձնաժողովի հաղորդագրության մեջ ասվում է, որ ապրիլի 25-ին Կապիտոլիումի մոտ հավաքվել են Ուկրաինայի տասնյակ կողմնակիցներ, որոնք ողջունել են բանաձևի ներկայացումը Կոնգրես։ Կոնգրեսի շենքի մոտ եկածների թվում էր նաև Ուկրաինայի երրորդ նախագահ Վիկտոր Յուշչենկոն։

«Մենք չպետք է կրկնենք 1939 թվականի սեպտեմբերի 1-ի սխալը»,- Yahoo News-ին ասել է բանաձևի հեղինակներից մեկը՝ Ջո Ուիլսոնը, մատնանշելով Ադոլֆ Հիտլերի ներխուժումը Լեհաստան։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ողջունել է բանաձևի ներկայացումը։ Yahoo News-ի հետ զրույցում նա փաստաթուղթն անվանել է «փայլուն»: ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան Ֆեյսբուքում երախտագիտություն է հայտնել կոնգրեսականներին «Ուկրաինային օգնության համախմբման գործում նրանց առաջնորդության և մեր ընդհանուր հաղթանակի երկկուսակցական տեսլականի համար»: