Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ն չի հաշտվում, որ հայ ժողովուրդն ի զորու է իր ընտրությունը կատարել, ու ՀՀ սուվերենությունը էրոզիայի ենթարկելու ճանապարհով փորձում է իր շահերը առաջ մղել տարածաշրջանում. քաղաքագետ

ՌԴ-ն չի հաշտվում, որ հայ ժողովուրդն ի զորու է իր ընտրությունը կատարել, ու ՀՀ սուվերենությունը էրոզիայի ենթարկելու ճանապարհով փորձում է իր շահերը առաջ մղել տարածաշրջանում. քաղաքագետ
Հարցազրույց
18:50, 15 декабрь 2023
Հայաստանի ու ՌԴ-ի միջև լարված հարաբերությունների,  Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորման ու դրանց ռիսկերի մասին Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի հետ։

- ՌԴ ԱԳՆ-ից նշում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հետ կապված չափազանց վտանգավոր են համարում  եռակողմ  (ՀՀ, ՌԴ, Ադրբեջան) համաձայնություններից  հրաժարվելու փորձերը։ Ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակի՝  նման քայլերը անխուսափելիորեն կբերեն լուրջ ռիսկերի, առաջին հերթին հենց Հայաստանի համար։ Ի՞նչ ռիսկերի մասին կարող ենք պատկերացում կազմել և արդյոք պատրա՞ստ ենք դրանց։ 

- 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունների տեքստի խախտման վերաբերյալ ՌԴ-ն չէ, որ մեզ պետք  է կշտամբի, որովհետև մենք կարող ենք արձանագրել, որ միայն ՀՀ-ն է անշեղորեն պահպանել այդ դրույթներն ու սկզբունքները, որոնք որ ամրագրվել են եռակողմ հայտարարությամբ։ Այնուամենայնիվ, այդ հայտարարությունը միայն Բերձորի միջանցքի արգելափակմամբ արդեն իսկ դադարել էր գոյություն ունենալ։ 

Այդ իսկ պատճառով ՌԴ ԱԳՆ խոսնակի նմանատիպ հայտարարությունը մենք կարող ենք դիտարկել որպես շանտաժ և ուժի կիրառման սպառնալիք։ Վերջինս ամենաբազմազան ձևով կարող էր ընթանալ՝ ընդհուպ մինչև ռազմական միջամտություն, բայց երբ սթափ վերլուծում ենք այդ իրողությունները, ապա բացի տնտեսական պատժամիջոցներից, այն է՝ Լարսի անցակետի բնականոն աշխատանքի խաթարում, ՀՀ որոշ ապրանքատեսակների ՌԴ ներկրելու արգելքների սահմանում, գազատարի խողովակաշարի անարգել և բնականոն աշխատանքի խափանումներ և այլն, և այլն, ոչինչ անել չի կարող: Իսկ ինչ վերաբերում է  բիրտ ուժի կիրառմանը, ապա ՀՀ-ն ընդհանուր սահման չունի ՌԴ-ի հետ, իսկ ՌԴ-ն ՀՀ տարածքում հատուկ ռազմական օպերացիա իրականացնելու համար որևէ հնարավորություն այս պահի դրությամբ չունի, առավել ևս դեսանտ իջեցնելու համատեքստում մենք պետք է զգոն լինենք այս առումով էլ։ Հետևաբար հնարավոր էր այդպիսի քաղաքականություն իրականացնել միայն իրենց ձեռքի տակ գտնվող պրոքսի միջոցով՝ Ադրբեջանի միջոցով, իսկ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և ոտնձգությունների առջև իրենց դիվանագիտական հովանոցով, և ոչ միայն, կարողացել է հատել ԱՄՆ-ն, այնպես որ այս առումով ՌԴ-ի գործիքակազմում քիչ բան է մնացել, որ կարողանա իրագործել ռեալ գետնի վրա՝ բացի շանտաժներից։ Իսկ ոչ կոնվենցիոնալ միջամտությունների առումով մենք շատ լավ գիտենք, որ ՀՀ ԱԱԾ-ն ամիսներ առաջ բացահայտեց խոշոր իրարանցում առաջացնող ահաբեկչություն, որ պետք է կազմակերպվեր, այնպես որ, այս առումով էլ պետք է զգույշ լինենք։ Այնուամենայնիվ, տուրք տալ պետք չէ նմանատիպ շանտաժներին, պարզապես ՀՀ կառավարությունը պետք է հավասարարժեք քայլեր գործի, որպեսզի կարողանա բոլոր ռիսկերը վերահսկելի դարձնել՝ փոխադարձ համագործակցություն ունենալով արևմտյան մեր գործընկերների հետ, որոնց կողմից օժանդակությունը աննախադեպ է և աննախադեպ կարող է լինել մեզ համար դժվարին օրերում, որովհետև ՀՀ-ն ռազմավարական ուղենիշ է արդեն որդեգրում դեպի քաղաքակիրթ աշխարհ և ժողովրդավար աշխարհի մաս կազմելու։ 

- Զախարովան նշել է ադրբեջանական թեզը, թե Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո ամբողջությամբ դուրս չի բերել զորքերը Ղարաբաղից, «օգտագործել է Լաչինի միջանցքը՝ ռազմամթերք տեղափոխելու համար», ինչն էլ «նպաստել է սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած բախումներին»։ Մոսկվան նաև մեղադրել է Հայաստանի իշխանություններին՝ «ապաշրջափակման գործընթացը ձգձգելու, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի դրույթներից հրաժարվելու համար»։ Ո՞րն է այս մեղադրանքների նպատակը, արդյոք սրանով ՌԴ-ն փորձում է արդարացնե՞լ ԼՂ զենք-զինամթերքը Ադրբեջանին տրամադրելը։

- Մեղադրանքները, որոնք հնչեցնում է ՌԴ-ն, տեղավորվում են  ՀՀ թշնամիների տեսակետի տրամաբանության մեջ, և սա ևս մեկ անգամ վկայում է, որ ՌԴ-ն տարածաշրջանում իբրև թշնամի ընտրել է ՀՀ-ին։ ՌԴ-ն փորձում  է մեր հաշվին իր առավելապաշտական հետաքրքրությունները ու նպատակները առաջ մղել։ 

Պետք է ՀՀ-ն վերջ դներ այդ զարհուրելի ու զազրելի ռազմաքաղաքական դաշինքների մասը կազմելուն, այսինքն՝ մենք պետք է գոնե մինչև դեկտեմբերի ավարտ ՀԱՊԿ-ը լքած լինեինք։ Եկող տարվա մեջ էլ պետք է կազմակերպել ԵԱՏՄ-ից ու ԱՊՀ-ից դուրս գալու քաղաքականությունը ու սկսել հյուսիսատլանտյան անվտանգային համակարգին մաս կազմելու ու Եվրամիությանը ասոցացվելու  քաղաքականությունը։ Մեր փրկության միակ ճանապարհը այսօր դա է, այլ հնարավորություն չունենք։  ՌԴ-ն չի հաշտվում, որ հայ ժողովուրդը ի զորու է իր ընտրությունը կատարել, ու ՌԴ-ն հայ ժողովրդի սուվերեն իշխանությունը էրոզիայի ենթարկելու ճանապարհով փորձում է  իր շահերը առաջ մղել տարածաշրջանում։
Թուրքիան, ՌԴ-ն ու Ադրբեջանը մեր ինքնիշխանության դեմ սուր են ճոճում ու դաշինք են կազմել իրենց գերնպատակի համար։ Մեր խնդիրն է թույլ չտալ և մեր ինքնիշխանությունը պաշտպանել, իսկ դրա համար մեզ պետք է մեր ռազմավարական նշանակությունը պաշտպանել։  

- Տնտեսապես շատ ենք կախված ՌԴ-ից։ Լարսի ընդամենը մի քանի օր փակվելը լուրջ խնդիրներ է առաջացնում ՀՀ-ի համար։ Արտահանվող ապրանքատեսակների գերակշիռ մասը դեպի Ռուսաստան է գնում, ու եթե ՌԴ-ն չընդունի դրանք, ապա ճգնաժամ կլինի պարզապես։ Ինչպե՞ս լուծել այդ հարցը, հատկապես երբ գիտենք, որ եվրոպական շուկայի համար մեր արտադրողները չեն կարողանում ապահովել համապատասխան որակ իրենց արտադրատեսակներում ու բնականաբար չեն կարողանում այնտեղ արտահանել։ 

- Աշխատել է պետք, պետք է նոր շուկաներ գտնել, միջանկյալ շուկաներ որդեգրել, որոնք կարող են լինել ինչպես մերձավորարևելյան, այնպես էլ կենտրոնասիական։ Առհասարակ պետք է փորձել արտահանել արևելյան պետություններ, օրինակ՝ Հնդկաստան։ Պետք է իրականացնել ՀՀ տնտեսվարողների զարգացման քաղաքականություն՝ համապատասխան գիտելիքների տրամադրման համաձայն, որպեսզի նրանք կարողանան իրենց արտադրանքի որակական ցուցանիշը բարձրացնել եվրոպական շուկաներ արտահանելու համար։ Այնուհետև այդ միջանկյալ շուկաներից մենք կարող ենք անցում կատարել եվրոպական շուկա, որը շատ ավելի վճարունակ է։ Ես չեմ կարծում, որ ՌԴ-ի կողմից ՀՀ-ի նկատմամբ տնտեսական ագրեսիան կամ պատժամիջոցները կարող են միջնաժամկետ կտրվածքում նեգատիվ ազդեցություն ունենալ, ընդհակառակը՝ դրանք միջնաժամկետ ժամանակահատվածում կարող են պրոդուկտիվ լինել ՀՀ տնտեսության զարգացման համար։ Կարճաժամկետ տնտեսական խնդիրներ կարող են լինել, սակայն մենք պետք է պատրաստ լինենք դրանք հաղթահարելու։ ՀՀ կառավարությունը պետք է կադրային ճիշտ քաղաքականություն մշակի, և այդ կադրերի գիտակցության մեջ տեղավորված պետք է լինի այն, որ բացի ՌԴ շուկաներից՝ այլ շուկաներ պետք է փնտրել, կատարել համապատասխան բարեփոխումների շարք։ Եթե մենք դա  սկսեինք հունվարից, ու, օրինակ, հունվար-փետրվար ամիսներին ՌԴ-ն սկսեր նմանատիպ քաղաքականություն վարել ՀՀ-ի նկատմամբ, ապա մինչև աշնան ավարտ ի զորու կլինեինք մեր տնտեսական արտադրատեսակների որակական չափանիշները բարձրացնել այն աստիճանի, որ Եվրոպան էլ կարողանա որոշակի վերապահումներով ընդունել, մինչև որ երկու տարվա ընթացքում լիարժեքորեն կհամապատասխանենք։ Պետք է սկսել կադրային քաղաքականությունից՝ էկոնոմիկայի նախարարի կերպարի վերանայումից և այլն, և այլն։

- Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ եթե Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները կարգավորվեն, Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ անմիջապես կկարգավորվեն։ Սա արդյոք նախապայման չէ՞ Թուրքիայի կողմից ։ 

- Միանշանակ, Ֆիդանի հայտարարությունը նախապայմանի մասին է խոսում, և հայ-ադրբեջանական հարաբերությունները միջնաժամկետ հեռանկարում կարգավորելու որևէ իրատեսական հեռանկար չկա, հետևաբար Թուրքիան սպառնում է, որ այդքան ժամանակ հայ-թուրքական սահմանը փակ կլինի, ու հայ-թուրքական համագործակցությունները չեն կարողանա թևակոխել արդեն խաղաղության ռեժիմի մեջ։ Այդ իսկ պատճառով ՀՀ-ն չպետք է իր առջև դնի մոտակա ժամանակներում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարը, որովհետև դրա համար պետք է համապատասխան աշխատանք կատարվի, իսկ դրա համար տարիներ են հարկավոր։ ՀՀ-ն պետք է կարողանա դիվերսիֆիկացնել  իր անվտանգային համակարգը, ասոցացվել ԵՄ-ին, սերտ համագործակցությամբ պայմանավորված կարողանալ ենթակառուցվածքները զարգացնել քայլ առ քայլ։ Հայ-թուրքական հարաբերությունները սրանց ածանցյալ կարող են լինել։ Թուրքիան երբ տեսնի, որ ՀՀ-ին որևէ խոչընդոտ չի հանդիսանում հայ-թուրքական սահմանի լիակատար արգելափակումը, ապա այդ քաղաքականությունից կհրաժարվի։ Եթե Թուրքիան տեսնի, որ ՀՀ-ին հասցված վնասը չնչին է, ապա անիմաստ կհամարի ու կբացի սահմանը երկուստեք շահավետություն որոնելու համար։ Նույնն էլ պաշտպանության առումով. եթե Թուրքիան հաշվարկի ու տեսնի, որ ՀՀ-ի նկատմամբ ռազմական ինտերվենցիա  իրականացնելու գինը թանկ է նստելու իրենց վրա, ապա կհրաժարվի զինված ուժերի բիրտ միջամտություն իրականացնելու քաղաքականությունից։

- ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի խոսքով՝ Անկարան աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ուղիղ բանակցություններին։  Ըստ նրա՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին բանակցություններին թեման քննարկվել է։ Այսինքն՝ ԱՄՆ-ն Թուրքիայի միջոցո՞վ է Ադրբեջանին բերում կառուցողական դաշտ։  

- ԱՄՆ-ն փորձում է զսպիչ քաղաքականություն վարել Թուրքիայի նկատմամբ՝ Թուրքիայի կողմից հավանական նեգատիվ քաղաքականությունը արգելափակելու համար։ Ադրբեջանական քաղաքականությունը հակոտնյա չի կարող լինել Թուրքիայի քաղաքականությանը, և նրանք երկուսն էլ նույնականացրել են իրենց հետաքրքրությունները մեր տարածաշրջանում, հետևաբար Միլլերի հայտարարության մեջ, որ Բլինքենը զրուցել է Ֆիդանի հետ, և նման պայմանավորվածությունների են եկել, դա ընդամենը Թուրքիային զսպաշապիկ հագցնելու փորձ է, որովհետև ԱՄՆ-ն շատ լծակներ ունի ազդելու Թուրքիայի վրա ու դա էլ անում է։ ՀՀ-ն պետք է անսա հյուսիսատլանտյան անվտանգային համակարգի մաս կազմելու ու պետք է  փորձի խոշոր քայլեր անել այդ ուղղությամբ, որովհետև թուրքական նկրտումները մյուս ՆԱՏՕ անդամ Հունաստանի կղզիների նկատմամբ սկսեցին մարել, երբ Հունաստանը ՆԱՏՕ-ից ստացավ F35-եր։ Հիմա մենք չենք հավակնում, որ մեզ նմանատիպ սպառազինություն տրամադրեն, բայց հավակնում ենք տարածաշրջանային հավասարակշիռ դերակատարության, որպեսզի ՀՀ զինված ուժերը ունակ լինեն հավասարակշռելու Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմական ագրեսիայի համար նախատեսված ուժային համամասնությունը: Այդ պարագայում ԱՄՆ-ն կկարողանա նաև ՀՀ-ի միջոցով զսպիչ քաղաքականություն իրականացնել Թուրքիայի նկատմամբ, որն էլ համընթաց է ընթանում ՀՀ ազգային շահերին ու հետաքրքրություններին։  

- Արդյոք ՌԴ-ին ձեռնտո՞ւ է, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորվեն ու տարածաշրջանում խաղաղություն տիրի, կարգավորվեն նաև ՀՀ-Թուրքիա հարաբերությունները։ Որքանո՞վ է դա ձեռնտու ՌԴ-ին։

- Իհարկե, ՌԴ-ին մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգը ձեռք չի տալիս, դա հակոտնյա է ՌԴ-ի հետաքրքրություններին, բայց սա նաև հակոտնյա է ադրբեջանա-թուրքական հետաքրքրություններին։ Խաղաղությունը ձեռք չի տալիս ոչ միայն ՌԴ-ին, այլև Թուրքիային ու Ադրբեջանին։ Այնպես որ, խաղաղության համատեքստում մենք  մեր տարածաշրջանում գուցե բարեկամներ ենք  Իրանի ու Վրաստանի հետ։  ՀՀ-ի ու Վրաստանի հարաբերությունների առումով ես ռազմավարական հեռանկար եմ տեսնում։ 
ՀՀ-ի մարտունակության և պաշտպանունակության բարձրացմանը զուգընթաց այդ պետությունների կողմից միլիտարիստական ցանկությունները կսկսեն նվազել, այնպես որ, մեկը մյուսի հետ փոխկապակցված հարցեր են։ 

- Ադրբեջանում փետրվարին  արտահերթ ընտրություններ են։ Ինչո՞ւ է շտապում Ալիևը, ինչո՞ւ հիմա։

- Ալիևը փորձում է վերընտրվել, որ ընտրություններին թևածող վտանգը չհետաձգի հեռավոր ապագայի վրա։  Նա շատ լավ պատկերացնում է, որ իրողությունները կարող են փոխվել, ինչի հետ կապված կարող են փոխվել ներքին տրամադրությունները Ադրբեջանում՝ իշխանության վերափոխման, փոփոխությունների հետ կապված։ Նա փորձում է լեգիտիմ հիմք ստեղծել, թեկուզ և կեղծ, որպեսզի կարողանա ցանկացած միջոցով պաշտպանել իր իշխանությունը, և  շտապում է, որպեսզի իր վերընտրվելու ակտը լիարժեքորեն իրացնի։  Այդ հնարավորություններին նա այսօր տիրապետում է, բայց թե ինչպիսի հնարավորությունների նա կտիրապետի 2024թ. վերջին կամ 2025թ.-ին՝ հարցական է, հետևաբար  նա շտապում է։

Դավիթ Լևոնյան