Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե Սենատի որոշումը կյանքի կոչվի, Ֆրանսիան կարող է պատժամիջոցներով, ընդհուպ ռազմական աջակցությամբ լուծի Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքի դուրսբերման խնդիրը. միջազգայնագետ

Եթե Սենատի որոշումը կյանքի կոչվի, Ֆրանսիան կարող է պատժամիջոցներով, ընդհուպ ռազմական աջակցությամբ լուծի Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքի դուրսբերման խնդիրը. միջազգայնագետ
Հարցազրույց
15:55, 17 ноябрь 2022
Մեր զրուցակիցն է միջազգայնագետ, «Արդար Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Կարապետյանը:

- Հաշվի առնելով հանգամանքը, որ Ֆրանսիան Եվրամիության անդամ է, և քիչ հավանական է, որ միակողմանի պատժամիջոցներ կիրառի, նաև այն, որ միջնորդ երկիր է Հայաստան-Ադրբեջան, նաև Թուրքիա բանակցային գործընթացում՝ արդյոք իրատեսակա՞ն է, որ Սենատի որոշումը չի մնա սոսկ որպես խորհրդանշական, նաև հոգեբանական աջակցություն Հայաստանին, այլ ատաղձ կլինի նոր, լայն հեռանկարներով իրավիճակի ստեղծման: Ինչպե՞ս եք գնահատում որոշումը և կյանքի կոչվելու հավանականությունը: 

- Միանշանակ շատ ողջունելի ու գովելի  է Սենատի կողմից նման որոշումը: Այն նաև սպասված էր, որովհետև մինչ այս նախագահ Մակրոնը խոսում էր Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին: Այս որոշումը այնքանով է դրական, որ ի դեմս Ֆրանսիայի՝ հաստատվում է, որ ագրեսոր կողմը Ադրբեջանն է, նրա  սանձազերծած պատերազմի հետևանքով Հայաստանի սուվերեն տարածք է օկուպացվել, և այդ տարածքում մինչ օրս գտնվում են ադրբեջանական զինված ուժերը: Հաստատվում է կարևոր հանգամանք, որ Լեռնային Ղարաբաղը, որպես քաղաքական միավոր, գոյություն ունի, համենայնդեպս՝ Ֆրանսիայի համար, որ հումանիտար օգնություն կարող են ակնկալել թե՛ արցախահայությունը, թե՛ Հայաստանի  Հանրապետության ժողովուրդը: Շատ կարևոր է նաև արցախահայության կամարտահայտման, ինքնորոշման իրավունքի ճանաչման սկզբունքի հարգումը և գործարկումը Մինսկի համանախագահող երկրի կողմից: Այսինքն՝ ընդհանուր առմամբ գնահատում եմ գերազանց, շատ սպասված աջակցություն, բայցևայնպես չպետք է մոռանալ, որ սա մեծ քաղաքականության  մաս է, և թղթից գործի անցնելու համար դեռ  պետք է հաստատվի  գործադիրի և նախագահ Մակրոնի կողմից: Գործնականում մինչև չտեսնենք այս թղթի զորությունը, պետք չէ վաղ ուրախանալ, ակնկալել ավելին, քան կարելի է ակնկալել: Հիշեցնեմ, որ նույն  սկզբունքով ԱՄՆ-ն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, բայց դա թղթի վրա մնաց, չնայած հայ ժողովուրդը ցնծում էր ուրախությունից: Ինչ վերաբերում է Եվրամիության հետ հակադրությանը, այս կտրվածքով պետք է դեռ հասկանալ՝ Ֆրանսիան, որպես Եվրամիության հեգեմոն պետություն, առհասարակ դե՞մ է գնում Եվրոպայի քաղաքականության միտումներին, հակասություն ունի՞ Ադրբեջանի հետ, թե՞ ոչ, որովհետև Եվրոպան համագործակցում է Ադրբեջանի հետ գազ ձեռք բերելու հարցում, իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլան այցելեց Ադրբեջան և Ալիևին  համարեց լավագույն գործընկեր: Այստեղ հակասություն է առաջանում Ֆրանսիայի և ԵՄ-ի միջև, այնպես որ ոչ պետք է թերագնահատել, ոչ էլ  գերագնահատել Ֆրանսիայի Սենատի որոշումը, ուղղակի պետք է սպասենք, գործնականում տեսնենք՝ կլինի՞ ընդհուպ պատժամիջոցների կիրառում, և եթե լինի, ի՞նչ ֆորմատով ու մասշտաբով է իրագործվելու: Օրինակ՝ հնարավոր է, որ Հայաստանի դիմումով ֆրանսիական զինված ուժեր գան տարածաշրջան՝ դուրս մղելու ադրբեջանական զորքերին: Մյուս կողմից՝ փաստ է, որ Ֆրանսիան, լինելով Եվրամիության անկախ երկիր, միակողմանի, որպես առանձին պետություն, կարող է իր անունից պատժամիջոցներ կիրառել, ինչպես դա անում է ԱՄՆ-ն Ռուսաստանի հանդեպ: Այստեղ նրբությունը միայն այն է, որ լինելով ԵՄ երկիր՝ արդյոք մյուս երկրների կողմից կարժանանա՞ հավանության, և արդյոք Ֆրանսիան սպասո՞ւմ է այդ արձագանքներին, մեծ նշանակություն տալի՞ս է դրանց, թե՞ գործում է որպես անհատ պետություն: 

- Այսինքն՝ բնավ ականջ շոյելու, գոտեպնդելու համար չէ Ֆրանսիայի Սենատի անդամ  Բրունո Ռետայոյի հայտարարությունը, թե  Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում պետք է տեղակայվեն միջազգային ուժեր, նաև անհրաժեշտ է Հայաստանին տրամադրել պաշտպանական զենքեր:

- Այդպիսի հեռանկար պետք է ակնկալել: Եթե կոչերի մակարդակով ասում են, որ ադրբեջանական զորքերը պիտի դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, դա նշանակում է՝ եթե նման որոշումը պարտադիր ուժ ստանա, ֆրանսիական կողմը պետք է հետևողականորեն գործնականում այդ խնդիրը լուծի, ու եթե Ադրբեջանը նորից արհամարհի արդեն կիրառման ուժ ունեցող որոշման պահանջները, հորդորները, պետք է ակնկալել նաև ռեալ ռազմական աջակցություն, այդ թվում՝ զորքերի ներկայություն: 

- Սենատը իր կառավարությանը նաև առաջարկում է աջակցել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանը: Կարո՞ղ ենք ակնկալել այդպիսի համագործակցության հեռանկար, եթե մեր ձեռքերը ինչ-որ չափով կապված են ՀԱՊԿ-ի անդամ լինելով:

- ՀԱՊԿ անդամ լինելով՝ մենք բազմիցս առնչվել ենք փաստին, որ այդ կառույցը կենսունակ չէ: Եվ բոլոր քաղաքագետների, նաև ինձ համար տարակուսելի հարց է առաջանում՝ արդյոք այդ երկիրը իր գոյության ողջ ընթացքում այդպես էլ չի՞ պարզել իր պաշտպանության սահմանները կոնկրետ Հայաստանի դեպքում: Հետևաբար չակերտավոր ասած՝ թող այդ կառույցը որոշի իր ռազմաքաղաքական իրավասությունները որտեղ են սկսվում, որտեղ՝ ավարտվում, նոր մենք հասկանանք՝ առհասարակ համագործակցության եզրեր կարո՞ղ ենք ունենալ, թե՞ ոչ: Անկախ ամեն ինչից՝ ես, խորքային ուսումնասիրելով ՀԱՊԿ-ի հետ մեր պայմանագիրը, կարծում եմ, որ Հայաստանը կաշկանդված չէ որևէ երկրի հետ ռազմաքաղաքական համագործակցություն հաստատելու, գոնե պաշտպանողական բնույթի համաձայնագրեր կնքելու, որի արդյունքում առանց ստորադասելու, լուսանցքում թողնելու ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը՝ կարող ենք ցանկացած երկրի հետ գործակցել: Ես չեմ տեսնում խոչընդոտ, կաշկանդվածություն մեզ համար, եթե Ֆրանսիան իսկապես այդպիսի նպատակ ունենա: Ինչ վերաբերում է հանգամանքին, որ Ֆրանսիան ՆԱՏՕ անդամ երկիր է, այստեղ պետք է տարանջատենք և այդ օգնությունը դիտարկենք որպես Ֆրանսիայի Հանրապետության օգնություն ռազմաքաղաքական համագործակցության շրջանակում և  ոչ թե ՆԱՏՕ անդամ երկրի: Սա լրիվ այլ հարթություն է: Ուղղակի պետք է այդ համագործակցությունը զարգացնել այնպես, որ ՀԱՊԿ-ի հետ անհամաձայնություններ, հակասություններ չլինեն: Այսօր էլ Հայաստանը կաշկանդված չէ որոշակի համագործակցություն հաստատել, ինչպիսին հիմա կա Իրանի, նաև Հնդկաստանի հետ, և նույնիսկ փորձում ենք զարգացնել:    

- Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն հայտարարել է, թե Ֆրանսիայի Սենատի երեկ ընդունած բանաձևը ևս մեկ անգամ ի ցույց է դնում Փարիզի կողմնակալ դիրքորոշումը՝ որպես երկրի, որը մտադրություն է հայտնում նպաստելու հայ-ադրբեջանական կարգավորմանը: Այսինքն՝ Բաքուն կարո՞ղ է զրկել Ֆրանսիային միջնորդի դերից: Որքա՞ն է հավանականությունը, որ Բաքվի դիրքորոշումը կարող է ազդել թե՛ այս որոշման հետագա ճակատագրի և թե՛ Ֆրանսիայի միջնորդական գործառույթի կենսունակության վրա:   

- Ֆրանսիան, իմ կարծիքով, նախատեսել է Ադրբեջանի նման արձագանքը, որովհետև առաջին անգամը չէ. Ադրբեջանը բազմիցս է նշել, որ Ֆրանսիան միակողմանիորեն հայանպաստ է իր դիրքորոշումներում, սակայն փաստը մնում է փաստ՝ Ֆրանսիան բարիդրացիական հարաբերություններ ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, կարողանում է իր անաչառ կարծիքը հայտնել՝ հիմնվելով փաստերի վրա: Կողմնակալության խնդիր չեմ տեսնում: Այսպիսի շեշտադրումներով որոշումը դեռ չի նշանակում, որ Ֆրանսիան հատուկ ի վնաս Ադրբեջանի է գործում, չկա նման տրամաբանություն այստեղ և ընդհանրապես մեծ քաղաքականության մեջ: Ֆրանսիան այս քայլով ցույց է տալիս իր գերտերություն, տարածաշրջանում ազդեցիկ խաղացող լինելը, ցույց է տալիս, որ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդիրը դեռևս լուծված չէ, կոնֆլիկտը գոյություն ունի առ այսօր, և այս հարցում պետք է դեռևս  քաղաքական որոշում կայացվի, որը կպաշտպանի մարդու իրավունքները, որովհետև արցախահայությունը էթնոցիդի և գենոցիդի գոյաբանական մեծ վտանգի տակ է, մանավանդ՝ Ադրբեջանի կողմից հարց է բարձրացվում ռուս  խաղաղապահների կոնտինգենտի գործունեությունը արգելելու մասին: 

- Եթե, այնուամենայնիվ, այս որոշումը մնա թղթի վրա, կրի խորհրդանշական բնույթ՝ այդպես էլ չստանալով պարտադիր կիրառման ուժ, ինչում համոզված են շատ փորձագետներ, ինչպե՞ս կարող ենք օգտվել այս հազվագյուտ, մեր համալիր խնդիրները ամրագրող բարենպաստ բանաձևից: 

- Ես չեմ ուզենա Սենատի որոշումը համարել լակմուսի թուղթ դիվանագիտական առումով: Մենք չենք կարող ոչ մի օգուտ քաղել, ոչ մի բան չենք կարող անել՝ բացի հիասթափությունից, եթե նման բացառիկ, հայանպաստ փաստաթուղթը պատի առաջ կանգնի և ի կատար չածվի: Այս դեպքում մեր դիվանագիտությունը միայն կարող է հորդորել Ֆրանսիային, որպեսզի նրանք ամեն կերպ փորձեն իրականություն դարձնել բանաձևը:

 - Արցախահայության անվտանգության և փաստացի նաև ցեղասպանությունից պաշտպանելու համար, հաշվի առնելով Ալիևի սպառնալիքներն ու հայաթափման քաղաքականությունը,  միջազգային երաշխիքներ ստեղծելու առումով Սենատի այս բանաձևը ի՞նչ ներդրում կարող է ունենալ, քանի որ այն վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը և առաջարկում կառավարությանը Լեռնային Ղարաբաղում հիմնել հումանիտար գրասենյակ: 

- Եթե Ադրբեջանին թողնենք, իհարկե նա հայտարարում է, որ կոնֆլիկտը լուծել է ռազմական ճանապարհով ու պատրաստ է դարձյալ լուծել նույն կերպ, բայց համանախագահները կոնֆլիկտի լուծված լինելու մասին համաձայնեցված, կոնսենսուսային հայտարարություն չեն արել, այսինքն՝ դա նշանակում է՝ դեռ շատ պրոցեսներ պիտի լինեն, որ կոնֆլիկտը համարվի լուծված: Ֆրանսիան կաշկանդված չէ միակողմանի ընդունած որոշումը բեկանել, խաթարել կամ ինչ-որ կերպ հետ կանչել, որը ակնկալում է ադրբեջանական կողմը: Մեզ համար շատ կարևոր է հարցը, թե գործադիրի կողմից բանաձևի հաստատվելուց հետո արդյոք ֆրանսիական կողմը կկիրառի՞ պատժամիջոցներ, և ի՞նչ չափեր այն կընդգրկի, եթե գործը հասնի ֆիզիկական ներկայությանը, ի՞նչ չափով նա կկարողանա ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը և առհասարակ կայունությունը Հարավային Կովկասում: Ալիևը պարզապես պատերազմի հաջողությունից կուրացած՝ ցայտնոտի մեջ է հայտնվել, ագրեսիաներով կտոր-կտոր մեր տարածքներից օկուպացնելով՝ նոր զիջումներ է փորձում հարկադրել, շարունակ մառազմի ժանրից ցինիկ հայտարարություններ է անում Հայաստանի տարբեր տարածքների, ընդհուպ Երևանի, Սևանի հանդեպ տարածքային նկրտումների մասին, սակայն այդ ամենը տեսնում է նաև քաղաքակիրթ աշխարհը և հետևություններ անում, այնպես որ Ալիևը հեշտ չի մարսելու: Ու եթե Ադրբեջանը նորից ռազմական ուժ կիրառի Արցախում, և առաջանա ցեղասպանության վտանգ, կարող ենք դիմել ՄԱԿ-ի ԱԽ, և կարծում եմ՝ անպայման համարժեք աջակցությունը կստանանք: Այլ հարց է ՝ կառաջանա՞ այդպիսի իրավիճակ, Ռուսաստանը թո՞ւյլ կտա: Ընդհանրապես ՄԱԿ-ի անդամ ցանկացած երկիր արտաքին սպառնալիքի պարագայում կարող է դիմել և ակնկալել միջազգային խաղաղապահ ուժերի ներգրավում՝ որպես կանխարգելիչ միջոց: Այս առումով շատ բան կարող է հստակեցվել, եթե Սենատի որոշումը գործնական հաստատում ստանա: Մեր իշխանությունները հասկանում են այս ամենը և անհրաժեշտության դեպքում կդիմեն այդ քայլին: Ցավոք, լայնամասշտաբ պատերազմի վերսկսման վտանգը շատ մեծ է, ամեն պահի կարող է սկսվել, նույնիսկ եթե խաղաղություն ամրագրվի փաստաթղթով: Մենք ամեն րոպե պետք է սպասենք պատերազմի՝ անկախ նրանից, որ անհագուրդ, առավելապաշտ Ալիևը հասկանում է, որ թանկ գին է վճարելու այս անգամ, նույնիսկ կարող է չկարողանալ վճարել, որովհետև Ալիևի ուզած չափով ՀՀ տարածքից օկուպացնելը մարսելու խնդիր է, ինչքան էլ որ դեռևս մարսում է:

Թամարա Ղազարյան