Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քիչ հավանական է, որ ՌԴ-ն Ուկրաինայում կօգտագործի տակտիկական միջուկային զենք, իսկ Արցախի հետ կապված եթե ՌԴ-ի հետաքրքրությունները չհամընկնեն, ապա ոչ մի նամակ ոչինչ չի փոխի. Ալեքսանդր Իսկանդարյան

Ռազմավարական միջուկային զենքի օգտագործման դեպքում պատերազմը դուրս կգա ոչ միայն Ուկրաինայի սահմաններից, այլև Եվրոպայի։  Դրա օգտագործումը հնարավոր չէ. այս մասին ասում է  քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը, որում պաշտոնյան միջուկային զենքի օգտագործումը հնարավոր էր համարել։ 

Ըստ Իսկանդարյանի՝ եթե պատերազմում ռուսական զորքերը չկարողանան դիմակայել ուկրաինական զորքերի հարձակումներին, ապա քիչ է հավանականությունը, որ ՌԴ-ն կօգտագործի տակտիկական միջուկային զենք։

Հարցին, թե ինչպես է ռուսական բանակի վրա ազդել «Վագներ» խմբավորման առաջնորդ Եվգենի Պրիգոժինի խռովությունը, քաղաքագետը պատասխանեց. «Հարցը արդեն բանակի մեջ չէ, հարցը  պետության մեջ է։  Դրանով լուրջ հարված է հասցվել  իշխանության իմիջին»։   

Մի քանի օր առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել էր, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական երկխոսություն հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ Ուկրաինան վերականգնի 1991թ. դրությամբ իր սահմանները։ Իսկանդարյանը կարծում է, որ դա տեղեկատվական պատերազմի մի մաս է. «Հնարավոր չէ պատկերացնել, որ  1991 թվականի Ուկրաինայի տարածքները կարող են վերականգնվել»։

Քաղաքագետը անդրադարձավ նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գրած նամակին՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին. «ՌԴ քաղաքականությունը հիմնված է ոչ թե այն բանի վրա, որ Ռուսաստանը կամ Կրեմլը ինչ-որ փաստաթուղթ է ստորագրել, այլ  Ռուսաստանը շարժվում է իր հետաքրքրություններով։ Եթե այդ հետաքրքրությունները համընկնեն Արցախի կամ Հայաստանի Հանրապետության հետաքրքրությունների հետ,  ապա ինչ-որ բան կլինի, եթե այդ հետաքրքրությունները  չեն համընկնում, ապա ինչպիսի նամակ էլ ուզում եք գրեք,  ոչինչ չի փոխվի։ Փոխել իրավիճակը՝ ուղարկելով ճիշտ նամակ ճիշտ ուղղությամբ, այդքան էլ հնարավոր  չէ»։

Երեկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովից առաջ ունեցած զրույցում կարևորել է Անկարայի աջակցությունը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում։ Թուրքիայի իշխանությունները անցած շաբաթ հայտարարել են, որ խոչընդոտելու են դրան։  Իսկանդարյանի խոսքով՝ Թուրքիան բարդ  գործընկեր է ՆԱՏՕ-ի մյուս անդամների համար և մասնավորապես ԱՄՆ-ի համար. «Ես չգիտեմ ՆԱՏՕ-ի անդամ այլ պետություն, որը կարող է նման ինքնուրույն քաղաքականություն վարել։ Թուրքիան փաստացի վարում է  իր իսկ սեփական պատերազմները,  հակամարտում է  ՆԱՏՕ-ի անդամ այլ պետության հետ՝ Հունաստանին նկատի ունեմ... Մյուս կողմից՝ ՆԱՏՕ-ն չի կարող  հրաժարվել Թուրքիայից, դրա համար էլ  Անկարան ու Վաշինգտոնը կհամագործակցեն»։ 

Իսկանդարյանի կարծիքով՝ վաղ թե ուշ Շվեդիային կընդունեն ՆԱՏՕ. «Ինչ-որ բան կտան, ինչ-որ բան կստանան, առևտուր կանեն։ Հասկանալի է, որ Թուրքիայի համար այդ հարցը հիմնական կարևոր հարց չէ, Թուրքիան դա օգտագործում է որպես տարբերակ ինչ-որ առևտրի համար»։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝  տեսանյութում։

Դավիթ Լևոնյան