Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արևմուտքի արձագանքը չի փոխի Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու ՌԴ պլանները. Պեսկով

Արևմուտքի արձագանքը չի փոխի Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու ՌԴ պլանները. Պեսկով
Միջազգային
14:48, 27 март 2023
Արևմուտքի արձագանքը չի ազդի Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու պլանների վրա, այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանի ծրագրերի վրա (Արևմուտքի) նման արձագանքը, անկասկած, չի կարող ազդել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ամեն ինչ բացատրել է իր հայտարարություններում, որոնք նա արել է շաբաթ օրը տված հարցազրույցում»։ «Սրան ավելացնելու ոչինչ չկա»,- հայտարարել է Պեսկովը։

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը բելառուսական կողմի խնդրանքով իր մարտավարական միջուկային զենքը կտեղակայի Բելառուսում, ինչպես դա վաղուց արել է Միացյալ Նահանգները իր դաշնակիցների տարածքում։ Մոսկվան արդեն Մինսկին է հանձնել «Իսկանդեր» համալիրը, որը կարող է լինել միջուկային զենք կրող, իսկ հուլիսի 1-ին հանրապետության տարածքում կավարտվի մարտավարական միջուկային զենքի համար պահեստարանի կառուցումը, հաղորդել է նա։