Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դպրոցի տնօրենը մեղադրվում է կաշառքով աշխատանքի ընդունելու և ուսուցիչներից կաշառք պահանջելու համար

Դպրոցի տնօրենը մեղադրվում է կաշառքով աշխատանքի ընդունելու և ուսուցիչներից կաշառք պահանջելու համար
Հասարակություն
17:53, 21 июль 2021
Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցի գործադիր տնօրեն Կ․Լ․-ն ուսումնական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ Մ․ Մ․-ի և դպրոցի աշխատակիցների օժանդակությամբ 2012-2019 թվականների ընթացքում կազմել է կեղծ փաստաթղթեր, վատնման և յուրացման եղանակով հափշտակել է դպրոցին հատկացված խոշոր և զգալի չափերով գումարները։

Իրավաբան․net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ դպրոցի տնօրենը Հ․Ե․-ին և Օ․Գ․-ին աշխատանքի ընդունելու համար նրանցից պահանջել ու անձամբ կամ միջնորդավորված խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումարներ է կաշառք ստացել։

Գործը մակագրվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանին։

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ ուսուցիչների դասաժամերը չկրճատելու պատրվակով նրանց դրդել է կաշառք տալու փորձ կատարելուն և, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կազմակերպության այլ աշխատակիցների օժանդակությամբ խարդախությամբ վերջիններից հափշտակել է զգալի չափերի գումարներ:

Գործով որպես ամբաստանյալ է  ներգրավվել նաև դպրոցի հաշվետարը, ով վճարվել, սակայն աշխատանքի չի հաճախել։ Մեղադրանք է առաջադրվել նաև դստերը աշխատանքի տեղավորելու համար դպրոցի տնօրենին կաշառած անձին, ինչպես նաև դպրոցի ուսուցիչներից մեկին, ով նաև դպրոցի գործավարն է եղել։

Գործով հերթական դատական նիստը այսօր է նշանակվել։