Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մանիպուլյացիաների վերջը պիտի դնենք․ Բագրատունյաց պողոտայում փտած թեղիները փոխարինվում են մեծ սաղարթ ձևավորող սաֆորաներով

Այսօր առավոտյան ժամը յոթից Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց պողոտայում մեկնարկել է ծառերի փոխարինման լայնածավալ գործընթացը։  

Մեզ հետ զրույցում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը տեղեկացրեց, որ այս տարածքում նախատեսում են տնկել 85 ծառ։ Նախորդ դարի 40-50-ականներին տնկված և արդեն փտած թեղիները փոխարինվում են ճապոնական սաֆորա տեսակի ծառերով, որոնք մեծ սաղարթ ձևավորող ծառեր են և կատարելու են թեղուց մի քանի անգամ ավելի շատ օդի մաքրման աշխատանք։ Սաֆորաները ծաղկում են մայիսին։ 

«Ժողովրդական լեզվով ասած, ոջլոտ, որոնց վրայից շիրա է թափվում, էն որ վրան սաղարթ չի մնում ամռանը, ամբողջը թրթուրները ուտում են, դրանք կենսունակությունը կորցրած, իրենց կյանքն ապրած, ծեր և արդեն որևէ ֆունկցիա չկատարող ծառատեսակներ են, որոնք զբաղեցնում են Երևանի կանաչ ֆոնդը։ Այն պայմաններում, երբ Երևանի կանաչ ֆոնդը արդարացի բողոքում ենք, որ քիչ է քաղաքում, նման ծառատեսակներով, ավելի ճիշտ ծառերից մնացած բներով զբաղեցնել Երևանի կանաչ ֆոնդը, անընդունելի ենք համարում, և այլևս 2023 թվականից սկսած մեր որդեգրած ռազմավարության արդյունքում մենք աչքակապությամբ այլևս չենք զբաղվելու»։ 

Արմեն Բեգոյանի խոսքով՝ Երևանը կանաչ ֆոնդի հետ կապված ունի լուրջ խնդիրներ և ստեղծվել է մի մեծ աշխատանքային խումբ, որում ընդգրկված են հանրապետության լավագույն և մեծ փորձ ունեցող ոլորտի գիտնականներ, որոնք և կայացնում են որոշումներ՝ Երևանին անհրաժեշտ ծառերի մասով, դրանց տեսականու մասով, որակական հատկանիշների մասով և որ փողոցում ինչ տեսակի ծառատեսակներ են հարմար տնկելու։ Ի հավելումն նա նշեց, որ Երևանում  երբեք նման որակի ծառեր չեն տնկվել։

«Մենք ընտրություններից առաջ, հայտարարել ենք որոշակի թվեր, որ մարդկանց սարսափելի է թվում իրենց մեծության առումով։ Օրինակ՝ 150 կմ ոռոգման համակարգ Երևան քաղաքում, բայց մենք միայն անցյալ տարի անցկացրեինք 36-ը։ Հայտարարել ենք նաև, որ մենք կհասնենք սովետական միության կանաչ ֆոնդի շեմին առաջիկա հինգ տարիների ընթացքում, դա մեր ամենաամբիցիոզ ծրագրերն են և կանցնենք այդ շեմը»,- ասաց Արմեն Բեգոյանը։

Խոսելով նաև անցյալ տարի սակուրաների հետ կապված աղմուկի մասին, Արմեն Բեգոյանն ասաց, որ այդ աղմուկ հանողները 5-10 հոգի էին, որոնց բոլորին կարելի էր տեսել այս կամ այն քաղաքապետի թեկնածուի նախընտրական քարոզարշավներում, կամ հենց քաղաքապետի թեկնածուի տեսքով։

«Նախընտրական աղմուկ։ Կարող եմ ասել, որ ամեն ինչ կարելի է անել այդ նախընտրական շրջաններում, բայց ոչ վնասելով Երևան քաղաքին։ Նույն մարդիկ բազմիցս նշել են, որ Երևան քաղաքում թեղիների վիճակը սարսափելի է և դրանք օր առաջ պետք է փոխել։ Եվ այդ ժամանակ բարձրացնել նման աղմուկ, որ գիտեք թեղիները փոխարինվում են, դա իմ համար ծիծաղելի է, բայց դա շատ վտանգավոր է, որովհետև հասարակ քաղաքացին, որը չի տիրապետում ոլորտի նրբություններին միգուցե և հավատում է, և ավելորդ սթրեսի է ենթարկվում։ Ինչ ասես ասեցին, էլ արևը կգնա կսկսենք հիվանդանալ: Այս մանիպուլյացիների վերջը մենք պիտի դնենք ու վստահաբար կարող եմ ասել, այդ մարդիկ Երևանը չեն սիրում, իրենք սիրում են միայն իրենց և իրենց նախընտրական ծրագիրը և ենթադրյալ պաշտոնները, եթե հաղթեն այդ նախընտրական մրցույթում»,- ասաց Արմեն Բեգոյանը։

Ի հավելումն նա նշեց, որ Երևանում թեղիները կփոխարինվեն սաֆորա, գնդաձև ակացիա, հուդայածառ, գնդաձև սոսի, ձիակասկ ծառատեսակներով, որոնք ընտրված են ըստ փողոցի մայթերի լայնության։ 

Մենք զրուցեցիքն նաև տարածքի բնակիչների հետ, որոնք շատ գոհ են ծառերի փոխարինումից։    

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան