Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՔՊ պատգամավորները հանդիպել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

ՔՊ պատգամավորները հանդիպել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ
Հասարակություն
10:43, 28 март 2024
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արարատի մարզում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում բնակություն հաստատած քաղաքացիների հետ հանդիպում։

Հանդիպմանը մասնակցել ենք պատգամավորներ Դավիթ Առուշանյանի, Մարինա Ղազարյանի, Անուշ Քլոյանի, Տիգրան Պարսիլյանի, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանի, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Աննա Գասպարյանի, Միգրացիոն ծառայության տնօրենի տեղակալ Նելլի Դավթյանի, ինչպես նաև համայնքների ղեկավարներ, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցների հետ միասին։

Դավիթ Խաչատրյանը նշել է, որ 40 + 10 ծրագիրը՝ կացարանի և կոմունալ վճարների աջակցության ծրագիրը, որն ավարտվում է մարտին, Կառավարությունը շարունակելու նպատակ ունի։ Վերջինիս ներկայացմամբ՝ նախագիծը կներկայացվի Կառավարության վաղվա նիստին, և այն ընդունելուց հետո կշարունակվի արդեն ապրիլ ամսից, կտևի մինչև տարեվերջ։
Ներկայացվել է նաև բնակարանի ապահովման ծրագիրը, որը քննարկման փուլում է։ Նախատեսվում է ծրագիրն իրականացնել 5 տարիների ընթացքում, իսկ այդ ընթացքում այն ընտանիքները, ովքեր դեռևս ձեռք բերած չեն լինի տուն, կշարունակեն ստանալ որոշակի աջակցություն։

Ծրագրով նախատեսվում է բնակարան գնելու կամ կառուցապատելու համար մեկ անձի հաշվարկով հատկացնել 3–5 միլիոն դրամ՝ կախված բնակավայրից։ Առաջին հերթին ծրագրի շահառու են դառնալու այն ընտանիքները, որոնց կազմում կան 3 կամ ավել անչափահաս, զոհված զինծառայողների ընտանիքները, որոնք նույնպես ունեն անչափահասներ, ինչպես նաև խոցելիության որոշակի մակարդակ ունեցող ընտանիքները։

Այնուհետև ծրագրից կօգտվեն այն ընտանիքները, որտեղ կա 1 կամ ավել անչափահաս երեխա, ապա այլ խմբերի ներկայացուցիչները։

Բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի։ Իսկ տվյալ բնակարանի կամ տան սեփականության իրավունքն իրենց կանցնի միայն 10-րդ տարվա ավարտին, եթե նրանք այդ ամբողջ ժամանակահատվածում բնակվել են տվյալ տանը կամ բնակարանում։

Ներկայացվել են նաև ԼՂ–ից բռնի տեղահանված մեր քաղաքացիների աշխատանքի, առողջապահական, կրթական, փաստաթղթերի կարգավորման հետ կապված ծրագրերին առնչվող որոշակի մանրամասներ։

Իրականացված և նախատեսվող ծրագրերի ներկայացումից հետո տեղի է ունեցել քննարկում։ Հանդիպմանը ներկա արցախցիները հնարավորություն են ունեցել բարձրացնելու իրենց հետաքրքրող բոլոր հարցերը»։