Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2021 թվականի ընթացքում աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտում հարուցվել է 286 վարչական վարույթ. Իգիթ Հակոբյան

«Յուրաքանչյուր մարդու կենսապահովման  նյութական հիմքը աշխատանքն է կամ սեփականությունը, և աշխատանքը կոչված է ապահովելու ոչ միայն մարդու նվազագույն կենսապահովման մակարդակը, այլև իր էությամբ հարթակ է հանդիսանում ինքնիրացման և ինքնակատարելագործման համար, որն էլ նպաստում է հասարակության բնականոն զարգացմանը»,- Աշխատանքային իրավունքի ոլորտում ԱԱՏՄ-ին վերապահված նոր լիազորությունները թեմայով ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը։

Նա նշեց, որ ՀՀ-ում մեծապես պահանջված է պետության  միջամտության և վերահսկողության դերը աշխատանքային իրավունքների ոլորտում, որով պայմանավորված՝ 2018 թվականի հունիսի 11-ին ՀՀ կառավարության 755-Լ որոշմամբ կազմավորվեց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, այդ որոշմամբ նաև հաստատվեց տեսչական մարմնի կանոնադրությունը։ 

«Սկզբնական շրջանում տեսչական մարմինը վերահսկողություն էր իրականացնում  միայն աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառներում, հետագայում համապատասխան փոփոխություններ կատարվեցին  և՛ Աշխատանքային օրենսգրքում, և՛ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում,  և կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում տեսչական մարմնին վերապահվեց աշխատանքային օրենսդրության աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կոլեկտիվ և անհատական աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն։ Ինչպես նաև տեսչական մարմնին վերապահվեց օրենքով սահմանված դեպքերում պատասխանատվության միջոցներ կիրառելու հնարավորությունը»,- ասաց Հակոբ Իգիթյանը։
 
Նրա խոսքով՝ ըստ էության, օրենսդրական վերջին փոփոխությունները մի ճանապարհ են, որպեսզի աշխատողների համար ստեղծվեն արտադատական հնարավորություններ՝ իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանելու նպատակով։

Վերջինս տեղեկացրեց, որ 2021 թվականի ընթացքում  աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտում հարուցվել է 286  վարչական վարույթ, որից 200-ը՝ դիմումների հիման վրա։

«Վարչական վարույթների արդյունքում ընդունվել է 81 վարչական ակտ, տրվել են խախտումները վերացնելու կարգադրանքներ։

Հարուցված վարչական վարույթներից 149-ը կարճվել է, որից 64-ը՝ դիմումից հրաժարվելու հիմքով։ Ստացված 200 դիմում-բողոքներից 197-ը վերաբերել են աշխատանքային օրենսդրության խախտումներին, իսկ 3-ը՝ աշխատողների առողջության պահպանմանը և անվտանգության ապահովմանը»,- ասաց Հակոբ Իգիթյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։