Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոյեմբերին Արցախի գրավյալ տարաքծներում ականի վրա պայթելու հետևանքով 8 ադրբեջանցի է վիրավորվել, 1-ը՝ մահացել

Նոյեմբերին Արցախի գրավյալ տարաքծներում ականի վրա պայթելու հետևանքով 8 ադրբեջանցի է վիրավորվել, 1-ը՝ մահացել
Հասարակություն
18:11, 02 декабрь 2021
Արցախի գրավյալ տարածքներում 2021 թվականի նոյեմբերին ադրբեջանցիների՝ ականի վրա պայթելու 7 դեպք է գրանցվել, որի հետևանքով տուժել է 8 մարդ, մեկը՝ մահացել։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է «Ադրբեջանական արշավ ընդդեմ ականների» հասարակական միավորման նախագահ Հաֆիզ Սաֆիխանովը։

Նրա խոսքով՝ միջադեպերի հետևանքով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, ևս 8 մարդ վնասվածքներ է ստացել՝ սակրավոր, սահմանապահ, ներքին գործերի երկու զինծառայող և 4 քաղաքացիական անձ։

«2021թ․ նոյեմբերին 6 դեպքերում պայթել են հակահետևակային ականններ, 1 դեպքում՝ հակատանկային»,- ասել է Սաֆիխանովը՝ նշելով, որ դեպքերը տեղի են ունեցել Ջրականի, Ակնայի, Վարանդայի, Կովկասականի, Բերձորի շրջաններում։

Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ, ընդհանուր առմամբ, պատերազմից հետո 180 ադրբեջանցի է պայթել ականի վրա։

Օրերս էլ Ադրբեջանի ականազերծման գործակալությունը հայտնել էր, որ 44-օրյա պատերազմից հետո ականի վրա պայթել է 73 քաղաքացիական անձ, որից 49-ը տարբեր վնասվածքներ է ստացել, 24-ը՝ մահացել։ Գործակալությունը տվյալներ չէր հայտնել ականի վրա պայթելու հետևանքով զոհված ու վիրավորված զինծառայողների մասին։