Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մասիսի գործող քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը խոչընդոտել է աղբահանությունը իրականացնելու մրցույթում հաղթած ընկերության աշխատանքը. Տեսանյութ

«Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ն 2018 թվականին շահել էր Մասիս քաղաքում աղբահանություն իրականացնելու մրցույթը, սակայն Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ջանքերով  նրանք աշխատել են ընդամենը մեկ շաբաթ։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲԸ տնօրեն Ֆելիքս Պողոսյանը։ 

«Հունվարի 17-ին կնքվել է պայմանագիր Մասիս քաղաքի աղբահանության աշխատանքների կատարման համար, ու ընդամենը տևել է մեկ շաբաթ, ամսի 24-ին դադարեցրել են մեր ծառայությունը՝ պատճառաբանելով, որ չի համապատասխանում նորմաներին։ Բայց այնինչ ամեն ինչ նորմաների մեջ է եղել։ Դրանից հետո մենք դիմեցինք դատարան, քանի որ անօրինականություն էր տեղի ունեցել: Առաջին ատյանում դատը շահեցինք, մյուս կողմը դիմեց վերաքննիչ՝ բողոքարկելով առաջին ատյանի վճիռը, վերաքննիչը ևս մեր օգտին որոշում կայացրեց, դիմեցին վճռաբեկ, որտեղ նույնպես առաջին ատյանի վճիռը թողեցին անփոփոխ։ Երեք ատյանի դատերն էլ շահեցինք»,- ասաց Ֆելիքս Պողոսյանը։ 

Նա տեղեկացրեց, որ առաջին ատյանի դատից հետո Մասիսի քաղաքապետարանը ՊՈԱԿ ստեղծեց, որպեսզի կարողանան աշխատանքները կազմակերպել առանց մրցույթի, այդ պատճառով իրենք չկարողացան այլևս կատարել այդ աշխատանքները։ 

Հարցին, թե իրենք փոխհատուցում ստացե՞լ են դատերից հետո, Ֆելիքս Պողոսյանն ասաց, որ  փոխհատուցում չի եղել, միայն 150 000 դրամի տուգանք է ներկայացվել Դավիթ Համբարձումյանին՝ հօգուտ իրենց փաստաբանի։  

Նա նշեց, որ այս պահին իրենք 15 համայնքում իրականացնում են  աղբահանության աշխատանքներ՝ մրցույթով շահած։  
Խոսելով նաև Մասիսի աղբավայրի մասին՝ Ֆելիքս Պողոսյանն ասաց, որ դա համայնքի սեփականությունն է, բայց 99 տարով տրված է «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսությանը» մշտական օգտագործման՝ 1999 թվականից։  

Նշենք, որ Մասիսի աղբավայրի հետ կապված մեզ ուշագրավ տեղեկություններ է հայտնել Մասիսի բնակիչներից մեկը։        

Նա տեղեկացրեց, որ «Մասիսի կոմունալ ծառայության» սեփականատեր Միշա Հակոբյանը դեռևս 2018 թվականին շահել էր Մասիսի աղբահանության մրցույթը, սակայն քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, նախապես համաձայնության գալով Լյովա Խաչատրյանի հետ, ով հանդիսանում է Համբարձումյանի մտերիմ ընկեր Գոռ Համբարձումյանի (զիբիլի Գոռիկ) հայրը, արհեստական խոչընդոտներ ստեղծելով Միշա Հակոբյանի համար՝ նրան դաշտից դուրս է թողնում և, ստեղծելով քաղաքապետարանին ենթակա «Կանաչ Մասիս» ՊՕԱԿ-ը, տնօրեն է նշանակում Լյովա Խաչատրյանին, և առանց մրցույթի ստանձնում են Մասիսի աղբահանության մենաշնորհը:  

Ըստ բնակչի՝ քանի որ Մասիս աղբավայրի տարածքը 99 տարով վարձակալությամբ տրված էր Միշա Հակոբյանին, Լյովա Խաչատրյանն իր հերթին 500.000 դրամ վարձավճարով պայմանագիր է կնքում Միշա Հակոբյանի հետ,
այնուհետև «Կանաչ Մասիս» ՊՕԱԿ-ը Մասիսի աղբավայրի աղբի տեսակավորման աշխատանքների կատարումը 2018 թվականին հանձնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակից Վահրամ անունով անձի, որը կապ ունի նաև Սովետաշենի աղբավայրի հետ։ 

«Վահրամն էլ իր հերթին սկզբնական շրջանում ամսական 2.000.000 դրամ գումար է փոխանցել զիբիլի Գոռիկին՝ տեսակավորման աշխատանքների դիմաց, այնուհետև, երբ տեղի են ունեցել աղբավայրի հրդեհները, երբ շրջակա միջավայրի համար ստեղծվել են վտանգավոր պայմաններ, Մասիսը և հարակից գյուղերը ծածկվել աղբի վտանգավոր ծխով, քաղաքապետը իբր թե խնդրին լուծում տալու համար կատարել է մի շարք ձևական քայլեր՝ աղբավայրը փակելու նպատակով, հանրային դժգոհությունները մեղմելու համար, փորձելով մեղքը բարդել նաև Միշա Հակոբյանի վրա՝ մեղադրելով նրան, թե իբր Մասիսի աղբավայր են բերում նաև Երևանի Շենգավիթ և Դավիթաշեն շրջանների աղբը, բայց ներքին կարգով զիբիլի Գոռիկին պարտավորեցրել է իրեն ևս ամսական 500.000 դրամ վճարել: Իր հերթին զիբիլի Գոռիկը դարձնում է վարձավճարի չափը 2.500.000 դրամ՝ հակառակ դեպքում սպառնալով փակել աղբավայրը»,- պատմեց բնակիչը։