Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամանորյա նվերներ Երևանի փոքրիկներից՝ Արցախի Կարմիր Շուկայի ու Թաղավարդի դպրոցների աշակերտներին․ որ արցախցին իրեն մենակ չզգա

Ամանորյա նվերներ Երևանի փոքրիկներից՝ Արցախի Կարմիր Շուկայի ու Թաղավարդի դպրոցների աշակերտներին․ որ արցախցին իրեն մենակ չզգա
Հասարակություն
13:51, 23 декабрь 2021
Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ թշնամու կողմից հարձակման ենթարկված Կարմիր շուկա բնակավայրում օրեր առաջ տոն էր. Կարմիր շուկայի դպրոցի բակում կանգնեցվեց տոնածառ, որի շուրջը հավաքվել էին Թաղավարդի և Կարմիր շուկայի փոքրիկ բնակիչները։ 
Փոքրիկներին այցելել էին Ձմեռ պապն ու Ձյունանուշը՝ տարատեսակ նվերներով։ Փոքրիկ արցախցիների համար նվերներ էին պատրաստել նաև փոքրիկ երևանցիները։  

Ամանորին ընդառաջ՝ Արցախի Թաղավարդ ու Կարմիր շուկա բնակավայրերի բնակիչներին տոնական տրամադրություն պարգևելու մտահղացումը Դիանա Գրիգորյանինն էր. նա «Աջակցենք Կարմիր շուկա և Թաղավարդ գյուղերի զարգացմանը» նախաձեռնության հեղինակն է։ Այս նախաձեռնությամբ Դիանա Գրիգորյանը տարբեր բարեգործական միջոցառումներ է իրականացնում Արցախի նշված գյուղերի դպրոցներում։ Նրա խոսքով՝ Թաղավարդի դպրոցն ունի 37 աշակերտ, իսկ Կարմիր շուկայի դպրոցում այս պահի դրությամբ 221 երեխա է սովորում, բայց նվերները բաժանվել են ոչ միայն դպրոցականներին, այլև երկու համայնքներում ապրող բոլոր երեխաներին։
«Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ իմ 20-ամյա որդին և երկու եղբայրներս կամավոր մեկնել էին Արցախ՝ պաշտպանելու Արցախի Թաղավարդ և Կարմիր շուկա բնակավայրերը։ Փառք Աստծու, վերադարձան, բայց որոշ վիրավորումներով։ Գյուղերին աջակցելու նպատակն այն է, որ պատերազմից հետո չհայաթափվեն»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Դիանա Գրիգորյանն ու հավելեց. «Տարբեր նախագծեր ենք իրականացնում Թաղավարդի ու Կարմիր շուկայի դպրոցներում. ունենք ազգագրական պարերի խումբ, որտեղ արդեն իսկ հաճախում են երեխաները, մենք էլ հոգում ենք պարուսույցի աշխատավարձը, նաև արվեստի ստուդիա ենք հիմնել դպրոցում՝ դա էլ դպրոցականների երազանքներից մեկն էր»։ 

Դիանա Գրիգորյանի խոսքով՝ ինքը, որպես հոգեբան, պարբերաբար այցելում է Թաղավարդի ու Կարմիր շուկայի դպրոցներ և հանդիպումներ ունենում երեխաների հետ. «Իմ այցելություններից մեկի ժամանակ՝ ամռանը, երկու փոքրիկներ երազում էին գյուղում տոնածառ ու լույսեր ունենալ։ Այս նախաձեռնությունը այդ բալիկների երազանքի իրականացմանն էր միտված»։ 

Դիանա Գրիգորյանն ասաց, որ Արցախում նախաամանորյա ուրախ միջոցառումը կազմակերպելու և այդ մասին իրազեկելու համար քիչ ժամանակ է ունեցել։ Նրան աջակցել են տարբեր  հայրենասեր մարդիկ, այդ թվում՝ Երևանում գործող մի շարք դպրոցների աշակերտներ. «Մեր նախաձեռնությանը միացան Անանիա Շիրակացու ճեմարանի կրտսեր դպրոցը, Երևանի թիվ 197 դպրոցի 4-րդ և 6-րդ դասարանների սաները, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի թիվ 57 դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները։ Ծնողները նվերներ պատրաստեցին՝ խաղալիքներ, գրենական պիտույքներ, քաղցրավենիքներ, և փոխանցեցին ինձ։ Երկու համայնքների 0-18 տարեկան բոլոր՝ 368 երեխաները ներառված էին միջոցառմանը, բոլորն ստացան նվերներ Ամանորի նախաշեմին, բայց այսքանով չենք ավարտելու՝ նախաձեռնություններն ավելին են լինելու»։
 
Նշենք, որ այս ամանորյա բարեգործական միջոցառմանը մասնակցել է նաև նախկին լրագրող Նաիրի Հոխիկյանը, ով Ձմեռ պապի կերպարանքով մեծ ոգևորություն ու անակնկալներ է մատուցել երեխաներին։ 

Կարմիր շուկա բնակավայրի վարչական ղեկավար Նարեկ Աթայանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ օրերս դպրոցի բակում կազմակերպված միջոցառումը՝ տոնածառը, լույսերը, նվերները, Ձմեռ պապն ու Ձյունանուշը, մեծ անակնկալ էր երկու համայնքների երեխաների և մեծահասակների համար: «Հետպատերազմյան շրջանում բավական միջոցառումներ են կազմակերպվել Դիանա Գրիգորյանի կողմից, նա դարձել է արդեն մեր համագյուղացին»,- ասաց նա ու հիշատակեց, որ  բնակավայրերին տարատեսակ աջակցություններ ցուցաբերում են նաև այլ կառույցներ, այդ թվում՝ Կարմիր խաչը, Հայ-ֆրանսիական բարեգործական ընդհանուր միությունը, «Home»-ը, ՈՄԱ-ն, Վարդանովը, ինչպես նաև ռուս խաղաղապահներն են Նոր տարվա նվերներ պատրաստել 2-10 տարեկան երեխաների համար։  

Նարա Մարտիրոսյան

Տեսանյութն՝ այստեղ։