Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատներ հանդիպել են Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարի տեղակալի հետ

Անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատներ հանդիպել են Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարի տեղակալի հետ
Հասարակություն
18:07, 21 январь 2022
Այսօր՝ հունվարի 21-ին, «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի է ունեցել անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների հանդիպում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարի տեղակալ գնդապետ Գորբունովի հետ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ասրյանը։

«Քննարկել ենք 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ճակատագրերի պարզման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Կրկին համեմատվել և ճշտվել են անվանացուցակները:

Գնդապետ Գորբունովը հավաստիացրել է, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ օր առաջ տղաների ճակատագրերը պարզելու համար»,-նշել է Ա. Ասրյանը։ Նրա խոսքով՝ «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության և ՌԴ խաղաղապահ ուժերի` անհայտ կորած զինծառայողների հարցերով զբաղվող ներկայացուցիչների հետ կազմակերպվում է գործնական համագործակցություն։