Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Օմիկրոն»-ով դեպքերի մեծ մասն ավելի թեթև է ընթանում, բայց հոսպիտալացվածների 88 տոկոսը չպատվաստված քաղաքացիներ են, որոնք բավականին ծանր են տանում հիվանդությունը․ Անահիտ Ավանեսյան

«Անցած շաբաթվանից գրանցում ենք կտրուկ նվազում օրական 1700-ից ավելի դեպքեր ենք ունենում։ Կարող ենք ասել, որ նվազման տեմպի մեջ ենք, բայց դեռ հիվանդանոցները բավականին ինտենսիվ ռեժիմով են աշխատում, որովհետև այո՛ «օմիկրոն» շտամի պարագայում դեպքերի մեծ մասն ավելի թեթև է ընթանում, բայց դա չի նշանակում, որ մենք չունենք ծանր դեպքեր»,-այդ մասին այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ հոսպիտալացվածների 88 տոկոսը չպատվաստված քաղաքացիներ են, որոնք բավականին ծանր են տանում հիվանդությունը։

Խոսելով նաև այն մասին, որ կան մի շարք կանխատեսումներ, թե արդյոք «օմիկրոնի» շտամը այս համավարակի վերջնական ակորդն է, թե ոչ, նախարարն ասաց, որ իրենց կարծիքով դեռ վաղ է որևէ հստակ բան նշել, բայց կարող են ասել, որ համավարակի փուլից դեպի էնդեմիկ հիվանդության փուլ կարծես արդեն նշմարվում է։

«Սա նշանակում է, որ այո՛, քովիդը կմնա որպես այդպիսին, այն ցավոք սրտի մեր կենսակերպի մի մասն է դառնալու՝ սեզոնային որոշակի ակտիվացումներով, բայց հստակ ասել, որ վերջանում է համավարակը, դեռ վաղ է»,- ասաց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում