Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կայացավ Մեղրի քաղաքի Փարամազի թաղամասի խաղահրապարակի բացումը

Կայացավ Մեղրի քաղաքի Փարամազի թաղամասի խաղահրապարակի բացումը
Հասարակություն
13:36, 05 апрель 2022
Ապրիլի 4-ին Մեղրի քաղաքի ամենախիտ բնակեցված թաղամասում՝ Փարամազի փողոցում տեղի ունեցավ 1000 քմ մակերեսով մանկական խաղահրապարակի պաշտոնական բացումը:  Խաղահրապարակը կառուցվել է 2021թ. ներկայացված «Խաղահրապարակի հիմնում և կասկադի վերանորոգում Մեղրի քաղաքում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:

Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 20 430 000 ՀՀ դրամ:

ՀՀ Կառավարության ներդրումը՝ 44,38% կամ 9 066 834 դրամ:

Մեղրի համայնքի ներդրումը՝ 55,62% կամ 11 363 166 դրամ:

Շինաշխատանքի կապալառուն «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ն է:

Բացման արարողությանը մասնակցում էր Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը, տեղակալներ Լևոն Միրզոյանը և Խաչատուր Անդրեասյանը, Ագարակ քաղաքի վարչական ղեկավար Արմեն Անտոնյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի տնօրեն Ազատ Գասպարյանը, բազում բնակիչներ և այլ հյուրեր: Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը ողջունեց ներկաներին, շնորհավորեց ներկաներին խաղահրապարակի բացման առթիվ և շնորհակալություն հայտնեց ծրագիրն իրականացնողներին:

Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև  «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի տնօրեն Ազատ Գասպարյանը:

Խաղահրապարակը յուրահատուկ նվեր է համայնքի փոքրիկներին, քանի որ նրանց համար ստեղծվեց ևս մեկ գեղեցիկ ու հաճելի անկյուն ազատ ժամանակն անցկացնելու համար: Հանդիսավոր արարողությունից հետո նորաբաց խաղահրապարակը լցվեց երեխաների ուրախ ու տրամադրող ներկայությամբ: Խաղահրապարակի տարածքում, ի թիվս ճոճանակների, կարուսելների, սղարանների և այլ խաղամիջոցների, գործելու է նաև վոլեյբոլի դաշտ:

Հուսով ենք, որ խաղահրապարակը կծառայի փոքրիկների ուրախ ժամանցի ապահովմանը և անհոգ մանկության ամենահիշարժան պահերը վայելելուն: