Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոր վերելակների ձեռքբերման այս տարվա ծրագրի ծավալը 10 տոկոսով կավելանա

Նոր վերելակների ձեռքբերման այս տարվա ծրագրի ծավալը 10 տոկոսով կավելանա
Հասարակություն
14:19, 06 июнь 2022
2022 թ․ համայնքի միջոցներով ու ծրագրերով ընդհանուր առմամբ Երևանում կփոխարինվի 426 վերելակ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է ծրագրի ծավալներն ավելացնել 10%-ով: Նոր վերելակների առաջին խմբաքանակն արդեն Երևանում է:
 
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար նոր շենք կկառուցվի: «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում համայնքն ազատ տարածք ունի, որն էլ կօգտագործվի այդ նպատակով: Երևանի քաղաքապետարանը նախագծային մրցույթ կհայտարարի:
 
ՄԱԿ-ի գործընկերների հետ համատեղ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում Հանրապետության հրապարակի շենքերի գեղարվեստական լուսավորությունն արդիականացնելու ուղղությամբ: Սրան զուգահեռ՝ մայրաքաղաքի բակային տարածքներում շարունակվում է արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագիրը:
 
2022 թ. մայիսին սեփական եկամուտների փաստացի գանձումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընդհանուր առմամբ ավել է շուրջ 34%-ով, իսկ որոշ վարչական շրջաններում հավաքագրման նախանշված ծավալները գերակատարվել են: Քաղաքապետին զեկուցվել է, որ, այդուհանդերձ, կան վարչական շրջաններ, որոնց սեփական եկամուտների գանձումը չի գերազանցում 90%-ը:
 
Կարևորելով գործընթացի պատշաճ կազմակերպումը՝ քաղաքապետը նշել է, որ մայրաքաղաքում նախանշված ծրագրերը լիարժեքորեն կյանքի կոչելու համար շատ կարևոր է ապահովել հավաքագրման կատարողականը:
 
Մայրաքաղաքն առավել մաքուր դարձնելու Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությանն անցած շաբաթ միացել էր Նոր Նորք վարչական շրջանը:
 
Զեկուցվել է, որ գործընթացն իրականացվել է խնդրահարույց տարածքներում, որոնք ներառում են 15 հասցե: Այս շաբաթ սանիտարական մաքրման աշխատանքներ կիրականացվեն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: