Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեք օրվա ընթացքում ցուցանակ է տեղադրվելու այն մասին, որ այդ լցակայանը տուգանվել է թերլիցքավորում կատարելու համար

Երեք օրվա ընթացքում ցուցանակ է տեղադրվելու այն մասին, որ այդ լցակայանը տուգանվել է թերլիցքավորում կատարելու համար
Հասարակություն
13:44, 07 сентябрь 2022
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը քննարկում է Առևտրի ու ծառայությունների մասին և վարչական իրավախախտումների մասին օրենքի նախագծում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով ներդրվելու են բենզալցակայաններում և գազալցակայաններում թերլիցքավորման հետևանքով տուգանքների մեխանիզմները։ «Նախագծով նախատեսվում է լցակայանում թերլիցքավորւոմ հայտնաբերելու և վարչական ակտի անբողոքարկելի դառնալու հաջորդ երեք օրերի ընթացքում բաշխիչ կետում վարորդների համար տեսանելի հատվածում ցուցանակ տեղադրել այն մասին, որ այդ տնտեսվարողը տուգանվել է թերլցոնում կատարելու համար»,- նշում է նախագծի զեկուցող, ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանը։ 

Նա պարզաբանում է, որ ցուցանակը փակցված է մնալու մեկ ամիս շարունակ, իսկ դիտավորյալ պոկելու համար լրացուցիչ տուգանք է սահմանվելու. այն փակցված է մնալու ևս մեկ ամիս ժամանակով։ Վարդանյանի խոսքով՝ այս փոփոխության քննարկումներին մասնակցել են նաև տնտեսվարողները և դրական գնահատական ու համաձայնություն են տվել, որովհետև այսուհետ բարեխիղճ տնտեսվարողները չեն տուժի անբարեխիղճ տնտեսվարողների խախտումների պատճառով, երբ անարդարացիորեն հանրային վերաբերմունքը տարածվում է նաև իրենց վրա։

Նախագիծը, ըստ պատգամավորի, կանխարգելիչ բնույթ է կրելու, որպեսզի լցակայաններն ավելի աչալուրջ լինեն։ Բացի դրանից՝ ներդրվելու է նաև  կոդերի համակարգ, որի շնորհիվ հաճախորդները հնարավորություն կունենան QR կոդերով ստուգելու, թե այդ լցակայանում երբ են ստուգումներ կատարվել և ինչ արդյունքներ ու խախտումներ են գրանցվել։ Նախագծով նախատեսվում է նաև մի կարևոր փոփոխություն ևս, ըստ որի՝ թերլիցքավորում լինելու դեպքում  տուգանքի չափը 500 000-ից նվազեցվելու է ֆիքսված 200000դրամի, որին կգումարվի տվյալ լցակայանի տուգանքին նախորդած եռամսյակի շրջանառության 0,5տոկոսը։ Հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանն առաջարկեց, որ եթե տուգանքը չի տարածվելու ամբողջ ցանցի վրա,ինչը նրա համոզմամբ՝այնքան էլ ճիշտ չէ,այդ դեպքում գոնե տուգանքի չափը սահմանվի  200000 պլյուս շրջանառության 3տոկոս։ Ծովինար Վարդանյանը հակադարձեց, որ այս չափը սահմանվել է համաչափության սկզբուքնով, իսկ ինչ վերաբերում է տուգանքը ամբողջ ցանցի վրա տարածելուն, արդարության սկզբունքից ելնելով՝ չեն կարող բոլոր ցանցերի վրա տարածել, որովհետև հնարավոր է՝ նույն ցանցի մյուս լցակայանն ազնիվ ու բարեխիղճ է եղել։