Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախատեսվում է կարգավորել գազալցակայաններում եւ բենզալցակայաններում թերի լիցքավորումների հարցը

Նախատեսվում է կարգավորել գազալցակայաններում եւ բենզալցակայաններում թերի լիցքավորումների հարցը
Հասարակություն
18:01, 03 февраль 2022
Փետրվարի 3-ի նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Գազալցակայաններում եւ բենզալցակայաններում պարբերաբար անցկացված ստուգաչափումների արդյունքում համապատասխան տեսչական մարմնի կողմից բացահայտվել են տնտեսվարողների իրականացրած անթույլատրելի միջամտություններ եւ թերի լիցքավորումներ: Դրանց բացառման նպատակով վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում առկա լիցքավորման վառելիքաբաշխիչ աշտարակները պետք է կահավորված լինեն Կառավարության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմի» ռեգիստրով:

Պատգամավորները, ողջունելով նախաձեռնությունը, ներկայացրել են իրենց մտահոգությունները եւ դիտողությունները: Կարեւորվել են սպառողների իրավունքների լիարժեք պաշտպանությունը, ոլորտում թափանցիկ գործունեությունը:

Որոշվել է նախաձեռնությունը լրամշակելու նպատակով քննարկումը հետաձգել մինչեւ երկու ամիս ժամկետով: