Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նարեկ Մկրտչյանը և Բելառուսի դեսպանը քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող հարցեր

Նարեկ Մկրտչյանը և Բելառուսի դեսպանը քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող հարցեր
Հասարակություն
17:54, 09 сентябрь 2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին, ՀՀ քաղաքացիներին՝ Բելառուսում վերականգնողական ծառայությունների տրամադրմանը, Հայաստանում պրոթեզների արտադրության համատեղ ձեռնարկության ստեղծմանն առնչվող մի շարք հարցեր։ Շեշտվել է նաև փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման և կառավարման, խոցելի խմբերին բնակարանների հատկացման ու վերահսկման մեխանիզմների վերաբերյալ։
 
Ընդգծելով հայ-բելառուսական հարաբերությունների կարևորությունը՝ Նարեկ Մկրտչյանն էական է համարել երկկողմ համագործակցության ուղղությունների ընդլայնումն աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում։ Նախարարի խոսքով՝ երկու երկրների ոլորտային հարաբերություններում առկա է զգալի ներուժ, որը պետք է շարունակել ճիշտ օգտագործել և ուղղել՝ ի շահ ժողովուրդների բարեկեցության: