Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարուժան Ավետիքյանը վայր է դրել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենի լիազորությունները

Վարուժան Ավետիքյանը վայր է դրել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենի լիազորությունները
Հասարակություն
22:08, 12 апрель 2021
Ժամանակն է եկել, որ վայր դնեմ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենի լիազորություններս: Այս որոշումս, որը մանրամասն քննարկել եմ Հիմնադրամի նորանշանակ խորհրդի հետ, պայմանավորված է նրանով, որ Հիմնադրամի առջև ծառացել են բոլորովին նոր մարտահրավերներ, և այն պետք է ղեկավարվի ոչ թե հասարակական հիմունքներով աշխատող տնօրենի կողմից, այլ ունենա լրիվ դրույքով աշխատող տնօրեն: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։

«Հիմնադրամը ձևավորվեց 2017 թվականին` Կենտրոնական բանկի կողմից ու հովանու ներքո: Մինչև վերջերս հիմնականում Կենտրոնական բանկի կամավորական աշխատակազմն էր անձնվեր կերպով ծառայում Հիմնադրամին, իսկ կառույցը հոգ էր տանում, որպեսզի գործառույթներն իրականացվեն պատշաճորեն` ժամանակների հրամայականին համահունչ:

Վերջին պատերազմն ու դրա արդյունքները ցավալիորեն փոխեցին շատ բան:

Ժամանակն է, որ Հիմնադրամն անցնի տրանսֆորմացիայի փուլ: Այժմ դրա ճանապարհին ենք: Մասնավորապես, վերջին ամիսներին Կենտրոնական բանկի ֆինանսավորմամբ մենք ձևավորել ենք նվիրված ու պրոֆեսիոնալ աշխատակազմ, որը գործում է այն գիտակցությամբ, որ իր աշխատանքը կենսական է հայր, որդի կամ ամուսին կորցրած ընտանիքների կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների համար: Անցնող ամիսներին ևս Կենտրոնական բանկի ֆինանսական աջակցությամբ մենք ներդրումներ ենք արել և շարունակում ենք կատարել Հիմնադրամի ենթակառուցվածքների, ինչպես նաև ծրագրային ու ՏՏ համակարգերի մեջ` վստահ լինելու համար, որ որևէ պայմանում դրանք պատշաճորեն ու անխափան կսպասարկեն մեր շահառուներին:

Հայտնում եմ նաև, որ թշնամու կողմից սանձազերծված վերջին պատերազմից հետո Հիմնադրամն այս պահին հատուցումներ է կատարում.

- 1939 զոհված զինծառայողների ընտանիքների

- 265 ծանր վիրավորում ստացած զինծառայողների

- 1055 անհետ կորած զինծառայողների ընտանիքների


Վերջին պատերազմից ի վեր հիմնադրամը կարողացել է 8 միլիարդ դրամից ավելի նվիրաբերություններ հավաքագրել ավելի քան 40 երկրների մեր հայրենակիցներից ու կազմակերպություններից:

Ամփոփելով անցյալը և չորս տարի շարունակ ղեկավարելով Հիմնադրամն ու առերեսվելով ծառացած մարտահրավերների հետ՝ գիտակցում եմ, որ ամեն օր նոր բան եմ սովորել և ձգտել եմ հմտություններս փոխանցել Հիմնադրամի կամավորներին, աշխատակիցներին, ընկերներին, գործընկերներին ու շահակիցներին: Վստահ եմ, որ կուտակված փորձառությունն ու գիտելիքներն ի սպաս են դրվելու Հիմնադրամի մարտահրավերների վրա օրնիբուն աշխատելու համար»,- մանրամասնել է Ավետիքյանը:

Նա նաեւ նշել է, որ առաջիկա օրերին կհրապարակվի Հիմնադրամի նոր գործադիր տնօրենի պաշտոնի մրցույթի վերաբերյալ հայտարարություն։

Ավետիքյանը նշել է, որ մինչեւ նոր տնօրենի ընտրությունը կշարունակի կատարել պարտականություններ, այնուհետև կծառայի Հիմնադրամին այլ կարգավիճակով:

«Մինչ այդ շնորհակալություն եմ հայտնում անցնող չորս տարիների ընթացքում մեր բոլոր կամավորներին, աշխատակիցներին, ընկերներին, գործընկերներին, հովանավորներին ու աջակիցներին, որոնք անվարան աջակցեցին Հիմնադրամին ու ինձ` ծառայելու հայրենիքին ու հայոց զինված ուժերին»,- եզրափակել է նա: