Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերակենդանացման բաժանմունքում գտնվող 4 ամսական երեխան դեռևս չի տեղափոխվել Երևան, հեռախոսով ենք փորձում բուժել, ԼՂ-ում էլ արդեն հակաբիոտիկների պակաս կա. Արցախի «Արևիկ» հիվանդանոցի բժշկուհի

Վերակենդանացման բաժանմունքում գտնվող 4 ամսական երեխան դեռևս չի տեղափոխվել Երևան, հեռախոսով ենք փորձում բուժել, ԼՂ-ում էլ արդեն հակաբիոտիկների պակաս կա. Արցախի «Արևիկ» հիվանդանոցի բժշկուհի
Հասարակություն
14:47, 19 декабрь 2022
«Լեյշմանիոզ ախտորոշմամբ 4 ամսական երեխան Ստեփանակերտից հրատապ պետք է տեղափոխվեր Երևան դեռևս դեկտեմբերի 17-ին, որպեսզի բուժում ստանար Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցի («Արևիկ» բուժմիավորում ՓԲԸ) վերակենդանացման բաժանմունքի բժշկուհի Հասմիկ Վերդյանն ու հավելեց. «Հայաստան եկող ճանապարհը փակ լինելու պատճառով երեխայի տեղափոխումը չենք կարողացել կազմակերպել, փորձում ենք  հեռախոսով բուժումն իրականացնել՝ կապի մեջ ենք Երևանի հետ»։  

Բժշկուհու խոսքով՝ 4 ամսական երեխայի վիճակը կայուն ծանր է, վերակենդանացման բաժանմունքում է գտնվում, մինչ այս Ստեփանակերտում նման ախտորոշմամբ պացիենտ բուժում չի ստացել, բոլորին տեղափոխել են Երևան: «Ստիպված սկսել ենք մենք բուժել այդ երեխային, երեկ հեռախոսով խորհրդակցել ենք Երևանի բժիշկների հետ, դեղորայքի առաջին դոզան ենք ներարկել, երեխայի վիճակը դեռևս կայուն ծանր է»,- ասաց նա։ 

Բժշկուհի Հասմիկ Վերդյանը նշեց, որ լեյշմանիոզ հիվանդությունն արտահայտվում է բարձր ջերմությամբ՝ մինչև 40 աստիճան, լյարդի, փայծաղի մեծությամբ, ինչպես նաև առաջացնում է անեմիա՝ արյան հեմոգլոբինն իջնում է շատ ցածր մակարդակի, և այս նշված ախտանիշներն առկա են 4 ամսական երեխայի մոտ։   

4 ամսական երեխան «Արևիկ» մանկական հիվանդանոց է ընդունվել դեկտեմբերի 16-ին, և մինչ օրս Երևան տեղափոխելը չի հաջողվում:

«Այս պահին մեր հիվանդանոցում կան ծանր վիճակում գտնվող մի քանի երեխաներ, բայց Երևան տեղափոխել կցանկանայինք միայն այդ 4 ամսական երեխային, որի բուժումը երբեք չենք իրականացրել ԼՂ-ում»,- ասաց բժշկուհին ու նշեց, որ հիվանդանոցում արդեն իսկ դեղորայքի պակաս կա, նույնիսկ դեղատներում մարդիկ չեն կարողանում հակաբիոտիկներ գնել: «Դեղորայքի պակաս կա հիվանդանոցում, թեպետ ղեկավարները փորձում են լրացնել դեղորայքի պակասը, բայց համեմատելի չէ նախքան ճանապարհը փակված լինելու իրավիճակին։ Ներարկման ու խմելու համար նախատեսված հակաբիոտիկների խիստ պակաս կա, արդեն դեղատներում էլ չկան հակաբիոտիկներ՝ նույնիսկ խմելու համար նախատեսված»,- շեշտեց Հասմիկ Վերդյանը։ 

Նշենք, որ արդեն 8 օր է՝ Շուշիի հատվածում մի խումբ ադրբեջանցիներ փակել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ ԼՂ-ում ստեղծելով հումանիտար աղետ։ Ադրբեջանցիները թեպետ ներկայացել են իբրև բնապահպաններ, որոնք իբր նպատակ ունեն ԼՂ-ում գործող Կաշենի հանքավայր մտնել ու ստուգումներ իրականացնել, սակայն քաղաքական պահանջներ են առաջ բերում։ «Բնապահպանների» պահանջների ցանկում է՝ Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների հետ համատեղ Ադրբեջանի կողմից անցակետեր տեղակայելու անհրաժեշտությունը, ողջ Լեռնային Ղարաբաղի տարածքում, այդ թվում՝ հայաբնակ բնակավայրերում, Ադրբեջանի մի շարք պետական կառույցների տեղակայումը։

Ընդգծենք, որ այսօր՝ դեկտեմբերի 19-ին, առաջին դեպքն է գրանցվել, որ Ստեփանակերտից ծանր հիվանդ են կարողացել Կարմիր խաչի մեքենաների ուղեկցությամբ տեղափոխել Երևան, մինչդեռ 4 ամսական երեխայի ճակատագիրը մնում է անհայտ։ 

Նարա Մարտիրոսյան