Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրի-Երևան ճանապարհին «Գազելի»-ի ողբերգական վթարի քրգործով հարցաքննվածներ չկան, կասկածյալներ և մեղադրյալներ՝ նույնպես․ տուժածներից 4-ը դեռևս վերակենդանացման բաժանմունքում են

Գյումրի-Երևան ճանապարհին «Գազելի»-ի ողբերգական վթարի քրգործով հարցաքննվածներ չկան, կասկածյալներ և մեղադրյալներ՝ նույնպես․ տուժածներից 4-ը դեռևս վերակենդանացման բաժանմունքում են
Հասարակություն
13:31, 25 октябрь 2021
Օրերս Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթարի ենթարկված «Գազելի» դեպքով հարուցված քրեական գործը նախաքննության փուլում է: Վեց անձի մահվան պատճառ դարձած վթարի գործով դեռևս որևէ մեկը չի հարցաքննվել` կասկածյալներ ու մեղադրյալներ չկան: Այս մասին Cvic.am-ին հայտնեց ՔԿ խոսնակ Վարդան Թադևոսյանը:

Նշենք, որ «Գազելի» կողաշրջման հետևանքով տեղում մահացել էր հինգ անձ, տասնյոթ անձ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին ԲԿ-ներ, որոնցից մեկը` մահացել էր «Արմենիա» ՀԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: 

«Արմենիա» ԲԿ-ի տնօրենի տեղակալ Աշոտ կուրղինյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այս պահին հիվանդանոցում յոթ հոգի բուժում է ստանում, որոնցից չորսը վերակենդանացման բաժանմունքում են. «Վերակենդանացման բաժանմունքում վեցն էին, մեկը, ցավոք, մահացել է, մյուսը տեղափոխվել է նեյրովիրաբուժական բաժանմունք: Հիվանդներից 1-ի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, մյուսները կայուն ծանր վիճակում են»:

Աշոտ Կուրղինյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր, որ ՀԲԿ տեղափոխված անձանց մեծ մասը երիտասարդներ են:

Ըստ ՔԿ-ի հաղորդագրության` դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի շրջադարձային հատվածում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում չեն ապահովվել անվտանգության կանոնները։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 230-րդ հոդվածի 2-րդ մասով: