Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այս պահին նման բան չկա, տարբեր բանակցություններ կան». Արամ Աբրահամյանը՝ «Առավոտ»-ը Ռուբեն Վարդանյանին վաճառելու մասին

«Այս պահին նման բան չկա, տարբեր բանակցություններ կան». Արամ Աբրահամյանը՝ «Առավոտ»-ը Ռուբեն Վարդանյանին վաճառելու մասին
Հասարակություն
19:45, 12 январь 2023
Civic.am-ին տեղեկություններ էին հասել, որ Արցախի պետնախարար, ռուսաստանյան մեծահարուստ Ռուբեն Վարդանյանը վերջերս դարձել է «Առավոտ» օրաթերթի և aravot.am կայքի բաժնետեր։ Ըստ այդմ՝ նա նաև պատրաստվում է զարգացնել կայքի վիդեո բաժինը և online TV-ն, և այդ առթիվ նոր լրագրողներով է համալրվում «Առավոտը», որը 2018-ից հետո դիրքավորվել է որպես Փաշինյանի իշխանությանը ընդդիմադիր լրատվամիջոց։ 

Արամ Աբրահամյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին նման բան չկա, բայց կան տարբեր բանակցություններ. «Եթե սեփականատիրոջ փոփոխություն լինի, դա կերևա պետռեգիստրում, ՊԵԿ-ում։ Այս պահին նման բան չկա, տարբեր բանակցություններ կան»։ 

Մեր հստակեցմանը, թե տեղեկություններ կան, որ անգամ նոր լրագրողներով է համալրվում «Առավոտի» վիդեո բաժինը, Աբրահամյանն ասաց. «Հնարավոր է նման բան։ Եթե որևէ ներդրող գտնվի, շատ լավ կլինի»։  

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի հետ Միութենական պետության կողմնակից է և դեմ չէ ՀՀ-ն ՌԴ կազմում տեսնելուն։ Ըստ նրա՝  եթե «անխուսափելի է որևէ ճամբարում հայտնվելը, ապա գոնե Հայաստանը պետք է դառնա Ռուսաստանի ամենահաջողված ռեգիոնը, ինչպիսին է, օրինակ, Թաթարստանը»։ 

Հետաքրքիր է, թե ինչ փոփոխություն կկրի լրատվամիջոցի քաղաքականությունը, եթե գործարքը կայանա։