Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է մեքսիկացի սենատորներին

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է մեքսիկացի սենատորներին
Հասարակություն
10:26, 04 апрель 2023
Ապրիլի 3-ին  Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մեքսիկայի սենատորներ Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումի և Ինդիրա Կեմպիս Մարտինեսի գլախավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Մեքսիկայի պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոստանդյանի։

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հայոց Հովվապետն ի դեմս սենատորների իր երախտագիտությունը հայտնեց Մեքսիակայի Սենատին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի  ընդունման համար։ Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը բերեց սենատորներ Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումին և Ինդիրա Կեմպիս Մարտինեսին Սենատում և միջազգային ատյաններում արցախահայության իրավունքների պաշտպանության գործում ներդրած ջանքերի համար։

Վերհիշելով հայրապետական իր այցը Մեքսիկա՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ հայկական համայնքի նկատմամբ Մեքսիկայի իշխանությունների հոգատար վերաբերմունքին, ինչը նաև մեծ գնահատանք է հայորդիների ծառայությանը՝ ի նպաստ Մեքսիկայի առաջընթացի։

Հանդիպմանը, սենատորները շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հաստատեցին, որ Նորին Սրբության օրհնությունն առավել պարտավորեցնող է էլ ավելի նախանձախնդրորեն պայքարելու հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին և Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող հարցերին։