Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քննիչը, որը իրեղեն ապացույցները ոչնչացրել է, հիմա դատավոր է». խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերն արդարադատության նախարարից պահանջում են վեթինգ իրականացնել

Այսօր՝ մայիսի 4-ին, Կառավարության շենքի դիմաց կրկին հավաքվել էին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները՝ սևազգեստ մայրերը. նրանց զոհված որդիների գործերը տարիներ շարունակ նախաքննության փուլում են, սակայն մեղադրյալներ չկան։  
«Արդարացրել են ում որ մեղադրում են անփութության մեջ՝ կապի հանգույցի պետին ու նրա տեղակալին, և զինվորի մահն այդպես էլ չի բացահայտվել»,- ասում է զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը։ 

Ներկայիս Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2020թ. սկսած վարչապետի հանձնարարությամբ իրավաբանների խմբի հետ հանձնաժողով է ստեղծել և շուրջ 2 տարի ուսումնասիրել է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողներից 5-ի՝ Տիգրան Օհանջանյանի, Վալերիկ Մուրադյանի, Արթուր Ղազարյանի, Անդրանիկ Մկրտչյանի, Լևոն Թորոսյանի գործերը։ 

«Հանձնաժողովը տվեց եզրակացություն, որ 5 քրեական գործերը, որոնք որակվել էին որպես դժբախտ պատահարներ, ինքնասպանություններ՝ դրանք բոլորը սպանություններ են»,- նշում է զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը։ 

5 քրեական գործերով ծնողները ցուցակ են կազմել, իրենց խոսքով՝ հանցագործությունները կոծկողների ցուցակն է, որում առկա են քննիչների, դատախազների, դատաբժիշկների և մի շարք նախկին պաշտոնյաների անուններ։

Գլխավոր դատախազից ակնկալում են վերաորակել գործերը, որպեսզի ինքնասպանության հասցնելու, դժբախտ պատահարների կամ հիվանդության կեղծ վարկածով հաստատված քրեական հոդվածները փոխվեն։ Իսկ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին էլ դժգոհում էին, թե ինչպես է հնարավոր նախկինում քննիչ աշխատած, օրինակ, Կրկյաշարյան Արտակին վճռաբեկ դատարանի դատավոր նշանակել՝ առանց նրա անցյալը հաշվի առնելու։  

«Մենք արդարադատության նախարարի հետ խոսում էինք Կրկյաշարյան Արտակի մասին, ով Տիգրան Օհանջանյանի գործով եղել է 2-րդ քննիչը, որ իրեղեն ապացույցները փչացրել է, ոչնչացրել է»,- հավելում է Տիգրան Օհանջանյանի մայրը։ 

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն էլ վստահեցնում է, որ այսուհետ դատավորների բարեվարքությունն անպայման ստուգվելու է։  

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում