Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ասում էին՝ Հյուսիսային պողոտան էլիտար մարդկանց համար է․ 5 հազար մարդ զրկվել է Կենտրոնում իր տնից․ նպատակը կառուցումը չէր, այլ Քոչարյանի գումար վաստակելը»․ տուժած սեփականատեր

«Ասում էին՝ Հյուսիսային պողոտան էլիտար մարդկանց համար է․ 5 հազար մարդ զրկվել է Կենտրոնում իր տնից․ նպատակը կառուցումը չէր, այլ Քոչարյանի գումար վաստակելը»․ տուժած սեփականատեր
Հասարակություն
20:13, 10 июнь 2021
Արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը երեկ Նոր Նորք վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց․ «1997-1998 թվականներին քաղաքում եղել է ընդամենը 3 լուսավորված փողոց։ Հիմա մենք վերադառնում ենք քաղաքը նորից շինհրապարակի վերածելու համար, աշխատատեղեր ստեղծելու, ձեր կյանքի որակը բարելավելու համար»։

Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին Հյուսիսային պողոտայի կառուցման նպատակով քանդված տների սեփականատերերից Սեդրակ Բաղդասարյանը՝ Civic.am-ի հետ զրույցում անդրադառնալով Քոչարյանի այն արտահայտությանը, թե վերադառնում ենք քաղաքը նորից շինհրապարակի վերածելու համար՝ ընդգծեց․ «Հյուսիսային պողոտայի գործընթացը երբ սկսվեց, ոչ թե քաղաքի կառուցումն էր նպատակը, այլ, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը գումար վաստակի։ Նա այդ ժամանակ այցելեց Երևանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանին և ասաց՝ «փողի վրա նստած փող ես ուզում»։ Կենտրոնի բնակիչները, ում տները քանդվեցին որևէ մեկը չստացավ բնակարան Կենտրոնում»։

Մեր զրուցակիցը հիշատակեց, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագիրը հաստատվել է ՀՀ Սահմանադրության խախտմամբ․ «Այդ ժամանակ գործող Սահմանադրությամբ՝ քաղաքացիների սեփականությունը երաշխավորված էր և քաղաքացու սեփականությունը պետական կարիքի համար պետք է օտարվեր միայն օրենքի հիման վրա՝ համարժեք փոխհատուցմամբ։ Դա 1999թ․ ՍԴ որոշումն էր։ Բայց մի մարդ, որը տեղեկանք բերեց, որ ինքը իբր տասը տարի եղել է ՀՀ քաղաքացի արհամարհեց բոլորին, և այդ մարդու համար Սահմանադրություն խախտելը սովորական երևույթ է»։ 

Սեդրակ Բաղդասարյանի խոսքով՝ կառավարության որոշմամբ Հյուսիսային պողոտայի կառուցված շենքերի բարձրությունը պետք է լիներ Օպերայի շենքի 3-րդ հարկի բարձրության՝ 21-23 մետր․ «Մոտավորապես 7 հարկանի շենքեր պետք է լինեին, բայց կառուցվեցին 14-16 հարկանի շենքեր։ Այդ շինարարության ընթացքում՝ ես ցիտում եմ դատախազության կողմից կազմված նամակը, այն գրվել է 2006թ․ «այդ ընթացքում քանդվել՝ ոչնչացվել է 29 պատմամշակութային հուշարձան շենք»»։ 

Մեր զրուցակիցը թվելով իր խոսքով ոչ օրինական գործարքի փաստերը՝ մեջբերեց․ «2002թ․ ՀՀ կառավարության որոշումը, որը ստորագրել է Ռոբերտ Քոչարյանը այնտեղ նշված է, որ Երևանի կենտրոնի 345 հազար քմ տարածքը պետք է վերցվի պետական կարիքների համար՝ այսինքն Ռոբերտ Քոչարյանի կարիքների համար։ Նա թքած ունի մեր մշակույթի վրա, նա քանդեց մեր մշակույթը, որ շատ ծանր է»։

Սեդրակ Բաղդասարյանի տունը գտնվել է Բուզանդի փողոցի վրա՝ մեծահարուստ Աբրահամյանի շենքի բակում․ «Աբրահամյանի տունը՝ դա պատմամշակութային հուշարձան շինություն էր։ Աբրահամյաններն այն 6 մեծահարուստներից էին, ովքեր Երևան քաղաքին ջուր են նվիրել։

Իմ տունը քանդեցին 2005թ․ դեկտեմբերի 25-ին, եկան ոստիկաններով լցվեցին, առանց մի կոպեկ տալու, վեշերը քանդեցին, ջարդեցին, գցեցին փողոց, թուրքը տենց բան չէր անի։ Դատարանի վճիռ կար, որ իմ ընտանիքը՝ ես, կինս ու երկու անչափահաս երեխաներս պետք է հեռանայինք տանից, բայց թե ու՞ր պետք է գնամ՝ ոչ մի տեղ։ Փոխհատուցում ստացա տունս քանդելուց հետո՝ 2006թ․ հունվարին, որով կարող էի գնել 1 սենյականոց բնակարան 9-րդ մասիվում»։ 

Մեր զրուցակիցը պատմեց, որ 2004-2005թթ․ մարդիկ էին գնում կենտրոնի այդ հատվածի բնակիչների տները, գնահատում տան արժեքը, և առաջարկում պայմանագիր կնքել՝ ըստ որի բնակիչները վաճառում են իրենց բնակարանը պետական կարիքների համար, իսկ ովքեր չեն ստորագրել պայմանագիրը՝ դատարանի վճռով վտարվել են իրենց տներից։

«ՄԻԵԴ-ը պարտադրեց, օրինակ վերջին գործերից նշեմ, Յուրի Վարդանյանին վճարել 1մլն 600 հազար եվրո փոխհատուցում՝ քաղաքացու սեփականության դիմաց, այդ գումարը ՀՀ-ն վճարում է հարկատուների հաշվից։ Փողը լափեց կերավ Քոչարյանն իր թիմով՝ Դավիթ Համբարձումյան, Երվանդ Զախարյան և այլն, բայց ՄԻԵԴ-ի գործերով գումարները վճարեց ՀՀ քաղաքացին»,-ասաց Սեդրակ Բաղդասարյանը։ 

Նրա հավաստմամբ՝ Հյուսիսային պողոտան կառուցելիս 5000 սեփականատերեր իրենց ընտանիքներով տուժել են, ոչ մեկին չեն առաջարկել բնակարաններ Հյուսիսային պողոտայում․ «Անգամ դատարանում քաղաքապետարանի ներկայացուցիչը հայտարարեց, որ այդտեղ կառուցվում է էլիտար շենքեր՝ էլիտար մարդկանց համար և սեփականատերերին չեն առաջարկում և չեն էլ նախատեսում առաջարկել բնակարաններ»։ 

Մեր զրուցակցի խոսքով Եվրոպական դատարանում մոտ երկու տասնյակ քաղաքացի շահել է գործը՝ այդ թվում ինքը․ « ՄԻԵԴ-ը պարտադրեց գումար վճարել, սակայն Եվրոպական դատարանն այն կառույցը չի, որ վերահաշվարկի ՀՀ-ում մեկ քառակուսի մետրն ինչքան գումար է, ուղղակի սիմվոլիկ գումար է սահմանում»։ 

Սեդրակ Բաղդասարյանը համոզված է, որ պետական կարիքներ ասվածի տակ քանդել են Հյուսիսային պողոտայի տարածքում ապրող բնակիչների՝ այդ թվում իր տունը՝ մասնավոր շահերի համար․ «Եթե պետական կարիք ասվածի տակ լիներ այն հարցը, որ իմ տունը գնում է Ղարաբաղի անկախության համար՝ ես իմ տունը կնվիրեի»։ 

Նարա Մարտիրոսյան


Ստորև ներկայացնում ենք Տիգրան Պասկևիչյանի «Օտարում»  ֆիլմը։