Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարգևատրել է 12 եզդի ուսուցիչների

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարգևատրել է 12 եզդի ուսուցիչների
Գիտություն
19:19, 09 март 2022
Կրթության դաստիարակության ոլորտում ներդրված ավանդի համար և «Շամս» հայատառ այբբենարանի հրատարակման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացավ 12 եզդի ուսուցիչների պարգևատրման արարողությունը:

 ԿԳՄՍ վարչության պետ Արսեն Բաղդասարյանը նշեց, որ նախարարությունը շատ բարձր է գնահատում ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման գործընթացը Հայաստանում և իրականացնում է բոլոր հնարավոր քայլերը ուսուցման որակի բարելավման գործընթացի համար։
«Անցած տարի մեկնարկեց և փորձարկվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը։ Այն նախատեսվում է իրականացնել նաև ազգային փոքրամասնությունների լեզուները դասավանդող ուսուցիչների համար։ Նրանք ևս կարող են անցնել կամավոր ատեստավորման գործընթացը, և բնականաբար, օգտվել այն հնարավորություններից ինչը ընձեռում է այդ գործընթացը»,- նշեց Բաղդասարյանը։ 

ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդում եզդի համայնքի ներկայացուցիչ Հասան Թամոյանի համոզմամբ արարողությունը պատմական է։ Վերջինիս խոսքով՝ եզդիերեն դասավանդվում են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում և Երևանի չորս տասնյակ դպրոցում, որը  նպաստում է եզդիերենի պահպանմանն ու զարգացմանը։

«Աշխարհի և ոչ մի երկրում ՀՀ-ից զատ եզդին իր մայրենի եզդիերեոնով կրթություն չի ստացել և չի ստանում։ Լիահույս ենք, որ եզդիները ցույց կտան աշխարհին, որ իրենք ևս ընդունակ են կրթվելու և ուսում ստանալու։ Այն, ինչ Հայաստանում արվել է եզդի ժողովուրդների հայաստանյան համայնքի համար, իր նմանը չունի և ոչ մի երկրում։ Այս ամենի ապացույցն է մեր դարավոր եղբայրությունը, որը պատմության ոչ մի հատվածում չի ստվերվել»,- շեշտեց Թամոյանը։

Վերջինս անդրադառնալով նաև խնդիրներին, որոնց  լուծումներն իր համոզմամբ կբարելավի եզդիերենի դասավանդումը՝ նշեց, որ ուսուցիչների ճնշող մեծամասնությունը չունի մասնագիտական կամ բարձրագույն կրթություն։

«Առաջարկում եմ որոշ ընդառաջումներով ՀՊՄՀ համալսարան ընդունել գործող ուսուցիչներին, ովքեր կրթություն ստանալով՝ ավելի ամուր հիմքերի վրա կդնեն լեզվի դասավանդումը։ Դպրոցների մեծ մասում եզդիերենը դասավանդվում է խմբակների տեսքով և դասերից հետո, ինչը բավականին դժվարացնում է դասավանդման արդյունավետությունը»,- առանձնացրեց նա։

ԿԳՄՍ վարչության պետն էլ վստահեցրեց, որ նախարարությունը չի խուսափում խնդիրներից և դրանք բարձրաձայնելուց։ Նա ընդգծեց, որ իրենք մշտապես պատրաստ են և բաց են քննարկումների համար։ Շեշտեց՝ խնդիրները աստիճանաբար գտնում են իրենց լուծումները։