Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Վաղ թե ուշ Հայաստանում բուհերը խոշորանալու են, սրանից խուսափել հնարավոր չէ». ԿԳ նախկին նախարարներ Արմեն Աշոտյանն ու դաշնակցական Լևոն Մկրտչյանը երկու ձեռքով կողմ էին բուհերի խոշորացմանը

«Վաղ թե ուշ Հայաստանում  բուհերը խոշորանալու են, սրանից խուսափել հնարավոր չէ».  ԿԳ նախկին նախարարներ  Արմեն Աշոտյանն ու դաշնակցական Լևոն Մկրտչյանը երկու ձեռքով կողմ էին բուհերի խոշորացմանը
Գիտություն
16:10, 14 октябрь 2022
Կառավարության մտադրությունը՝ սկսել  բուհերի խոշորացման գործընթաց, ինչպես և կանխատեսվում էր, ընդունվեց  սվիններով։ Ընդհանրապես խոշորացում, օպտիմալացում եզրույթի նկատմամբ մեզանում առկա է չհիմնավորված կանխակալ վերաբերմունք, և այն նույնացվում է բացասական երևույթի՝ փակել-վերացնել-կրճատելու հետ։  Մինչդեռ «օպտիմալ» նշանակում է առավելագույն, լավագույն տարբերակ: Հիշենք, թե ինչպիսի դիմակայության հանդիպեց 2019 թ.-ին մի շարք նախարարությունների օպտիմալացման գործընթացը։  Նույնպիսի դիմակայության էլ ավելի վաղ հանդիպել են նաև առողջապահական համակարգում իրականացված օպտիմալացման ծրագրերը։  

Մասնավորապես Բրյուսովի անվան պետական  համալսարանը,  Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը  Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին միավորելու  վերաբերյալ ԿԳՄՍՆ-ի գաղափարը  փողոց է հանել հիշյալ  բուհերի մի խումբ ուսանողների, որոնք դեմ են նման գործընթացին։  ԿԳՄՍ նախարար  Վահրամ Դումանյանը  օրերս ԶԼՄ-ների հետ զրույցում ասաց, թե բուհերի միավորման  գաղափարը նոր չէ, այն քննարկվում է տարիներ շարունակ և մասնավորապես  «Բրյուսովի, Մանկավարժականի ու Ֆիզկուլտի միավորմամբ ընդամենը 2 ռեկտոր պակաս կունենանք, 3 շենքերն էլ պահպանվելու են»։ 

Նկատենք, որ միավորման գաղափարին ընդդիմացողների թվում են նաև  ՀՀԿ խորհրդի անդամ բրյուսովցի երկու տիկնայք՝ Տաթև  Թադևոսյանն ու Հասմիկ Ափյանը։ Առաջինն իր ֆեյսբուքյան էջում  մասնավորապես գրել էր. «Սև ամպեր են կուտակվել Բրյուսովի գլխին:  Իհարկե, որպես բրյուսովական ցավ եմ ապրում, որ այսօր բուհս դառնում  է նիկոլի իշխանության հերթական զոհը»։ Բրյուսովական տիկինն այնուհետ  վուլգար բառապաշարով շարադրանքը տարել, հանգեցրել էր «Դիմադրություն»  շարժման թեմային՝ գանգատվելով. «Սիրելի՛ ուսանողներ, ամիսներ առաջ մենք՝ ձեր նման երիտասարդներս,  ուսանողներս դրսում էինք, որովհետև ձեր նման մենք էլ կորցնելու բան ունեինք, ուղղակի մենք բուհ չէինք կորցնում, այլ երկիր, ու խնդրում էինք ձեզ միանալ, պայքարել, պաշտպանել մեր երկիրը: Իսկ դուք անտարբեր էիք... Հիմա երևի կհասկանաք մեզ, կհասկանաք ինչ ցավ է, երբ փորձում են քեզնից խլել քոնը, ամենաթանկն ու նվիրականը...»։ 

Մյուս ՀՀԿ-ական տիկինն էլ՝ Հասմիկ Ափյանը,  իր հերթին  զարգացնելով   «սև ամպերի» կուտակման թեման՝ արտածել էր դեռ 2018-ից  կուտակված ոխը. «Այս ոչ բարով իշխանությունները Բրյուսովի դեմ արշավը սկսել էին դեռ չարաբաստիկ 2018թ.-ի ապրիլից։  Այն ժամանակ իրավիճակի լրջությունը պատկերացնող, Բրյուսովի ներկայով ու ապագայով մտահոգ ուսանողները և որոշ նվիրյալ դասախոսներ պայքար սկսեցին՝ անելով անհնարինը կանխելու Բրյուսովի սպասվելիք կործանումը։  Նրանք լավ էին գիտակցում, թե ինչ մութ ամպեր են պատել մեր համալսարանի երկինքը։  ...Հետաքրքիր է, «Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին» երգով համալսարանի զանգը փոխող Բրյուսովի «ոչ բրյուսովական» ղեկավարությունը, որ այն ժամանակ առաջնորդվեց «Король умер. Да здравствует новый король!» կարգախոսով և ինձ էլ առաջարկում էր իրենց նման ևս տեղավորվել նոր իշխանությունների մոտ, արդյոք հիմա գոնե գիտակցո՞ւմ է, թե ինչ օրի հասցրին մեր համալսարանը իրենց պահվածքով ու այս վերջին տարիների իրենց ծավալած «հետև մտնելու»  քաղաքականությամբ։ ...Բա դուք ամո՞թ ունեք, գոնե հիմա՛ փորձեք մի օգուտ տալ»։ Տիկինը կոչ է արել ոտքի կանգնել մյուս բուհերի ուսանողներին և նշել. «Այս պայքարը չպետք է օգտագործվի Բրյուսովի ոչ բրյուսովական ղեկավարության կողմից՝ որպես նորովի տեղավորվելու, ստամոքսը լցնելու հերթական միջոց։  Ողջունելով պայքարող ուսանողներին՝ կոչ եմ անում զգոն լինել և նման երևույթների ձեռքին գործիք չդառնալ՝ դատապարտվելով հիասթափության։ Ոտքի՝ փրկելու մեր բոլորի ալմա մատերը՝ Բրյուսովի համալսարանը»։

Սույն բրյուսովական  տիկնանց «վայելչախոս» գրառումները, նկատենք, զետեղվել են ՀՀԿ-ի պաշտոնական կայքում։ 

Այն, որ բուհերի խոշորացման գաղափարը  եղել է նաև նախկին իշխանությունների օրակարգում, անհերքելի է։  
ՀՀԿ-ական  վերոհիշյալ տիկնայք գուցե  այս թեմայով հարցո՞ւմ անեն իրենց քաղաքական ղեկավարությանը, մասնավորապես ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշտոյանին՝ պարզելու  նրա վերաբերմունքը բուհերի խոշորացմանը։  Մինչ տիկնայք կհետևեն  հորդորին՝ մեջբերենք պարոն Աշոտյանի՝ նախարար եղած ժամանակվա երկու հայտարարություն։ «Բուհերի խոշորացումը Հայաստանում վաղ թե ուշ պետք է իրականացվի: Դրա համար հիմք են հանդիսանում ստեղծված օբյեկտիվ պատճառները՝ գիտամանկավարժական ներուժի մեկտեղման, կոնսոլիդացման և ֆինանսական արդյունավետ կառավարման խնդիրները, ինչպես նաև մի շարք այլ պատճառներ: Բուհերի խոշորացումը ներքին պահանջ է, դրա համար հիմք են ծառայում այն հստակ տվյալները, որոնք մենք ունենք Հայաստանի կրթական համակարգի մասին»։ Աշոտյանը չէր զլացել և մի քանի փաստ էր վկայակոչել՝  4 տարի առաջ Հայաստանում գործում էին 90 մասնավոր, 22 պետական և միջպետական բուհեր իրենց մասնաճյուղերով: «Այս ցուցանիշը զավեշտալի էր մեր երկրի համար: Ես շատ ուրախ կլինեի, եթե այդքան մեծ թվով բուհերը կարողանային ապահովել բարձրորակ կրթություն: Ուժեղացնելով բուհերի վերահսկողությունը, խստացնելով կրթության որակի նկատմամբ մեր պահանջները և մշակելով այլ առաջարկներ՝ կարողացանք հասնել նրան, որ 2012 թվականին ՀՀ-ում  մասնավոր բուհերի թիվն իջավ 35-ի: Սակայն պետք է նշեմ, որ այս քայլերն էլ դեռ բավարար չեն»:

Նախարար Աշոտյանը թեմային անդրադարձավ նաև երկու տարի անց՝ 2014-ին։ «Հայաստանում առկա է բուհերի խոշորացման հրամայական, և եթե ոչ այսօր, ապա ավելի ուշ մեր երկրի բուհերը կխոշորանան։ Ցանկացած միավորում պետք է լինի հիմնավորված, այդ թվում՝ կրթության բովանդակության տեսակետից: Մենք կարծում ենք, որ բուհերի խոշորացման հրամայականը Հայաստանում կա: Եվ սա աներկբա է: Անկախ նրանից՝ ով որ բուհի ռեկտորն է, որ ամբիոնի վարիչն է, ով ինչ պաշտոնում է:  Պաշտոնյաների գոյության իմաստը համակարգի սպասարկումն է, ոչ թե սեփական գոյությունն այդ պաշտոնում: Եթե ոչ այսօր, ապա վաղ թե ուշ Հայաստանում, միևնույն է, բուհերը խոշորանալու են, սրանից խուսափել հնարավոր չէ»: «Միավորումը բովանդակային գործընթաց է, այս ամենը տարիների աշխատանք է ենթադրում, կպսակվի՞ դա դե յուրե միավորմամբ, կապրենք, կտեսնենք»,- նշել էր նախարարը: 

Ի դեպ, կրթական հաստատությունների  օպտիմալացման, բուհերի խոշորացման գաղափարը  եղել է նաև Աշոտյանին հաջորդած նախարարի՝ ՀՅԴ-ական Լևոն Մկրտչյանի  օրակարգում, տեղ գտել բարձրագույն կրթությանն առնչվող օրենսդրական նախագծերում։

Դաշնակցական նախարարը  համարում էր, որ պետությունը կարող է իր քաղաքականությամբ, բայց ոչ թե մտրակով, ճնշելով, նպաստել, որ խոշորացման գործընթացներ գնան՝ ինչպես ոչ պետական, այնպես էլ պետական բուհական համակարգում: Մասնավորապես 2016 թվականին «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի ներկայացման ժամանակ  Մկրտչյանը  ազդարարեց. «Օրենքը լավ հիմքեր է ստեղծում համալսարանների խոշորացման համար: Մենք պետք է հասկանանք, որ 300-400 ուսանող   ունեցող բուհը չի կարող որակյալ համալսարանական կրթություն ապահովել: Միջազգային պրակտիկայում նման բան ուղղակի չկա: Նման հաստատությունը չի կարող  որակ ապահովել: Մենք պետք է փորձենք վերջ դնել համալսարանների այսօրվա շքերթին»:

Ի դեպ, պարոն նախկին նախարարի կուսակից  մի տիկին՝ «Հայաստան» դաշինքի  պատգամավոր Լիլիթ Գալստյանը,  խոսելով   գործող իշխանության կողմից առաջ քաշված՝ բուհերի  միավորման հին, բայց նորացված գաղափարի մասին,  այն ներկայացրել  է ամենադժնդակ բառապաշարով՝  որակելով «օդից ընկած»,  «ազգային կրթության նկատմամբ պլանավորված քանդման ծրագիր»։ 

Ժամանակին ՀԼԿԵՄ Երքաղկոմի պրոպագանդայի բաժնի վարիչ աշխատած տիկին Գալստյանի մոտ, ակնհայտ է, կրկին  ի հայտ են եկել հիշողության սելեկտիվ կորստի նոպաներ, այլապես «կգուգլեր» «բուհերի խոշորացում» բառակապակցությունը,  կվերհիշեր կրթության նախկին փառապանծ նախարարների հայտարարություններն այս թեմայով ու... անհարմար դրության մեջ չէր հայտնվի։ 

Ելենա Ազատյան