Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շրջանավարտներին հնարավորություն է տրվում 2 անգամ հանձնել քննություն, վերջնական է համարվում ամենաբարձր արդյունքը․ ԿԳՄՍ նախագիծը

Շրջանավարտներին հնարավորություն է տրվում 2 անգամ հանձնել քննություն, վերջնական է համարվում ամենաբարձր արդյունքը․ ԿԳՄՍ նախագիծը
Գիտություն
11:14, 13 ноябрь 2022
Ներկայում 12-րդ դասարանում քննությունները կազմակերպվում են ուսումնական տարվա ավարտին եւ շրջանավարտներին տրվում է մեկ հնարավորություն՝ բուհ ընդունվելու համար:

Գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ԿԳՄՍ-ն նախագիծ է մշակել, ըստ որի՝ 2022 թվականին միասնական և ավարտական քննությունների տրամաբանությունը փոխվել է, շրջանավարտներին հնարավորություն է տրվում երկու անգամ հանձնել քննոււթյուն, և վերջնական է համարվում ամենաբարձր արդյունքը:
 
Նշենք, որ յուրաքանչյուր տարվա 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարաններում ավարտական և 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների անցկացման օրերը հաստատվում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի անհատական իրավական ակտով: 

4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում է.
1) «Մայրենի» առարկայից` գրավոր (թեստ). քննությանը տրվում է 60 րոպե.
2) «Մաթեմատիկա» առարկայից` գրավոր (թեստ). քննությանը տրվում է 60 րոպե.
3) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար նաև՝ «Ռուսաց լեզու» առարկայից` բանավոր` քննաշրջանի ընթացքում.
4) Ազգային փոքրամասնությունների դասարաններում նաև՝ իրենց մայրենի լեզու և գրականություն առարկայից` բանավոր` քննաշրջանի ընթացքում.
5) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների ցանկության դեպքում «Մաթեմատիկա» առարկայի թեստերը թարգմանվում են ռուսերեն։

 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգումը անցկացվում է հունիսի առաջին աշխատանքային օրվանից 15 օրվա ընթացքում:

Հաստատությունների 9-րդ դասարանի սովորողները հանձնում են ավարտական քննություններ. 
1) «Հայոց լեզու» առարկայից` գրավոր թեստ.քննության տևողությունը` 90 րոպե.
2) «Գրականություն» առարկայից՝ բանավոր.
3) «Հայոց պատմություն» առարկայից՝ բանավոր.
4) «Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր․ քննության տևողությունը` 90 րոպե.
5) «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ) առարկայից՝ գրավոր (թեստ). քննության տևողությունը` 120 րոպե.
6) «Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ) առարկայից՝ բանավոր.
7) «Ֆիզկուլտուրա» առարկայից` քննաշրջանի ընթացքում (նորմատիվների հանձնում).

Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար սահմանված գիտելիքների ստուգումն անցկացվում է նաև «Ռուս գրականություն» առարկայից՝ բանավոր` քննաշրջանի ընթացքում.
9) Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար անցկացվում է նաև գիտելիքների ստուգում «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից՝ բանավոր՝ քննաշրջանի ընթացքում:
1. Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն») առարկայի ավարտական քննության թեստը սովորողի ցանկության դեպքում թարգմանվում է ռուսերեն։
2. 9-րդ դասարանում գրավոր աշխատանքները ստուգվում են 20 միավորանոց համակարգով:
9-րդ դասարանում բանավոր քննության ժամանակ սովորողի պատասխանը գնահատվում է 10 միավորանոց համակարգով։ 
9-րդ դասարաններում ավարտական քննությունները անցկացվում են հունիսի առաջին աշխատանքային օրվանից 30 օրվա ընթացքում:
    
12-րդ դասարանում շրջանավարտները հանձնում են պետական ավարտական    քննություններ. 
1) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից՝ գրավոր (թեստ) քննության տևողությունը` 120 րոպե:
2) «Հայոց պատմություն» առարկայից՝ գրավոր (թեստ)` քննության տևողությունը` 120 րոպե:
3) «Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (թեստ)`քննության տևողությունը` 120 րոպե:
4) «Ֆիզկուլտուրա» առարկայից` նորմատիվների հանձնում (ստուգարք) հունիսի 6-րդ աշխատանքային օրվանից մինչև քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում,
5) «Ռուս գրականություն» առարկայից՝ բանավոր`(ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար) սովորողի ընտրությամբ՝ քննաշրջանի ընթացքում. 
6) «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից բանավոր` (ազգային փոքրամասնությունների դասարանների համար)` սովորողի ընտրությամբ՝ քննաշրջանի ընթացքում: 

12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունները անցկացվում են հունվարի երկրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվանից 10 օրվա ընթացքում և հունիսի առաջին աշխատանքային օրվանից 30 օրվա ընթացքում: