Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշխատանքային քննարկում՝ արտադպրոցական կրթության կազմակերպման խնդիրների վերաբերյալ

Աշխատանքային քննարկում՝ արտադպրոցական կրթության կազմակերպման խնդիրների վերաբերյալ
Գիտություն
19:39, 12 июль 2023
ՀՀ կրթությանգիտությանմշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է Երևանի և ՀՀ մարզերի արվեստի և երաժշտության մի շարք դպրոցների տնօրենների՝ քննարկելու արտադպրոցական կրթության կազմակերպման հետ կապված հարցեր:

Աշխատանքային քննարկման օրակարգում ընդգրկված էին արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական, ինչպես նաև վարչական աշխատողների դասավանդման շաբաթական ծանրաբեռնվածության հարցերը:
Նախարարի տեղակալը, ողջունելով ներկաներին, ընդգծել է՝ Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ կրթության կազմակերպման ընդհանուր գործընթացում առանձնահատուկ կարևորվում է արտադպրոցական կրթության որակի բարձրացումը: Այս համատեքստում նա ընդգծել է արտադպրոցական կրթական ծրագրերի համաչափ ինտեգրումը հանրակրթական դպրոցների կրթական ծրագրերի հետ:

Արտադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատաժա­մանակի տևողությունը սահմանվել է շաբաթական 20 ժամ՝ մանկավարժական աշխատանքի 1 դրույքաչափի համար՝ բացառությամբ մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների։ Մինչ այդ գործող կարգավորմամբ՝ արտադպրոցական հաստատություններում մանկավարժների դրույքը շաբաթական 24 ժամ էր սահմանված:
Քննարկման ընթացքում նշվել է, որ տվյալ փոփոխությունը մի շարք ուսումնական հաստատություններում խնդիրներ է հարուցել. առաջացել է լրացուցիչ մասնագետներ ներգրավելու անհրաժեշտություն: Բացի այդ՝ քանի որ ուսումնական հաստատությունները համայնքային ենթակայությամբ են գործում, համայնքային բյուջեներում հավելյալ ծախսերի անհրաժեշտություն է առաջացել: Հիմնական խնդիրն այն է, որ արդեն իսկ պլանավորված են համայնքների բյուջեները, և տարվա կեսից բյուջեում փոփոխություն անելը խնդրահարույց է:

«Ահազանգեր ստացանք նաև, որ անհատական կամ խմբային պարապմունքների կազմակերպումն ունի որոշակի առանձնահատկություններ, հետևաբար դրույքաչափ սահմանելիս պետք է նաև առանձնահատկությունները դիտարկենք: Դրույքաչափերի հստակ ձևավորման գործընթացում շատ ենք կարևորում ձեր կարծիքը: Ցանկանում ենք վեր հանել այն բոլոր խնդիրները, որոնց բախվում եք ձեր աշխատանքային գործունեության ընթացքում: Մեզ համար առաջնային է հետևյալ սկզբունքը՝ անկախ կառույցի ենթակայությունից՝ պետք է վստահ լինենք, որ մեր բոլոր մանկավարժները նույն ծանրաբեռնվածությամբ աշխատելու դեպքում հնարավորինս համահավասար են վարձատրվում: Կարևորելով արտադպրոցական կրթության զարգացումը՝ մտադիր ենք այնպես անել, որ արտադպրոցական կրթության շրջանակում երեխաների հաջողությունները ֆորմալ կրթության շրջանակում ևս հաշվի առնվեն: Ակնկալում ենք ձեր աջակցությունն արտադպրոցական կրթության կազմակերպման լավարկման գործընթացում»,- դիմելով ներկաներին՝ ասել է Արաքսիա Սվաջյանը:
Նախարարի տեղակալը նաև հայտնել է, որ արտադպրոցական կրթության մասնագետների կամավոր ատեստավորման արդյունքներով մանկավարժները, որոնք ապրիլի վերջին անցել են ատեստավորումն ու դեռևս լրավճար չեն ստանում, գումարները կստանան հետհաշվարկի սկզբունքով՝ այն օրվանից, երբ հաղթահարել են կամավոր ատեստավորումը: Որոշումն առաջիկայում կներկայացվի Կառավարության հաստատմանը: Լրավճարների տրամադրումն ապահովվելու է պետական բյուջեի միջոցներից:

Պատասխանելով արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման շարունակականության մասին հարցին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ գործընթացը որոշակի փոփոխություններ կկրի՝ հաշվի առնելով այս տարվա փորձը և մասնագետների ներկայացրած դիտարկումները:

«Ընդլայնվելու է մասնագիտությունների ցանկը, ու շատ ավելի մեծ թվով մասնագետների ենք հնարավորություն ընձեռելու մասնակցելու կամավոր ատեստավորմանը»,- եզրափակել է Արաքսիա Սվաջյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև արտադպրոցական կրթության մասին օրենք ունենալու անհրաժեշտությունը՝ համահարթեցման ու հավասարեցման գործընթացն ավելի սահուն կազմակերպելու և վերահսկողություն իրականացնելու համատեքստում:
«Ակնհայտ է, որ ունենք այդ օրենքի կարիքը, բայց դրա մշակումն ու ընդունումը ժամանակ կպահանջեն, իսկ մենք ունենք խնդիրներ, որոնք այս պահին պետք է լուծվեն: Այդ իսկ պատճառով «Կրթության մասին» օրենքում նախորդ տարի մի շարք փոփոխություններ են իրականացվել մեր նախաձեռնությամբ, որոնք վերաբերել են արտադպրոցական կրթության ոլորտի կանոնակարգմանը»,- ընդգծել է Արաքսիա Սվաջյանը:

Աշխատանքային քննարկման մասնակիցները նախարարի տեղակալի հետ հանդիպմանը բարձրացրել են իրենց հուզող մի շարք հարցեր:
Արտադպրոցական կրթության կազմակերպման վերաբերյալ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումները կկրեն շարունակական բնույթ: