Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շախմատի Հայաստանի հավաքականները վստահ ելույթներ են ունենում Եվրոպայի թիմային առաջնությունում

Շախմատի Հայաստանի հավաքականները վստահ ելույթներ են ունենում Եվրոպայի թիմային առաջնությունում
Սպորտ
23:03, 15 ноябрь 2021
Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հաջող ելույթներ են ունենում Սլովենիայում ընթացող Եվրոպայի թիմային առաջնությունում: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, կայացել են 3-րդ տուրի պարտիաները: Հայաստանի տղամարդկանց ընտրանին 3-րդ տուրում մրցել է Իսրայելի հետ և 2,5:1,5 հաշվով հաղթանակ տարել:

Առաջնությունում իր երրորդ հաղթանակն է տոնել հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը՝ առավելության հասնելով Տամիր Նաբաթի նկատմամբ: Ոչ-ոքիներ են գրանցել Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը:

Նշենք՝ մեկնարկային տուրում տղամարդկանց հավաքականը 3,5։0,5 հաշվով առավելության էր հասել Բելգիայի թիմի նկատմամբ, իսկ երկրորդ տուրում ոչ-ոքի՝ 2-2 հաշիվն էր գրանցվել նորվեգացիների դեմ պայքարում: Երրորդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 6 միավոր ունի իր ակտիվում ու ընթանում է 6-րդ տեղում:

Կանանց ընտրանին էլ երրորդ հաղթանակն է տարել՝ 2:1 հաշվով առավելության հասնելով Լեհաստանի նկատմամբ: Հավաքականի կազմում իր պարտիան հաղթանակով է ավարտել Էլինա Դանիելյանը՝ հաղթելով Յոլանտա Զավադսկային, Լիլիթ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը կեսական միավոր են վաստակել, իսկ Աննա Սարգսյանը պարտվել է:

Կանանց Հայաստանի հավաքականն առաջին տուրում մրցել էր խորվաթների դեմ և հաղթանակ տարել 2,5։1,5 հաշվով, իսկ երկրորդ տուրում 3-1 հաշվով հաղթել էր Բելգիայի թիմին: Կանանց ընտրանին իր ակտիվում ունի 8,5 միավոր և մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր՝ նոյեմբերի 15-ին, կկայանան չորրորդ տուրի պարտիաները։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի գերմանացիների հետ, իսկ կանանց ընտրանին ուժերը կչափի Իտալիայի թիմի հետ: Եվրոպայի թիմային առաջնությունում ընդհանուր առմամբ կանցկացվի 9 տուր՝ մինչև նոյեմբերի 21-ը։