Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելը Գազայում կստեղծի իր սեփական վարչակազմը. Պաղեստինի վարչապետ

Իսրայելը Գազայում կստեղծի իր սեփական վարչակազմը. Պաղեստինի վարչապետ
Աշխարհ
21:32, 04 январь 2024
Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Շտայեն կարծում է, որ Իսրայելը պատրաստվում է Գազայում ստեղծել իր քաղաքացիական վարչակազմը, այն կգործի Իսրայելի պաշտպանության բանակի ներքո. Ria.ru-ի փոխանցմամբ ասել է  Շտայեն՝ բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում:

«Չեմ կարծում, որ Իսրայելը շուտով կհեռանա Գազայից: Կարծում եմ, որ Իսրայելը պատրաստվում է ստեղծել իր քաղաքացիական վարչակազմը, որը կգործի իսրայելական օկուպացիոն բանակի ներքո», - ասել է Շտայեն։

Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Նշվում է, որ ավելի քան 3 հազար հրթիռ է արձակվել: 
 
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ՝ ՑԱԽԱԼ-ը, հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։

Նոյեմբերի 22-ին կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։

Դեկտեմբերի 1-ի առավոտյան ՑԱԽԱԼ-ը հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա։ Իսրայելցի զինվորականները վերսկսեցին ռազմական գործողությունները:

Նշվում է, որ հոկտեմբերի 7–ից ի վեր Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 22 400 մարդ։

Անահիտ Խաչատրյան