Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչո՞ւ է իտալական Պատրիկան փորձում իր դատարկ տները վաճառել 1 եվրոյով

Ինչո՞ւ է իտալական Պատրիկան փորձում իր դատարկ տները վաճառել 1 եվրոյով
Աշխարհ
18:39, 25 март 2024
Իտալիայի մեկ եվրո արժողությամբ տների վաճառքը մեծ հետաքրքրություն է առաջացրել վերջին տարիներին, քանի որ տասնյակ մարդիկ նախընտրել են ձեռք բերել լքված տները ամայացած քաղաքներում:

Այդ թվում է նաև Պատրիկան՝ միջնադարյան գյուղ (Հռոմից հարավ), որտեղ հազիվ 3000 բնակիչ կա: 1900-ականների սկզբին այնտեղ ավելի քան 40 փտած տուն է եղել։ Պատրիկան տեղակայված է ժայռոտ սարահարթի վրա, բայց այստեղ կյանքը հեշտ չէր: Շատերը հեռացան` դատարկ թողնելով իրենց տները: 

Փորձելով շունչ հաղորդել մահացող գյուղին, քաղաքապետ Լուչիո Ֆիորդալիսոն փորձում է կրկնել իտալական մյուս գյուղերի հաջողությունը՝ դատարկ տները վաճառքի հանելով մեկ եվրոյով կամ մի փոքր ավել, սակայն բավարար հաջողություններ չունի:

«Մենք նախ քարտեզագրեցինք բոլոր տները և կոչ արեցինք սեփականատերերին՝ հանձնել իրենց գույքը, բայց մեզ հաջողվեց ընդամենը երկու տուն վաճառել մեկ եվրոյով», - ասում է Ֆիորդալիսոն CNN-ին:

Թեև բնական աղետների հետևանքով թերբնակեցված քաղաքների տեղական իշխանությունները իրավասու են վաճառքի հանել լքված տները՝ առանց սեփականատերերի թույլտվության, սա Պատրիկայի դեպքը չէ․ «Մեզ առաջին հերթին անհրաժեշտ են սեփականատերերը կամ նրանց ժառանգները՝ իրենց տները տնօրինելու համար», - ասում է Ֆիորդալիսոն:

«Միայն այդ դեպքում մենք կարող ենք վաճառքի հանել այդ գույքը նրանց համաձայնությամբ, ինչը շատ բարդացնում է գործընթացը: Գրեթե անհնար է»։

Ֆիորդալիսոն պատմում է, որ քաղաքը «դրական պատասխան» է ստացել 10 սեփականատերերից, երբ ուղարկել է կոչ՝ նրանց ներգրավելու մեկ եվրո տների նախագծում, բայց նրանք վերջին պահին հետ են կանգնել:

Նրանք, ովքեր որոշում են սկսել առևտրային գործունեություն այդ հնագույն թաղամասում, 10 տարով ազատվում են թափոնների հեռացման, գովազդի և հանրային տարածքի օգտագործման համար հարկերից և տրամադրվում են հարկային արտոնություններ՝ վերակառուցման ծախսերի համար:

Այս արտոնություններից օգտվեց տեղի բնակչուհի Ալեսանդրա Պաղյարոսին և իր ամուսնու ժառանգած 1950-ականների առանձնատունը վերածեց էլեգանտ B&B (Bed and breakfast)-ի, որը կոչվում է Patricia:

«Մենք փոխեցինք տանիքը, որը գործնականում այլևս չկար, և ինտերիերը: Քաղաքապետի առաջարկը մեզ լավ պատրվակ էր ամբողջությամբ վերանորոգելու այն գույքը, որն այստեղ անօգուտ տեղակայված էր», - ասում է Պաղյարոսին, որը օգտվում է քաղաքապետարանի կողմից տեղական տնտեսությունը աշխուժացնելու նպատակով ներդրված հարկային նոր արտոնություններից:

«Փոքր B&B-ի համար դա կկազմի տարեկան մոտավորապես 1200 եվրո հարկային խնայողություն, ինչը զգալի գումար է», - ասում է Պաղլյարոսին:

Օտարերկրացիները, ովքեր պատրաստվում են տեղափոխվել Պատրիկա և փոքր բիզնես սկսել, նույնպես իրավունք ունեն օգտվելու հարկային արտոնություններից: