Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն արձագանքում են Պուտինի սպառնալից հայտարարությանը

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն արձագանքում են Պուտինի սպառնալից հայտարարությանը
Աշխարհ
10:56, 28 февраль 2022
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին հայտարարել է, որ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանի միջուկային զսպման միջոցները բարձր զգոնության բերելու մասին որոշումը «գոյություն չունեցող սպառնալիքներ ստեղծելու» շարունակությունն է:

«Նա ստեղծում է գոյություն չունեցող սպառնալիքներ՝ հետագա ագրեսիան արդարացնելու համար», - ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքին ABC հեռուստաընկերության եթերում։

Ռուսաստանի նախագահը կիրակի օրը ռազմական ուժերի պատասխանատուներին հանձնարարել է ռուսական ռազմավարական զսպման ուժերը, որոնց թվում են նաև ռազմավարական միջուկային ուժերը, ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը, բերել մարտական հատուկ ռեժիմի։

Ռուսաստանի նախագահի որոշմանը արձագանքել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ CNN հեռուստաընկերության հետ զրույցում արևմտյան ռազմական դաշինքի ղեկավարը Պուտինի հայտարարությունները որակել է «վտանգավոր հռետորաբանություն» ու անպատասխանատու պահվածք ռուսաստանցի առաջնորդի կողմից։

Վլադիմիր Պուտինն իր որոշումը բացատրել է «Ռուսաստանի հասցեին Արևմուտքի ղեկավարների ագրեսիվ հայտարարություններով»։

Աղբյուր՝ azatutyun.am