Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսները զրկվելու են ԵՄ տարածքում զբոսաշրջիկ լինելու արտոնությունից. եվրահանձնակատար

Ռուսները զրկվելու են ԵՄ տարածքում զբոսաշրջիկ լինելու արտոնությունից. եվրահանձնակատար
Աշխարհ
15:45, 09 сентябрь 2022
Եվրամիությունը ռուսաստանցիների համար սահմանում է զբոսաշրջային վիզաների խիստ սահմանափակումներ, հայտարարել է ներքին գործերի հարցերով եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը։ Նրա խոսքով՝ երկուշաբթի օրվանից ռուսների համար վիզաները հասանելի կլինեն միայն հումանիտար պատճառներով, ընտանեկան հանգամանքներով և լրագրողների համար։

«Ռուսներին վստահելու հիմք այլևս չկա»,- ասել է նա: 

Վիզային ռեժիմը խստացնելու ծրագրերի մասին նա հայտարարել է Ռուսաստանի հետ սահմանային անցակետ կատարած այցի ժամանակ։

Յոհանսոնի խոսքով՝ ինքն անձամբ է նման նախաձեռնությամբ հանդես եկել, և ԵՄ խորհուրդն այն պետք է ընդունի այսօր։

«ԵՄ տարածքում զբոսաշրջիկ լինելու հնարավորությունը արտոնություն է։ Եվ մենք այլևս չենք ուզում այս արտոնությունը տալ ռուսներին»,- հավելել է նա։ 

Յոհանսոնի կողմից հնչեցված սահմանափակումները նման են այն սահմանափակումներին, որոնք նախկինում ռուսների համար սահմանել էր Լատվիան։ Սեպտեմբերի 7-ին շենգենյան վիզա ունեցող ռուսաստանցիների մուտքի սահմանափակումներ մտցնելու մասին՝ անկախ նրանից, թե որ երկիրն է վիզա տվել, բացի Լատվիայից, հայտարարել են Լիտվան և Էստոնիան։