Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևը ո՛չ Նապոլեոն Բոնապարտն է, ո՛չ Ալեքսանդր Մեծը. ԼՂ-ում էթնիկ զտումը չմարսած՝ նա չի կարող նոր պատերազմ սկսել ՀՀ-ի դեմ, չունի ուժային կենտրոնների կոնսենսուսը

Ալիևը ո՛չ Նապոլեոն Բոնապարտն է, ո՛չ Ալեքսանդր Մեծը. ԼՂ-ում էթնիկ զտումը չմարսած՝ նա չի կարող նոր պատերազմ սկսել ՀՀ-ի դեմ, չունի ուժային կենտրոնների կոնսենսուսը
Տարածաշրջան
20:00, 15 февраль 2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստի ընթացքում արձանագրեց Ադրբեջանի ապակառուցողական վարքագիծը։ Վարչապետը նշեց, որ Ադրբեջանի կողմից սահմանազատման առաջարկվող տարբերակներից հրաժարվելու համար կարող է լինել մեկ պատճառ, օրինակ՝ ռազմական գործողություններ սկսելը սահմանի որոշ հատվածներում՝ հետագայում ռազմական էսկալացիան Հայաստանի Հանրապետության դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով։  

«Ադրբեջանի նպատակները շարունակում են մնալը նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,- ասել է Փաշինյանը։ 

Արդյոք այսպիսով վարչապետը նոր պատերազմի անո՞նս արեց՝ ակնարկելով, որ Ադրբեջանը մոտ ժամանակներս կարող է լայնածավալ հարձակում սկսել Հայաստանի դեմ։

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն այդպես չի կարծում։ Սա, ըստ նրա, ինդիկատոր էր, որ ՀՀ ղեկավարությունը վերջապես հասկացել է, որ այսօրվա Ադրբեջանի հետ, որն ամբողջությամբ «մտել է պուտինյան Ռուսաստանի տակ»,  խաղաղության պայմանագիր կնքելու հույսեր ունենալն անհնար է։ 

Ռոբերտ Ղևոնդյանը ևս չի կարծում, որ վարչապետը հնարավոր պատերազմի անոնս էր անում։ «Այսպիսով, Հայաստանը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ կառուցողական դիրքավորում ունի հիմնական հարցերի վերաբերյալ, և Հայաստանի վարչապետը փորձում է ցույց տալ Ադրբեջանի իրական մտադրությունները, որոնցից որոշների մասին, իհարկե, բազմիցս բարձրաձայնել ենք, բայց այս պահին արդեն վարչապետն էլ է խոսում դրանց մասին»,- ասաց Ղևոնդյանը։
Ըստ նրա՝ սա, առաջին հերթին, ուղղված էր միջազգային հանրությանը և ևս մեկ անգամ ընդգծում էր, որ  Հայաստանը Ադրբեջանի հետ հարաբերությունների կառուցողական կողմն է, ու այն խնդիրները, որոնք առաջանում են, առաջանում են Ադրբեջանի պատճառով։ 

Արդյոք Ադրբեջանը կգնա՞ լայնածավալ պատերազմի ճանապարհով։ Ըստ Դավիթ Ստեփանյանի՝ սա վարչապետի կողմից քաղաքական գնահատական է՝ ավելի շատ դիվանագիտական քայլ, և քաղաքագետի կարծիքով՝ ճիշտ է այդպիսի մոտեցումները տարածել՝ առաջին հերթին արտաքին խաղացողների համար. «Բայց չեմ կարծում, որ Ադրբեջանը հիմա ցանկանում է ունենալ մեծ էսկալացիա Հայաստանի  հետ։ Ոչ թե այն պատճառով, որ նա խաղաղասեր երկիր է, այլ ուղղակի Ալիևը գիտի, որ այս պահին չի մարսի դա»։
Ալիևին, ըստ Ստեփանյանի, զսպում են հնարավոր հետևանքները, քանի որ, քաղաքագետի կարծիքով, Ալիևը դեռ չի մարսել Լեռնային Ղարաբաղում կատարած էթնիկ զտումը։

«Ալիևը կատարել է շատ լուրջ հանցագործություն։ Եվ նա ինչո՞ւ չի բանակցում Արևմուտքի հետ՝ որովհետև գիտի, և նրան ասվել է, որ բանակցությունների ընթացքում այս հարցը ևս բարձրաձայնվելու է։ Ալիևը իրեն շատ կոմֆորտ է զգում Ռուսաստանի հետ։ Դրա համար նա ընդունեց Խովաևին, բայց չի ընդունում Բոնոյին, Կոլոմինային կամ Եվրամիության ներկայացուցչին։ Ալիևը գնում է այնտեղ, որտեղ նրան կոմֆորտ է։ Ալիևը դեռ չի մարսել էթնիկ զտումը, իսկ չմարսած մեկը՝ չի կարող երկրորդը սկսել։ Իսկ Ալիևը ո՛չ Նապոլեոն Բոնապարտն է, ո՛չ Ալեքսանդր Մեծը, որ բոլորի կարծիքի վրա թքած ունենա»,- եզրափակեց Ստեփանյանը։  

Ռոբերտ Ղևոնդյանը ևս կարծում է, որ Ադրբեջանը այս պահին լայնածավալ պատերազմ չի սկսի։ Էսկալացիաներ, սակայն, ըստ նրա, կարող են լինել։

Ղևոնդյանի կարծիքով՝ Ադրբեջանը չի կարող ստանալ հիմնական ուժային կենտրոնների համաձայնությունը՝ պատերազմ սկսելու համար, սակայն կարող է փոքր սադրանքների միջոցով ավելի լայնածավալ գործողությունների պատրանք ստեղծել, իսկ սրա համար բոլոր ուժային կենտրոնների համաձայնության կարիք չկա։ 

«Առայժմ հասկանալի չէ, թե դրա միջոցով Ադրբեջանը ինչ կցանկանա անել։ Մեկ նպատակ կա, որի համար սադրանքներ կարող են լինել՝ Հայաստանի նկատմամբ ճնշումն ուժեղացնել և դրա միջոցով Հայաստանին ստիպել, որպեսզի Հայաստանը գնա զիջումների, բայց, ակնհայտ է, վարչապետի ելույթից էլ կարելի հասկանալ, որ Հայաստանը իր հնարավոր բոլոր զիջումներն արել է ու հավելյալ զիջումների ոչ ցանկություն, ոչ հնարավորություն այլևս չունի»,- ասաց Ղևոնդյանը։
 
Վովա Հակոբյան