Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը նամակ է ուղարկել Google-ին՝ Արցախում տեղանունների հայերեն տարբերակները փոխելու պահանջով

Ադրբեջանը նամակ է ուղարկել Google-ին՝ Արցախում տեղանունների հայերեն տարբերակները փոխելու պահանջով
Տարածաշրջան
12:42, 23 декабрь 2021
Ադրբեջանի ուշադրության կենտրոնում է այն փաստը, որ Google Maps ծառայության աշխարհագրական քարտեզներում, բացի Արցախի գրավյալ շրջանների ադրբեջանական անուններից, նշվում են նաև «աղավաղված տեղանունները» (տեղանունների հայկական անվանումները - խմբ.), գրում է Trend.az-ը։ Այս մասին հինգշաբթի ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան՝ ի պատասխան Trend-ի հարցման, որտեղ նշվում է, որ ադրբեջանական կողմը շարունակում է միջոցներ ձեռնարկել այդ «խեղաթյուրումները» վերացնելու ուղղությամբ։

«Google-ին դիվանագիտական ճանապարհով հարց է ուղղվել, այն մասին, որ Google Maps հավելվածի աշխարհագրական քարտեզների վրա, Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի տարածքների ադրբեջաներեն լեզվով պաշտոնական անվանումների հետ միասին, նշվում են դրանց աղավաղված անունները՝ հայերեն: Հակառակ կողմին ուղարկվել է Ադրբեջանի համապատասխան տարածքների պաշտոնական աշխարհագրական անվանումների ցուցակը»,-  հայտնել է Աբդուլլաևա:

Նա հիշեցրել է, որ 2021 թվականի մայիսին ՄԱԿ-ի աշխարհագրական անունների փորձագետների խմբի տարեկան նստաշրջանում Ադրբեջանի ԱԳՆ-ն ներկայացրել է ազգային զեկույցը, որը պատրաստվել է բնապահպանության և բնական պաշարների նախարարության հետ համատեղ։ Զեկույցը պարունակում էր ադրբեջաներեն, անգլերեն և ռուսերեն 4589 բնակավայրերի պաշտոնապես հաստատված և ստանդարտացված անունների ցանկ, ինչպես նաև 125 աշխարհագրական օբյեկտների անուններ, որոնք գտնվում են հայ-ադրբեջանական հակամարտությունից տուժած տարածքներում։ 

«Ինչ վերաբերում է Google Maps հարթակին, ապա նշեմ, որ այն գործում է օգտատերերի անհատական խնդրանքների հիման վրա։ Այս տեսանկյունից չափազանց կարևոր են քաղաքացիների գրավոր կոչերը՝ ընկերությանը և հասարակական կազմակերպություններին։ Ներկայումս այս հարցը գտնվում է ուշադրության կենտրոնում, և միջոցներ են ձեռնարկվում խեղաթյուրումները վերացնելու համար»,- ասել է Աբդուլլաևան։